Վերջին երկու տարում՝ 2019թ. առաջին եռամսյակից մինչեւ 2021թ. առաջին եռամսյակ, ֆինանսական հավելվածների ներբեռնումների թիվն աճել է 132%-ով:Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում աշխարհում ֆինտեխ հավելվածները տեղադրվել են 4,7 միլիարդ անգամ: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս տվյալները բերված են AppsFlyer վերլուծական մարքեթինգային ընկերության զեկույցում ՝ նվիրված ֆինանսական հավելվածների շուկային:«COVID-19 համավարակն էական ազդեցություն է ունեցել ֆինտեխ ծառայությունների աշխարհի վրա` արմատապես փոխակերպելով օգտատերերի փոխգործակցության ձեւը ֆինանսական հաստատությունների հետ եւ վերջինների մոտեցումն աշխատանքին: Բջջային հավելվածները կարեւոր դեր են խաղում ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, հատկապես զարգացող խոշոր շուկաներում, որոնք կենտրոնացած են mobile-first-ի կամ նույնիսկ mobile-only-ի վրա, եւ որտեղ հարյուր միլիոնավոր օգտատերեր բավարար հասանելիություն չունեն բանկային ծառայություններին»,- նշում են զեկույցի հեղինակները:Եթե 2020թ․ առաջին կեսին շատ երկրներում առաջին լոքդաունի ժամանակ աճը դանդաղեց, ապա տարվա երկրորդ կեսին ֆինտեխ հավելվածների ներբեռնումների թիվը կրկին սկսեց աճել: Անցած տարվա առաջին եռամսյակից մինչեւ այս տարվա առաջին եռամսյակ ընկած ժամանակահատվածում ներբեռնումների քանակն աճել է 20%-ով:Անցած տարի եւ այս տարվա սկզբին աճել է ներդրումների համար նախատեսված հավելվածների պահանջարկը. 2020թ. ընթացքում դրանց ներբեռնումների միջին աճը եռամսյակային կտրվածքով կազմել էր 17-18%, իսկ 2021թ. առաջին եռամսյակում աճը հասել է 28,7%-ի:Հատկապես էական էր թվային բանկինգի հավելվածների աճը՝ բացառապես կամ հիմնականում համացանցում գործող ֆինանսական հաստատությունների, որոնք աշխատում են առանց ֆիզիկական գրասենյակների: Անցած տարի դրանց աճը կազմել է 45%, իսկ այս տարվա առաջին եռամսյակում`եւս 24%:Ոչ այնքան զգալի, սակայն կայուն աճում էր ներբեռնումների թիվը ֆինանսական ծառայությունների հատվածում (բջջային փոխանցումների, դրամական վճարումների, բյուջեի կառավարման համար նախատեսված հավելվածները). 2020թ. առաջին եռամսյակից մինչեւ 2021թ. առաջին եռամսյակ ներառյալ ներբեռնումների թիվը եռամսյակում աճել է միջինը 20%-ով: Ավանդական բանկային հավելվածների տեղադրումների թիվն անցած տարվա ընթացքում աճել է 15%-ով, սակայն այս աճը 2021-ի առաջին եռամսյակում արագացել է եւ հասել 22%-ի: Վարկավորման համար նախատեսված հավելվածներն արագ աճ ապահովեցին անցած տարվա սկզբին (առաջին եռամսյակում աճը կազմեց 32%), այնուհետեւ՝ երկրորդ եռամսյակում աճը զգալիորեն դանդաղեց ՝ պայմանավորված COVID-19-ի տարածմամբ եւ լոքդաունների ներդրմամբ:2020թ. չորրորդ եւ 2021թ. առաջին եռամսյակների ընթացքում ներբեռնումների թվով առաջին տեղը զբաղեցրել է Հնդկաստանը, որին հաջորդում են Բրազիլիան, Ինդոնեզիան եւ ԱՄՆ-ը, իսկ Ռուսաստանը եզրափակում է առաջատարների հնգյակը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4315