Ռուսաստանի ռեստորաններում վճարային նոր գործիք է ներդրվում

08.02.2022 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Tapper #Foundarium #Վախթանգ Տուժբա
Սննդի հաստատություններից շատերը պատվերի համար վճարելու կամ թեյավճար թողնելու հարմար եղանակներ չունեն: Նաեւ ռեստորանի կամ սրճարանի յուրաքանչյուր այցելու սպասում է իր հաշիվն ու վճարային տերմինալը միջինում 5-10 րոպե։ Արդյունքում սեղանների շրջանառությունը չի ավելանում, իսկ մատուցողներն ավելի քիչ են վաստակում, քան կարող էին։

Այս խնդրի վրա ուշադրություն է դարձրել ռուսաստանյան Foundarium ստարտափ ստուդիան եւ մշակել է Tapper ծառայությունը, որը թույլ է տալիս հյուրերին հաշիվը վճարել մեկ հպումով, թեյավճար թողնել QR կոդով, բաժանել վճարումը ցանկացած թվով հյուրերի միջեւ, ինչպես նաեւ ուղարկել վճարման հղումն այլ անձի՝ հաշիվը վճարելու համար:

Rusbase-ի փոխանցմամբ՝ ծառայությունը գործարկվել է հունվարի 24-ին մոսկովյան սրճարաններից մեկում։ Արդեն հինգերորդ օրը բոլոր վճարումների 63%-ը սկսեց անցնել ծառայության միջոցով: Մատուցողների թեյավճարներն աճեցին 80%-ով, իսկ սպասարկման արագությունը՝ ավելի քան 42%-ով, քանի որ մատուցողները սկսեցին 5-7 րոպե պակաս ծախսել յուրաքանչյուր այցելուի վրա: Այս տարի ընկերությունը մտադրված է համագործակցություն հաստատել 3000 սրճարանների եւ ռեստորանների հետ ամբողջ Ռուսաստանում։ Նախատեսվում է ավելացնել եւս մի գործիք, որը կօգնի սրճարաններին եւ ռեստորաններին զարգացնել իրենց սեփական առաքումը, որպեսզի ավելի քիչ կախված լինեն ագրեգատորներից։

Ծառայությունից օգտվելու համար այցելուն պետք է սքանավորի QR կոդը, որից հետո անմիջապես տեսնում է իր պատվերը եւ ընդհանուր գումարը, նշում է՝ որքան պետք է թեյավճար ավելացնել, եւ ամեն ինչի համար վճարում է մեկ հպումով՝ օգտագործելով Apple Pay-ը, Google Pay-ը կամ պարզապես քարտը ու վերջում թողնում է իր կարծիքը հաստատության մասին։ Որեւէ տեղ գրանցվելու կամ հավելված ներբեռնելու կարիք չկա:

Ծառայությունը գործարկելու եւ զարգացնելու համար Foundarium-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վախթանգ Տուժբան 2021 թվականի ամռանը  $5 միլիոնի ֆինանսավորում էր ներգրավել: Դա հնարավորություն է տվել ընդամենը վեց ամսում հավաքել ուժեղ թիմ, հաղթահարել տեխնիկական խոչընդոտները եւ փորձարկել հիմնական գործառույթները։ Ներկայումս ծառայության աշխատանքն ամբողջությամբ կարգավորված է եւ ընթանում է սրճարաններին ու ռեստորաններին միանալու գործընթացը։

Վճարելուց հետո հաշիվը փակվում է ավտոմատ կերպով՝ առանց մատուցողի մասնակցության։ Միաժամանակ, պատվերի գումարն ակնթարթորեն մուտքագրվում է ռեստորանի հաշվին, իսկ թեյավճարը փոխանցվում է մատուցողին: Բացի այդ, ծառայության օգնությամբ հնարավոր է.

- կանչել մատուցողին եւ ուղարկել մեկնաբանություն,
- վճարելուց հետո կարծիք թողնել ղեկավարությանը,
- ուսումնասիրել ճաշացանկը եւ պատվիրել,
- դեպոզիտով սեղան պատվիրել:

Սրճարանների եւ ռեստորանների մեծ մասի համար ծառայությանը միանալն ու դրանից օգտվելը փաստացի անվճար կլինի, քանի որ միջնորդավճարը չի գերազանցում հասարակ էքվայրինգի համար տոկոսը: Tapper-ն առաջարկում է նաեւ ճկուն պայմաններ ռեստորանների եւ սրճարանների ցանցերի համար՝ կախված միացման եղանակից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 27119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW