Չնայած այն հանգամանքին, որ ԶԼՄ-ներում կանոնավոր կերպով հրապարակվում են նորություններ ֆինտեխ ստարտափների կողմից միջոցների հավաքագրման մասին, այդուհանդերձ, այս ուղղությամբ աշխատող ընկերությունների թիվը հեռու է ռեկորդային ցուցանիշներից: Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին գրում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով Disruption House վերլուծական ընկերության հետազոտության տվյալները:FT-ն նշում է, որ 2019-ին հերթական ֆինտեխ ստարտափի կողմից ֆինանսավորման ներգրավման մասին նորությունները լույս էին տեսնում նախանձելի պարբերականությամբ: Միաժամանակ՝ մասնագետներն ուշադրություն են դարձրել ընկերությունների կողմից ստացվող ներդրումների բարձր մակարդակի վրա: Որպես օրինակ պարբերականը բերում է քիչ ճանաչում վայելող Hastee ընկերության կողմից ֆինանսավորման ռաունդներից մեկում £208 մլն հավաքագրելու մասին դրվագը: FT-ի կարծիքով՝ ֆինտեխ նախագծերով ներդրողների հետաքրքրության մեկ այլ ապացույց է դարձել ռուսաստանյան արմատներով բրիտանական Revolut ստարտափի «ախորժակը»: Մասնավորապես, վերջերս ընկերությունը հայտնել էր մինչեւ $1 մլրդ ներգրավելու մտադրության մասին՝ միջազգային ընդլայնման համար: Տրված նշաձողը, ինչպես կարծում են մասնագետները, չի համապատասխանում ընկերության նվաճումներին: FT-ն նշում է, որ Revolut-ը, ինչպես եւ շատ այլ ֆինտեխ ստարտափներ, իր գոյատեւման մեծ մասի ընթացքում չի ապահովել եկամուտ (բացառությամբ 2018-ի սկիզբը, երբ ստարտափը սկսեց աշխատել թվային ակտիվների հետ): Հատկանշական է, որ չնայած ներդրումային ուղղվածության տարածվածությանը, ֆինտեխ ոլորտը նոր նախագծերի կազմակերպման առումով հեռու է առավելագույն ցուցանիշներից: Disruption House-ի հետազոտողների տվյալներով՝ ֆինտեխ ստարտափների թվաքանակի ակտիվ ավելացում է արձանագրվել 2004-ից մինչեւ 2015-ը:Համեմատության համար նշվում է, որ 2015-ին գրանցվել է 390 ընկերություն, իսկ 2018-ին՝ ընդամենը 72: Մասնագետները նշում են, որ նոր ֆինտեխ ստարտափների թվի նվազման միտումը պահպանվել է նաեւ 2019-ին: Դեկտեմբերի սկզբի դրությամբ, ըստ Disruption House-ի, ձեւավորվել է միայն 12 կազմակերպություն: Մասնագետներն ուշադրություն են դարձրել նաեւ գործող բանկերի կողմից ֆինտեխ ստարտափների մշակումների կրկնօրինակման ռիսկերի վրա: Նրանց կարծիքով՝ ավանդական ֆինանսական կազմակերպությունների կողմից տեխնոլոգիաների փոխառումը կարող է արժեզրկել երիտասարդ ընկերությունների նվաճումները: Գործադրվող ճնշումը, ինչպես կարծում են վերլուծաբանները, կարող է պատճառ հանդիսանալ տարեկան գրանցվող ֆինտեխ ստարտափների թվի կրճատման համար: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 66722