ԱՄՆ-ում աճում է մրցակցությունը բանկերի եւ ֆինտեխ ստարտափների միջեւ

06.11.2020 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Varo Money #FDIC
Varo Money ամերիկյան ֆինտեխ ընկերությունը սկսել է հաճախորդներին առաջարկել պետական երաշխավորությամբ բանկային ավանդներ: Financial Times-ն այս փաստը գնահատում է որպես «շրջադարձային պահ» ֆինտեխ ստարտափների եւ դասական բանկերի միջեւ ընթացող մրցակցության ասպարեզում:

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, Varo Money-ը դարձել է ԱՄՆ-ում առաջին ֆինտեխ ընկերությունը, որը հնարավորություն է ստացել իրեն պատկանող Varo Bank-ի միջոցով ընդունել պետության կողմից երաշխավորված ավանդներ: Բանկային ավանդներն ԱՄՆ-ում երաշխավորված են Ավանդների երաշխավորման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից:

Varo-ի գործադիր տնօրեն Կոլին Ուոլշը պատմել է, որ ընկերությունն այս նպատակին հասնելու համար ծախսել է ավելի քան $100 մլն եւ երեք տարի ժամանակ: Նա վստահ է, որ երկարաժամկետ ապագայում այս ներդրումները կարդարացվեն եւ հնարավորություն կտան 2 մլն հաճախորդային հաշիվներ ունեցող ընկերությանն աշխատել 50-100 տարի: «Եթե դուք ցանկանում եք, որ ձեզ պարզապես գնեն, ապա սա արդեն ուրիշ պատմություն է»,- նշել է նա:

Վերջերս մեկ այլ՝ Social Finance ֆինտեխ ստարտափը, Փողերի շրջանառության վերահսկման վարչության (OCC, ԱՄՆ Ֆիննախին կից անկախ բյուրո) կողմից ստացել է պայմանական համաձայնություն SoFi-Bank ստեղծելու համար: Վերջինս պետք է հայտ ներկայացնի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին անդամակցելու եւ FDIC-ից երաշխավորություն ստանալու համար:

Մարտին բանկ ստեղծելու համար պայմանական թույլտվություն էր ստացել Square վճարային ընկերությունը, որը մտադիր է 2021թ. իր բանկը գործարկել Յուտա նահանգում: Ավելի վաղ CNBC-ն հայտնել էր, որ նման մտադրություն ԱՄՆ-ում  ունի նաեւ բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափը:

Նման թույլտվություններ տալու OCC-ի իրավունքը վիճարկում են նահանգները. Նյու Յորքի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտը դատի է տվել OCC-ին:

Ավանդների երաշխավորման համակարգում ֆինտեխ ստարտափների ներառումը հնարավորություն կտա իրենց հավասար իրավունքներով մրցակցել ավանդական բանկերի հետ ԱՄՆ-ի մանրածախ դեպոզիտների շուկայում, որի ծավալը կազմում է շուրջ $16 տրլն: Ներկայումս ֆինտեխ ստարտափները բնակչությունից ավանդ ներգրավելու համար այլ միջոցներ են կիրառում: Օրինակ, Chime ընկերությունը գործընկերային հարաբերություններ է հաստատել FDIC-ի կողմից երաշխավորություն ունեցող Stride Bank-ի հետ:  

Դեպոզիտների շուկա մուտք գործելու ճանապարհին, բացի ադմինիստրատիվ արգելքներից, ֆինտեխ ստարտափները նշում են նաեւ ավանդական բանկերի կողմից ուժեղ լոբբինգը: «Մենք դիտարկում ենք դա որպես հակամրցակցություն»,- նշում է ճապոնական Rakuten ընկերության ամերիկյան ստորաբաժանման գործադիր տնօրեն Լի Կարտերը: Ընկերությունը ընդգծում է, որ բանկային լիցենզիա ստանալու ճանապարհին հանդիպել է բանկային խմբերի հակազդեցությանը:

«Varo Money-ի օրինակը ցուցադրական է, դրան կարող են հետեւել այլ երկրների կարգավորիչներ: Մրցակցությունը ավանդական բանկերի եւ ֆինտեխ ստարտափների միջեւ ուժեղանում է»,- գրում է պարբերականը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 23165
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW