Deloitte-ը պատմել է ֆինանսական ծառայությունների ապագայի մասին

16.04.2021 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Deloitte #ֆինանսական ծառայություններ #ապագա
Deloitte-ը հրապարակել է ֆինանսական ծառայությունների ապագայի մասին զեկույց (A higher bottom line. The future of financial services), որում ընկերության փորձագետները նկարագրել են առաջիկա 10 տարում բանկերի եւ ֆինանսական ընկերությունների համար հիմնական մարտահրավերներն ու հեռանկարային տեխնոլոգիաները: Frank Media-ն առանձնացրել է զեկույցի հիմնական դրույթները:

Առաջիկա տասնամյակում հետեւյալ ոլորտները կունենան առանցքային դեր. սոցիալական խնդիրների լուծում, հաճախորդների վստահության բարձրացում, անձնական տվյալների նկատմամբ վերահսկողության ուժեղացում եւ դրանց զգուշավոր օգտագործում, հաճախորդների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն՝ ներառյալ նրանց պահպանելու եւ աճող սպասումները բավարարելու կարողություն, եկամտի նոր աղբյուրների որոնում`ֆինտեխ ընկերությունների եւ թվային հսկաների հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ դաշինքների ստեղծում եւ էկոհամակարգերի զարգացում:

Deloitte-ի կողմից հարցված ԱՄՆ 195 բանկերի եւ ֆինանսական ընկերությունների ղեկավարների երեք քառորդը նշել է, որ համավարակը բացահայտել է ծառայությունների թվայնացման թերությունները: Հարցման մասնակիցները որպես ներդրումների ավելացման հեռանկարային ոլորտներ նշել են ամպային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը եւ տվյալների գաղտնիությունը, ինչպես նաեւ տվյալների վերլուծությունը:

Ֆինանսների ապագան: Տեխնոլոգիական նորարարությունները կտրուկ կփոխեն ֆինանսական ծառայությունների ոլորտը, օրինակ ՝

- Մեքենայական ուսուցումը բանկերին եւ ներդրումային ընկերություններին հնարավորություն կտա տրամադրել հաճախորդներին գերանձնավորված առաջարկներ ծախսելու եւ միջոցներ ներդնելու վերաբերյալ: Սա կօգնի հաճախորդներին բարելավել իրենց երկարաժամկետ ֆինանսական բարեկեցությունը:

- Բլոկչեյն տեխնոլոգիան հաճախորդներին հնարավորություն կտա անխափան եւ վայրկյանական գործարքներ կատարել ավելի անվտանգ եւ թափանցիկ եղանակով՝ ավելի ցածր ծախսերի հաշվին:

- Իրերի ինտերնետի տեխնոլոգիան (IoT) կօգնի ապահովագրողներին եւ ֆինանսական այլ ծառայություններ մատուցողներին հեշտությամբ ինտեգրվել իրենց հաճախորդների կյանքին, ինչպես այսօր դա անում են, օրինակ՝ ֆիթնես ծառայություններ մատուցող ընկերությունները:

- Արհեստական բանականության վրա հիմնված խորհրդատուները եւ նոր ներդրումային հարթակները հասանելի կլինեն այն հաճախորդներին, ովքեր նախկինում չունեին հասանելիություն ներդրումներին:

- 5G ենթակառուցվածքը եւ բջջային կապի ապագա սերունդները հնարավորություն կտան ապահովել օպերատիվ հասանելիություն ֆինանսական ծառայությունների առաջարկներին` տարբեր սարքերի ինտերֆեյսների միջոցով:

Կարգավորում: Հաջորդ տասնամյակի ընթացքում կարգավորումը կշարունակի կարեւոր դեր խաղալ ֆինանսական ծառայությունների ոլորտի ձեւավորման եւ նոր տեխնոլոգիաներ օգտագործելու ունակության գործում: Չնայած կարգավորումը հաճախ կարող է հետ մնալ նորարարություններից եւ հասարակության սպասելիքներից, իշխանությունները գնալով ավելի ընկալունակ են դառնում մրցակցությանը նպաստող ձեռքբերումներին: Նրանք գիտակցում են, որ հաճախորդները պետք է լայն հասանելիություն ունենան ֆինանսական ծառայություններին, միաժամանակ ընկերություններին հորդորում են առաջնահերթ համարել տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը:

Աշխատանք տվյալների հետ: Հասանելիությունը տվյալներին դառնում է ծայրաստիճան կարեւոր ռեսուրս: Բանկերի եւ ֆինանսավորող ընկերությունների՝ հաճախորդների սպասելիքները բավարարող լուծումներ եւ բիզնես մոդելներ ներդնելու ունակությունը կախված կլինի տվյալների հոսքին հասանելիությունից եւ դրանց հետ աշխատելու կարողությունից: Տվյալները դառնում են արժեք ստեղծելու կարեւոր գործոններից մեկը:

