Մայիսին կորպորատիվ պարտատոմսների շուկայում կնքվել է 1500 գործարք

08.06.2026 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆոնդային բորսա #պարտատոմս

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է մայիս ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։


Մայիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 38․1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 53 գործարք՝ ավելի քան 8․3 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 41% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 11․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1500 գործարք՝ մայիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 209 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 2․1 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 478․8 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 960%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 27․4%։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 19.8 մլրդ ՀՀ դրամ: Մայիս ամսին կնքվել է 182 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 221%-ով։

Մայիսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 11 գործարք՝ ավելի քան 1․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձեւավորվել է 368-ից 368․60 դրամի միջակայքում։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 747

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW