ՎԶԵԲ-ը պատրաստ է ավելացնել Հայաստանում ներդրումների ծավալը

07.03.2012 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գծով 2012-15թթ. ռազմավարության առաջնահերթություններն են երկրի ֆինանսական համակարգի ուժեղացումը, մասնավոր հատվածի զարգացումը՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության շեշտադրմամբ, ինչպես նաեւ աջակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններին, այսօր Երեւանում ասել է ՎԶԵԲ Թուրքիայի, Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի գծով գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Օլիվյե Դեկամպը գոհունակություն է հայտնել 2011-ին ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացված ներդրումների արդյունավետությունից, նշելով, որ, մասնավորապես, բանկային համակարգին անցյալ տարի ՎԶԵԲ-ի կողմից ուղղվել է €100 մլն եւ համակարգի վարկային պորտֆելն աճել է 40%-ով:

Անցյալ տարի ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումները Հայաստանում կազմել են €125 մլն, որոնք ուղղվել են 21 նախագծերի ֆինանսավորմանը:

Օլիվյե Դեկամպը չտեղեկացրեց, թե ինչ չափի ներդրումներ է ՎԶԵԲ-ը նախատեսում Հայաստանում 2012-ին եւ հաջորդող տարիներին, նշելով, որ «մենք պատրաստ ենք ներդնել այստեղ ավելի ու ավելի, եւ դա կախված է միջավայրից եւ պահանջարկից»:

Օլիվյե Դեկամպը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են այսօր նաեւ «Հայաստանում կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագրի» վերաբերյալ փոխըմբռման հուշագիր, որն ենթադրում է էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների համար անհրաժեշտ օրենսդրության մշակում եւ ֆինանսական նախաձեռնություններ՝ ուղղված էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացմանը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում 1992-ին իր գործունեության սկզբից ի վեր երկրի ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկ եւ ենթակառուցվածքների ոլորտներում ներդրել է ավելի քան €516 մլն:

Դիտում՝ 3432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW