Դոլարը բորսայում հատել է 400 դրամի շեմը

22.05.2012 | 18:30 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. ԱՄՆ դոլարը այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում հատել է 400 դրամի շեմը: Այսօրվա առեւտրային նստաշրջանի արդյունքներով դոլարի միջին կշռված գինն ավելացել է 0.61%-ով՝ կազմելով 401.95:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով դոլարի՝ վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող թանկացումը, Ռենեսա ներդրումային ընկերության տնօրեն Վաղինակ Սարոյանն ասել է, որ բանկերը դոլարի կարիք չեն զգում, եւ արտարժույթի պահանջարկը գեներացվում է հիմնականում բանկերի կորպորատիվ հաճախորդների կողմից:

«Ամենայն հավանականությամբ, կորպորատիվ հատվածի մոտ դոլարի նկատմամբ պահանջարկի աճը պայմանավորված է խոշոր ծավալով ներմուծումների դիմաց վճարումներով: Դա կարող է կապված լինել գյուղատնտեսական սեզոնի սկզբին կատարվող մեծածավալ գնումներով, այդ թվում՝ վառելիքի մեծածավալ ներմուծմամբ, որն էժանանում է միջազգային շուկայում եւ նավթաթրեյդերները՝ ունենալով անհրաժեշտ միջոցներ, ձեռք են բերում այն համեմատաբար մատչելի գներով»,- ասել է Վաղինակ Սարոյանը:

Արմսվիսբանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում եւս նշել է, որ դոլարի նկատմամբ պահանջարկը Հայաստանում թելադրվում է ներսից եւ պայմանավորված չէ միջազգային զարգացումներով:

Երկու փորձագետներն էլ միակարծիք են, որ արտարժույթը հավասարակշռվելու է այս մակարդակում: «Հայաստանում ամեն տարի գարնանը նկատելի է, որ դոլարը, թանկանալով, հասնում է որոշկի գագաթնակետի, հավասարակշռվում այնտեղ, այնուհետեւ սահուն էժանանում: Անցած տարի այս գագաթնակետը ապրիլին էր, այս տարի՝ հիմա», - եզրափակել է Վաղինակ Սարոյանը:

Դիտում՝ 3265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW