Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձել է ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ընկերությունը թողարկել է 1,5 մլրդ ՀՀ դրամ եւ 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են Կոնվերս Բանկի միջոցով:Կոնվերս Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի շուրջ 90%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում՝ գերազանցապես Converse Mobile հավելվածի միջոցով։ Ընդհանուր առմամբ, ներդրողների թիվը գերազանցել է 500-ը: Ցուցակման խորհրդանշական զանգը հնչել է փետրվարի 24-ին, իսկ փետրվարի 27-ից ներդրողները հնարավորություն կունենան մասնակցել Գլոբբինգի պարտատոմսերի բորսայական առեւտրին։ Նշվել է, որ կապիտալի շուկայի զարգացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է, եւ բանկը տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում է պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման ողջ գործընթացում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումից մինչեւ թողարկման կազմակերպում, տեղաբաշխում եւ շուկայի ստեղծում։ «Բանկը հետեւողական քայլեր է ձեռնարկում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ եւ արդեն ունի հաջողված համագործակցության փորձառություն տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների հետ։ Հայաստանում առողջապահության եւ օնլայն առեւտրի ոլորտի առաջին ընկերությունների պարտատոմսերի տեղաբաշխումներն իրականացվել են հենց Կոնվերս Բանկի միջոցով։ Մենք շարունակելու ենք աջակցել նման նախաձեռնություններին՝ բիզնեսին տրամադրելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ ներդրողներին՝ ներդրումային նոր գործիքներ»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը: «Պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետից շուտ ավարտը մեզ համար դարձավ ներդրողների բարձր վստահության վկայություն։ Հատկապես ոգեւորիչ է, որ պարտատոմսերի շուրջ 90 տոկոսը ձեռք են բերել ֆիզիկական անձինք, ինչը բացառիկ բարձր ցուցանիշ է ներդրումային ոլորտում։ Եվ մեկ կարեւոր հանգամանք՝ ակտիվ ներդրում են կատարել նաեւ Գլոբբինգի հաճախորդներ: Ներգրավված միջոցները կուղղվեն Հայաստանում եւ Ղազախստանում լոքերների ցանցի ու ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանը եւ թվային լուծումների կիրառմանը»,- նշել է «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ խորհրդի նախագահ եւ Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը:Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով՝ օնլայն առեւտրի ոլորտի առաջատար ընկերության մուտքը կապիտալի շուկա կարեւոր ազդակ է մասնավոր հատվածի զարգացման եւ Հայաստանի ներդրումային միջավայրի խորացման համար.«Նման ընկերությունների ակտիվացումը ձեւավորում է նոր վստահություն եւ կարող է դառնալ օրինակելի նախադեպ արագ աճող այլ բիզնեսների համար՝ պարտատոմսային ֆինանսավորումը դիտարկելու որպես կայուն եւ մրցունակ այլընտրանք»։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2121