Համաշխարհային ֆինտեխը սկսել է գտնել նոր միջոցներ՝ օգնելու համար հաճախորդներին արագ, հարմար եւ առանց բանկերի ներգրավվածության հասնել իրենց ֆինանսական նպատակներին։ Ինչպես գրում է VC.ru-ն, Digital Horizon ֆոնդը նկատել է, որ աճում է հետաքրքրությունն այնպիսի նախագծերի նկատմամբ, որոնք վերաիմաստավորում են ֆինանսական փոխօգնության ձեւերը։Բանկերը երբեք չեն եղել միակ տեղը, որտեղ մարդիկ հնարավորություն են ունեցել փոխառու միջոցներ ստանալ։ Բարեկամներ, հարեւաններ, վաշխառուներ՝ եւս աշխատող տարբերակներ են, որոնք օգտագործվում են դարերի ընթացքում։ Բայց այսպիսի P2P վարկավորումն ունի իր բացասական կողմերը։ Օրինակ՝ դժվար կլինի խոշոր գումար հավաքել, իսկ պարտքը չմարելու դեպքում հարցականի տակ կդրվեն մարդկանց միջեւ լավ հարաբերությունները։ Այս ասպարեզում միջանկյալ լուծում են դարձել վարկային կոոպերատիվներն ու դրանց ավելի պարզ տարբերակները։ Դրանք լավ ծանոթ են զարգացող երկրների բնակիչներին, սակայն ֆինտեխ ստարտափների շնորհիվ տարածում են գտնում նաեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։Նշված համատեքստում ուսումնասիրենք ROSCA գործիքը։ ROSCA-ն (անգլ.՝ Rotating Savings and Credit Association) երկարատեւ օգտագործման ապրանքների ձեռքբերման համակարգ է, որը հնարավորություն է տալիս իր անդամներին ավելի արագ հասնել իրենց ֆինանսական նպատակներին։ Օրինակ՝ ինչ-որ մեկը ցանկանում է $1000 արժողությամբ մոտոցիկլետ գնել, սակայն կարող է ամսական ընդամենը $100 տնտեսել: Ստացվում է, որ առանց փոխառու միջոցների գնումը կկայանա միայն 10 ամիս հետո։ Սակայն, եթե այդպիսի նպատակ ունի 10 մարդ, ապա, միավորվելով, իրենք հնարավորություն կունենան ավելի արագ հասնել արդյունքի։ Այս շրջանակի բոլոր անդամներն ամեն ամիս $100 կներդնեն եւ յուրաքանչյուր ամիս ինչ-որ մեկը հնարավորություն կունենա մոտոցիկլետ գնել։ Հերթականությունը որոշվում է պատահականության սկզբունքով։ Մասնակիցների թիվը (շրջանակի չափը) կախված է ակնկալվող գումարի չափից. որքան շատ են մասնակիցները, այդքան մեծ գումար կհավաքվի յուրաքանչյուր փուլում։ Երբ ROSCA-ն կազմակերպում են միմյանց լավ ճանաչող մարդիկ (օրինակ՝ նույն համայնքի բնակիչները կամ նույն ձեռնարկության աշխատակիցները), վճարումների հետ կապված խնդիրների հավանականությունը նվազագույնի է հասցվում: Սակայն այս մոդելն ավելի լայն շրջանակ տեղափոխելու դեպքում անհրաժեշտ է դառնում այլ մոտեցում:Տարբերակը, երբ «փոխօգնության դրամարկղը» կառավարվում է արտաքին կազմակերպությունների կողմից եւ իր շարքերն է ընդունում բոլոր նրանց, ովքեր համապատասխանում են որոշակի չափանիշներին, կարելի է անվանել ROSCA 2.0.։ Նման միավորումներ առավել տարածված են Բրազիլիայում, որտեղ դրանց անվանում են կոնսորցիումներ։ Բրազիլական ROSCA-ները կառավարվում են տեղական բանկերի կողմից, որոնք իրենց հաճախորդներին այս լուծումն առաջարկում են որպես վարկային ծառայություն։ Չնայած այն հանգամանքին, որ վարկային ռիսկերը կրում են մասնակիցներն, այնուամենայնիվ ադմինիստրատորները ROSCA-ի անդամների վարկունակության վերլուծություն են անցկացնում։ Եթե հաճախորդի մոտ վատ վարկային պատմություն է կամ նա չունի մշտական եկամուտ, իրեն չեն ընդունի։ ROSCA հայեցակարգն այսօր անցնում է փոխակերպման հաջորդ փուլը եւ ադապտացվում digital միջավայրի պայմաններին։ Այս գաղափարն արդեն օգտագործում են որոշ ֆինտեխ ստարտափներ, որոնք մշակել են նոր՝ երրորդ սերնդի ROSCA մոբայլ հավելվածների հիման վրա։ Այդպիսի ֆինտեխ լուծումների բիզնես մոդելը, որպես կանոն, հիմնված է մոնետիզացիայի երկու սցենարի վրա. - յուրաքանչյուր վճարից միջնորդավճարի գանձում` որպես գործընթացը վարելու համար վճար,- գործընկերներից պարգեւավճարի ստացում. միջոցները միանգամից փոխանցվում են ապրանքը վճարելու համար, օրինակ, ավտոդիլերին կամ հիփոթեքային բանկին՝ շրջանցելով շրջանակի մասնակցի հաշվարկային հաշիվը: Այնուհետեւ ադմինիստրատորը ստանում է միջնորդավճար հաճախորդների ներգրավման համար։ Երրորդ սերնդի ROSCA-ի հաջողված օրինակներից է բրիտանական StepLadder նախագիծը, որն օգնում է կուտակել հիփոթեքի առաջին վճարը։ Ստարտափը կենտրոնանում է այն հաճախորդների վրա, որոնք առաջին անգամ են մտադրված անշարժ գույք գնել, եւ լուծում է լուրջ սոցիալական խնդիր՝ երիտասարդ ընտանիքներին ընձեռելով անշարժ գույքի ձեռքբերման հնարավորություն։ Համապատասխան շրջանակը որոշելու համար StepLadder-ը վերլուծում է օգտատերերի վարկունակությունը՝ օգտվելով open banking-ի գործիքներից եւ ավանդական վարկային բյուրոների տվյալներից։ Երբ շրջանակի մասնակիցները ստանում են առաջին վճարման համար գումարը, ֆինտեխ ընկերությունն այն տրամադրում է գործընկեր բանկին, որն էլ տրամադրում է հիփոթեքը։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի եւ Մերձավոր Արեւելքի շուկաներում աշխատող եգիպտական MoneyFellows ստարտափը հաճախորդներին առաջարկում է ապրանքների ավելի լայն ընտրանի, որը կարելի է ձեռք բերել ROSCA-ի օգնությամբ։ Ընկերության ծառայություններից արդեն օգտվում է ավելի քան 150 000 մարդ։ Վերջերս նախագիծը մի քանի վենչուրային ֆոնդերից $4 մլն է ներգրավել, որը նախատեսում է օգտագործել ծառայության հետագա զարգացման եւ հարեւան երկրներ (այդ թվում աֆրիկյան) մուտք գործելու համար։ROSCA-ի նոր սերունդն այսօր գտնվում է իր զարգացման սկզբնական փուլում եւ ունի բոլոր հնարավորությունները գրավել հաճախորդների ուշադրությունը զարգացած երկրներում։ Մի կողմից, վարկավորման շուկայում անկումը եւ հաստատված վարկերի թվի նվազումը ստիպում է հաճախորդներին փնտրել փոխառու միջոցների ստացման այլընտրանքային տարբերակներ։ Մյուս կողմից էլ, պարտադրված տնտեսումները, ինչպես ROSCA-ի դեպքում է, ավելացնում են մարդու շանսերը ֆինանսական նպատակին հասնելու առումով։ Ուստի, չնայած որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բնակիչները դեռեւս հազիվ թե գիտեն այդ մեխանիզմի մասին, ամեն ինչ կարող է շատ շուտ փոխվել։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 12936