BCG. Ավանդական բանկերին անհրաժեշտ են համարձակ բիզնես նպատակներ

02.02.2021 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Boston Consulting Group
Կորոնավիրուսի համավարակը երեք-չորս տարով արագացրել է մանրածախ բանկերի թվայնացումը, նշում են Boston Consulting Group-ի (BCG) փորձագետներն իրենց հետազոտությունում: Բայց դա, ըստ նրանց, բավարար չէ, ուստի մանրածախ բանկերը պետք է ամբողջովին վերանայեն իրենց ծախսային կառուցվածքը եւ դառնան 100%-ով թվայնացված:

Frank Media-ն ներկայացնում է The Front-to-Back Digital Retail Bank զեկույցի առավել հետաքրքիր հատվածները։

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամն արդեն լուրջ հարված հասցրեց բանկային համակարգին եւ առաջիկա տարիներին կշարունակի ազդել մանրածախ բանկերի արդյունքների վրա: Անգամ լավատեսական սցենարի դեպքում, ամբողջ աշխարհում մանրածախ բանկերի եկամուտները 2024թ.-ին կաճեն ընդամենը 2,8%-ով եւ կկազմեն $2,59 տրլն` 2019թ․-ի $2,25 տրլն-ի դիմաց: Չափավոր սցենարը ենթադրում է 1% աճ՝ մինչեւ $2,37 տրլն 2024թ․-ին: Իսկ հոռետեսական սցենարով՝ 2024թ․-ին կգրանցվի եկամուտների 1,1% անկում՝ մինչեւ $2,13 տրլն:



Ըստ փորձագետների՝ ամենալուրջ անկումը սպասվում է Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներում: Ամենաշատը կտուժի սպառողական հատվածը, վատ վարկերը նույնպես կզսպեն աճը, իսկ ցածր տոկոսադրույքները կանդրադառնան ինչպես ավանդների ծավալի, այնպես էլ բանկերի եկամուտի վրա: Վերլուծաբանները նշում են, որ էլեկտրոնային առեւտրի դրական ազդեցությունը մասամբ փոխհատուցվում է սպառողական ծախսերի իջեցմամբ, հատկապես թանկարժեք ապրանքների վրա:

Միաժամանակ, համավարակը խթանել է հաճախորդների անցումը ավանդական բանկային կապուղիներից դեպի թվային: BCG-ի փորձագետների գնահատմամբ՝ օնլայն բանկինգի կիրառումը աճել է 23%-ով, իսկ մոբայլ բանկիգինը՝ 30%-ով: Այս միտումը կշարունակվի նաեւ համավարակից հետո: BCG-ն ակնկալում է, որ համավարակի ավարտին մոբայլ բանկինգի կիրառումը կաճի եւս 19%-ով, իսկ հաճախորդների  բանկային մասնաճյուղեր դիմելու թիվը կնվազի 26%-ով: Դա կուժեղացնի  մրցակցությունը ավանդական խաղացողների եւ նեոբանկերի միջեւ, եւ կպահանջի առաջիններից վերանայել մոտեցումը իրենց ծախսերի նկատմամբ:

Արդեն այսօր ամենաարդյունավետ բանկերի գործառնական ծախսերը մոտ 40%-ով ցածր են ավանդական խաղացողներից, եւ դա այն դեպքում, երբ իրենց աշխատակազմը 50%-ով փոքր է: Ավանդական բանկերը մրցակցային անբարենպաստ իրավիճակում կհայտնվեն ավելի շուտ, քան կարծում են, զգուշացնում են փորձագետները:

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս նման բանկերին վերանայել եւ թվայնացնել իրենց պրոդուկտների ստեղծման գործընթացը: Դրան հասնելու համար իրենց անհրաժեշտ են համարձակ բիզնես նպատակներ, հաճախորդների հետ փոխգործակցության վերաիմաստավորում, գործընթացների ավտոմատացում եւ ռիսկերի վերահսկում: Ըստ BCG-ի գնահատականների՝ այս ամենը կնվազեցնի ծախսերը 15-25%-ով, եկամուտները կավելացնի 10-20%-ով, իսկ սպառողների հավատարմության ինդեքսը (NPS)` 20-40 տոկոսային կետով։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15126
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW