Մոսկվայի մետրոյում մեկնարկում է Face Pay տեխնոլոգիայի փորձարկումը ուղեւորների մասնակցությամբ, հաղորդում է Banki.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայի տրանսպորտի եւ ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մենք սկսում ենք Face Pay նախագծի փորձարկման ամենակարեւոր փուլը՝ ուղեւորների մասնակցությամբ: Մետրոյի աշխատակիցներն արդեն օգտվում են այս ծառայությունից եւ կատարել են ավելի քան 1 միլիոն հաջողված անցում դեպի կայարաններ: Այնուհետեւ մենք աստիճանաբար՝ գծից գիծ կփորձարկենք այս տեխնոլոգիան, առաջինը կլինի Ֆիլեւսկայա գիծը»,- մեկնաբանել է Մոսկվայի տրանսպորտի հարցերով փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:Առաջին փուլում ծառայության փորձարկմանը կներգրավվի 1000 ուղեւոր: «Աստիճանաբար փորձարկմանը կմիացնենք բոլոր գծերը եւ կավելացնենք թիրախային խումբը, ու մինչեւ տարեվերջ ծառայությունը հասանելի կլինի բոլոր կայարաններում, ինչպես եւ խոստացել էինք»,- ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ ուղեվարձի վճարման եղանակների քանակով Մոսկվայի մետրոն առաջատար է, եւ բոլոր այդ վճարային գործիքները կշարունակեն գործել: Face Pay-ն ուղեւորների համար կդառնա եւս մեկ հարմար, բայց ոչ պարտադիր ծառայություն: «Մենք վստահ ենք, որ այս եղանակը կընտրեն տասնյակ հազարավոր մոսկվացիներ, ովքեր հետեւում են զարգացման նոր միտումներին եւ սիրում են ժամանակակից տեխնոլոգիաները»,- ընդգծել են գերատեսչության մամուլի ծառայությունում:Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Մաքսիմ Լիկսուտովը հայտնել էր, որ համակարգը փորձարկվում է արդեն մի քանի ամիս:«Մասնակցում են մեր աշխատակիցներն ու ծառայության գործընկերները, որոնք դարձել են թեստային թիրախային խմբերի մասնակիցներ: Նրանք թողել են իրենց կենսաչափական տվյալները, կցել բանկային քարտը եւ տուրնիկետով անցնելիս գումարը գանձվում է քարտից: Ահա, թե ինչպես է այս ամենը տեղի ունենում։ Դուք կանգ եք առնում աջ կողմում գտնվող տուրնիկետի մոտ, համակարգը ձեզ ճանաչում է, մեկուկես վայրկյանում ձեր բանկային քարտից գումար է գանձում, եւ դուք անցնում եք առանց որեւէ բանի դիպչելու, առանց ձեր հեռախոսը, քարտը կամ որեւէ բան հանելու:Մենք ցանկանում ենք, որ Մոսկվան դառնա աշխարհում առաջիններից մեկը, որը վճարումների համար կգործարկի դեմքի ճանաչման համակարգը նման զանգվածային ռեժիմում»,- նշել էր նա:Իսկ Bloomberg-ին տված հարցազրույցում Լիկսուտովն ասել էր, որ բոլոր անձնական տվյալները պահվում են բանկերի մոտ: «Մենք ստանում ենք միայն էլեկտրոնային ծածկագիրը, ինչպես վարկային քարտի դեպքում»,- նշել էր նա՝ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատում են կենսաչափությամբ զբաղվող բոլոր խոշոր բանկերի հետ:Ծրագիրը կկարողանա ճանաչել դեմքը նույնիսկ դիմակով՝ հաջողված ճանաչումների մասնաբաժինը կազմում է ավելի քան 70%: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4974