Բանկերի թվային փոխակերպման պարադոքսները

01.09.2020 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Digital Banking Report #թվային փոխակերպում
Թվային փոխակերպումը կարեւոր է ավանդական բանկերի համար, քանի որ իրենք ստիպված են մրցակցել ֆինտեխ ստարտափների եւ խոշոր տեխնոլոգիական խաղացողների հետ։

Ինչպես գրում է Rusbase պորտալը, Digital Banking Report-ի հետազոտությունը վկայում է, որ շուկայի մասնակիցները դա հաշվի են առնում. բանկերի 75%-ն ամբողջ աշխարհում թվային փոխակերպումը նշում է որպես իրենց առաջնային գերակայություն 2020-2021թթ. համար: Դրան են հաջորդում հաճախորդային փորձի բարելավումը (51%) եւ ծախսերի կառավարումը (47%)։

Միաժամանակ, վերլուծաբանները հայտնաբերել են բազմաթիվ պարադոքսներ։ Հատկապես հաճախ դրանք հանդիպում էին պատասխաններում, որոնք վերաբերում էին գերակայություններին, ռազմավարություններին, ներդրումներին եւ կադրերի զարգացմանը։

Գերակայությունները հակասում են միմյանց

Բանկերի գերակայությունները 2020-2021թթ. hամար.

- թվային փոխակերպում՝ 75%,
- հաճախորդային փորձի բարելավում՝ 51%,
- ծախսերի կառավարում՝ 47%,
- ռիսկերի կառավարում՝ 32%,
- աճի խթանում՝ 30%,
- առաջադեմ տեխնոլոգիաների ներդնում՝ 21%,
- նորարարություններ՝ 20%,
- գործարքների որակի բարձրացում՝ 18%,
- մշակույթի զարգացում՝ 8%։

Առաջին հայացքից, առաջին երեք տեղը զբաղեցրած գերակայությունները համապատասխանում են բանկային ոլորտի ապագա կարիքներին։ Սակայն այս վարկանիշում կա նաեւ հակասություն. թվային փոխակերպման հաջողության մեջ գլխավոր դեր խաղացող երեք ուղղությունները քիչ ձայն են ստացել։

Այսպես, առաջադեմ տեխնոլոգիաների ներդնումը գերակա է համարել հարցվածների միայն 21%-ը, նորարարությունները՝ 20%-ը, մշակույթի զարգացումը՝ 8%-ը։ Սակայն առանց ուշադրություն դարձնելու տեխնոլոգիաներին, նորարարություններին եւ մշակույթին բանկային համակարգերը փոխակերպելու փորձերն անիմաստ կլինեն։

Հաջողության պարադոքսը

Չնայած այն հանգամանքին, որ հարցվածների 75%-ը նշել է, որ թվային փոխակերպումն իրենց գլխավոր գերակայությունն է, ակնհայտ է, որ մեծամասնության մոտ դժվարություններ կան դրա ներդրման հետ կապված։

Օրինակ, բանկերի 98%-ը հայտարարել է, որ հաճախորդային փորձի բարելավումը «շատ կարեւոր է», «բավականին կարեւոր է» կամ «չափավոր կարեւոր է», սակայն միայն 31%-ն է «շատ հաջող կամ գերհաջող» կարողացել լուծել այդ խնդիրը։  51%-ն այն լուծել է «ընդհանուր առմամբ հաջող»:

Թվային փոխակերպման մնացած այլ ռազմավարությունների (բացառությամբ ռիսկերի կառավարման բարելավման) հետ կապված վիճակն էլ ավելի վատ էր. բանկերի միայն քառորդ մասն է իրեն հաջողակ համարել թվային փոխակերպման որեւէ հիմնական բաղադրիչում:

Մտահոգիչ է, որ հաջողության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է իր կարեւորությամբ երկրորդ կատեգորիայում՝ տվյալների օգտագործման, վերլուծության եւ արհեստական բանականության բարելավում։ Բանկերի միայն 17%-ն է կարծում, որ «շատ հաջող կամ գերհաջող է» աշխատում տվյալների ու վերլուծության հետ եւ, որպես կանոն, այստեղ ավելի հաջողակ են իրենց համարել խոշոր կազմակերպությունները։ Ավելի մտահոգիչ է, որ բանկերի 43%-ը համոզված է, որ «անհաջող կամ գերանհաջող» է աշխատում տվյալների եւ վերլուծության հետ։

Վերջապես՝ տվյալների, վերլուծության եւ արհեստական բանականության հետ կապված աշխատանքի բյուջեի ավելացում ակնկալում է յուրաքանչյուր կատեգորիայում բանկերի մոտ 50%-ը։

Անհետեւողականություն թվային փոխակերպման ասպարեզում

Հաշվի առնելով վերը նշված պարադոքսները, զարմանալի չէ, որ բանկերի միայն 20%-ն է կարծում, որ իրականացնում է լայնածավալ թվային փոխակերպում։ Հետաքրքիր է, որ այդ մասնաբաժինը մի փոքր բարձր է ամենախոշոր ու ամենափոքր կազմակերպությունների շրջանում։

Բանկերի բոլոր կատեգորիաներում, բացառությամբ ամենափոքրերի, հարցվածների մոտ կեսը հայտարարել է, որ «մասամբ ներդրել է» թվային փոխակերպման ռազմավարությունը եւ գործընթացն ընթանում է «սպասումներին համահունչ»։ Փոքր բանկերի 36%-ը նշել է, որ փոխակերպումն ընթանում է «հատվածաբար» եւ տալիս է «բավարար արդյունքներ»։

Ինչպես եւ կարելի էր սպասել, հարցմանը մասնակցած խոշոր բանկերից ոչ մեկը չի ասել, որ թվային փոխակերպման իր պլանը դեռեւս մշակված չէ կամ գտնվում է պատրաստման փուլում։ Սակայն փոքր բանկերի 17%-ը նշել է, որ դեռեւս չի պատրաստել ռազմավարության մշակումը կամ նոր է սկսել մշակել այն։

Digital Banking-ի նախորդ հետազոտությունները վկայում են, որ թվային փոխակերպման համար ամենամեծ խոչընդոտը ժառանգած մշակույթն է։ Գիտակցել թվային փոխակերպման հնարավորությունները եւ չաջակցել այն կյանքի կոչելու համար նախաձեռնություններին կամ ներդրումներին՝ ղեկավարների մակարդակով բացթողում է։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10610
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW