Չինական 13 տեխնոընկերություններ կզարգացնեն ֆինտեխը որպես առանձին ուղղություն

11.05.2021 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Չինաստան #ֆինտեխ #կարգավորում
Չինաստանի ֆինանսական կարգավորիչները 13 տեխնոլոգիական ընկերություններից պահանջել են ֆինանսական ծառայություններն առանձնացնել առանձին ուղղություններում։

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, կարգավորիչները նոր պահանջները բարձրաձայնել են ապրիլի վերջին ընկերությունների հետ կայացած հանդիպմանը: Դրան մասնակցում էին Չինաստանի Ժողովրդական բանկի, Բանկային գործի ու ապահովագրության կարգավորման հանձնաժողովի, Արժեթղթերի շուկայի կարգավորման հանձնաժողովի եւ Արժութային գլխավոր վարչության ղեկավարները: Բիզնեսի կողմից հանդիպմանը մասնակցել են Tencent-ի, ByteDance-ի, Baidu-ի, JD.Com-ի, Meituan-ի եւ Didi-ի ներկայացուցիչները։

Պեկինը պահանջում է ուժեղացնել վերահսկողությունն առցանց հարթակների նկատմամբ: Ընկերություններն իրենց ֆինանսական ստորաբաժանումները պետք է  առանձնացնեն առանձին հոլդինգային ընկերություններում, որոնցից յուրաքանչյուրը հաշվետու կլինի համապատասխան կարգավորիչ մարմնին:

Ֆինանսական իշխանությունները պահանջում են խզել «ոչ պատշաճ կապերը» տեխնոլոգիական ընկերությունների վճարային ծառայություններ եւ բնակչությանը վարկային ծառայություններ մատուցող սերվիսների միջեւ: Ավելի վաղ կարգավորիչները նման պահանջներ էին ներկայացրել Ջեկ Մայի Ant Group-ին: Փորձագետները նշում են, որ դա կհանգեցնի շահույթի կրճատմանը, քանի որ հարթակը ստիպված կլինի վճարային հավելվածներից հեռացնել վարկային ծառայությունների հղումները:

Ճնշում գործադրելով խոշոր ֆինտեխ ընկերությունների վրա՝ կարգավորիչները խրախուսում են փոքր ընկերություններին, որոնք ավելի մեծ տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում բնակչությանը: Ըստ Financial Times-ի, եթե Ant-ը վարկեր էր առաջարկում 18%-ով, ապա մեկ տասնյակից ավել հարթակներ սահմանել են տարեկան 25-35%: Օրինակ, չինական Jiedai Dawang-ում տարեկան տոկոսադրույքները հասնում էին մինչեւ 36%: Բարձր տոկոսադրույքները մեծացնում են դեֆոլտի հավանականությունը, զգուշացնում է լոնդոնյան TS Lombard խորհրդատվական ընկերության տնտեսագետ Բո Չժուանը:

Ընկերությունները ստիպված կլինեն ավելացնել իրենց կապիտալը` սպառողների պաշտպանության պահանջները բավարարելու համար. այն պետք է ծածկի վարկերի 30%-ը, որոնք բանկերն առաջարկում են հարթակների հետ համատեղ, նշում է Financial Times-ը:

Կարգավորիչները պահանջում են նաեւ վերացնել տեխնոլոգիական ընկերությունների տեղեկատվական մենաշնորհը: Վերջինները ստիպված կլինեն սպառողական վարկերի վերաբերյալ տվյալներ տրամադրել Չինաստանի Ժողովրդական բանկի կողմից վերահսկվող գործակալություններին:

Հանդիպմանը ներկա ընկերությունները կարգավորիչներին վստահեցրել են, որ իրենք «մեծ ուշադրություն են դարձնելու ինքնավերահսկողությանը եւ իրենց սխալները շտկելուն»,- ասված է կարգավորիչների հայտարարության մեջ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 4208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW