Երեւան/Մեդիամաքս/. Արարատբանկի արտարժութային պարտատոմսերն այսօր ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի Bbond հարթակում (հապավումը`ARBKB5): Ազդարարելով բանկի 5-րդ թողարկման պարտատոմսերի առաջին առեւտրային նստաշրջանի բացումը, Արարատբանի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն ասել է, որ հոկտեմբերի 5-ից տեղաբաշխվող պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը 25%-ով գերազանցել է առաջարկը, իսկ բաժանորդագրությունն ավարտվել է սահմանված ժամկետից 2 օր շուտ: Տեղաբաշխմանը մասնակցել է 166 ներդրող, որոնց գերակշիռ մասը ֆիզիկական անձիք էին:«Մենք մարքեթմեյքերի պայմանագիր ենք կնքել Ռենեսա ներդրումային ընկերության հետ, եւ պարտատոմսերը մշտապես գնանշվելու են վերջինիս կողմից: Պարտատոմսերն ազատ շրջանառվելու են, եւ ցանկացած անձ կարող է բորսայի անդամ հանդիսացող ներդրումային ընկերությունների միջոցով երկրորդային շուկայում ձեռքբերել դրանք», - ասել է բանկի գործադիր տնօրենի տեղակալը:Արարատբանկը դարձել է Հայաստանի կապիտալի շուկայում արտարժույթով արտահայտված պարտատոմսերի առաջին թողարկողը: Թողարկման ծավալը $1 մլն է (40 հազ. արժեկտրոնային պարտատոմս՝ $25 անվանական արժեքով), տարեկան տոկոսադրույքը՝ 9%, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ:ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, շնորհավորելով բանկին, հիշեցրել է, որ նոր գործիքի (արտարժութային պարտատոմսերի – խմբ.) կիրառումը թողարկողներին եւ շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղաբաշխել եւ առեւտուր կազմակերպել արտարժութային պարտատոմսերով, այլ նաեւ կնքել համապատասխան ռեպո գործարքներ: Tweet Դիտում՝ 3780