ԵՄ կարգավորիչ մարմիններն արդեն առաջարկել են հեշտացնել ընկերություններին միմյանց տվյալներին հասանելիությունը՝ որպես նորարարությունների խթանող միջոց, օրինակ՝ խրախուսել վերամշակող, էներգետիկ, գյուղատնտեսական եւ առողջապահական ընկերություններին «տվյալների միասնական շուկայում» մասնակցելու գործում:

Որքան ավելի արդյունավետ են բանկերն օգտագործում տվյալները, այնքան ավելի շատ առավելություններ կունենան նրանք հաճախորդներ ներգրավելու եւ պահելու հարցում: Մյուս կողմից, որքան շատ տվյալներ է հավաքում ընկերությունը, այնքան մեծ է դրանց վարկաբեկվելու ռիսկը: Մրցունակ մնալու համար ֆինանսական ծառայությունների շուկայի մասնակիցները պետք է վերանայեն տվյալների մշակման առկա ռազմավարություններն ու գործիքները եւ հավասարակշռեն տվյալների փոխանակումը շահագրգիռ կողմերի հետ՝ապահովելով մասնավոր տեղեկատվության նկատմամբ խիստ վերահսկողություն:

Մասնագետների պակաս: ԱՄՆ-ի ֆինանսական ծառայությունների ոլորտը կբախվի տաղանդների ամենամեծ պակասի հետ. Deloitte-ի գնահատականներով՝ այն 1,7 մլն աշխատակիցների պակաս կունենա: Մասնագետների պակասը կդիտվի այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են data science-ը, արհեստական բանականությունը եւ UCD-ն (Used-centered design, օգտատերերին ուղղված դիզայն):

Մարդկային գլխավոր հմտությունները, ինչպիսիք են ստեղծարարությունը, քննադատական մտածելակերպը, համագործակցության ունակությունն ու էմոցիոնալ բանականությունը, որոշիչ նշանակություն կունենան: Այս որակները դժվար է ավտոմատացնել եւ դրանք հաճախորդների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ փոխգործակցության նախապայման են: Ֆինանսական ծառայությունների ոլորտում կհայտնվեն այնպիսի թափուր աշխատատեղեր, որոնք պետք է միավորեն մի քանի գործառույթ:

Deloitte-ի հարցման արդյունքում ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների 72%-ը նշել է իրենց աշխատակիցների հարմարվելու, վերափոխվելու եւ նոր դերեր ստանձնելու ունակությունը` որպես առաջնահերթություն ապագա մարտահրավերները հաղթահարելու համար, իսկ այն հարցվողների թիվը, ովքեր ընդգծել են աշխատակցի դերը վերափոխելու անհրաժեշտությունը, կրկնապատկվել է համավարակից հետո:

Համավարակը փոխել է աշխատանքի կազմակերպման նկատմամբ մոտեցումները. աշխատակիցների տեղափոխումը հեռահար ձեւաչափի շատ բանկեր դարձրել են սովորական երեւույթ:

Էկոհամակարգեր: 2030թ.-ին ֆինանսական շուկան շատ փոփոխական կլինի. անընդհատ փոփոխվող հաճախորդներ եւ նրանց կարիքներ, տվյալների հոսքեր, իրավասությունների փոփոխություն: Նորարարական բիզնես մոդելներն ու էկոհամակարգերը պետք է պատասխանեն այս մարտահրավերներին՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուրներ: Փորձագետները սպասում են համախմբված, «մեկ պատուհանի» սկզբունքով ստեղծված հարթակների ի հայտ գալուն, որոնք կապահովեն առաջարկ եւ հասանելիություն տարբեր ֆինանսական պրոդուկտներին եւ ծառայություններին`սկսած ուսանողական եւ բիզնեսի վարկերից մինչեւ հիփոթեքային վարկեր, ապահովագրություն, կենսաթոշակային ծրագրեր եւ ներդրումային գործիքներ: Այս հարթակները կգործեն որպես «կենտրոնական նյարդային համակարգ», որը համակարգում է տվյալների հոսքը եւ թույլ է տալիս միանալ արտաքին հարթակների սեփականատերերին:

Բանկերն ու ընկերությունները, որոնք արդեն սկսում են էկոհամակարգեր եւ դաշինքներ կառուցել, զգալի առավելություններ կստանան, գտնում են Deloitte-ում:

Google Plex բանկային հաշվի գործարկումը՝ մի քանի բանկերի հետ համագործակցությամբ, միջոլորտային դաշինքի օրինակ է: Այս պրոդուկտը թույլ է տալիս օգտվողներին բացել բանկային հաշիվներ, փոխանցումներ կատարել եւ կառավարել բյուջեներ՝ օգտագործելով Google Pay հավելվածի նոր տարբերակը:

Ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններն այսօր միմյանց նայում են որպես մրցակիցների, այդ իսկ պատճառով «պաշտպանիչ պատեր են կառուցում»: Անհրաժեշտ է էվոլյուցիա եւ համագործակցություն, նշում են Deloitte-ի վերլուծաբանները: Ավելի արդյունավետ մոտեցումը նոր հարաբերությունների ձեւավորման մեջ է․ դրանք հնարավորություն կտան ստեղծել նորարարական, մարդակենտրոն առաջարկներ եւ ծառայություններ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 4390
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW