Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) նոյեմբերի 24-ին ազդարարեց կառուցապատման ոլորտում գործող առաջատար ընկերություններից մեկի՝ «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման մասին: Պարտատոմսերի շրջանառության պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ավանդական զանգի հնչեցման արարողությամբ։Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի օգոստոսի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի միջոցով։ Ներդրողները նոյեմբերի 24-ից կարող են գործարքներ իրականացնել «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի պարտատոմսերով բորսայի առեւտրային հարթակում՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այսօր մեզ համար կարեւոր եւ խորհրդանշական օր է։ Մեր ընկերության թողարկած պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։ Սա ոչ միայն ֆինանսական ձեռքբերում է, այլեւ վստահության հստակ գնահատական մեր ընկերության նկատմամբ»,- Banks.am-ի հետ զրույցում նշեց «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Թովմասյանը: Նրա խոսքով՝ պարտատոմսերի ցուցակումը կխթանի ընկերության զարգացումը եւ թույլ կտա, որ այն ավելի ճանաչելի դառնա: Սուրեն Թովմասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այսօր բոլորը հնարավորություն ունեն տեսնելու մեր ընկերության թափանցիկությունը: Այս ցուցակումը հերթական կարեւոր քայլն է, որը վկայում է, որ «Նյու Էյջ»-ը շարունակելու է կառուցել որակ, վստահություն եւ ապագա։ Շնորհակալ ենք բոլոր ներդրողներին՝ տեղաբաշխման ընթացքում ցուցաբերած մեծ հետաքրքրության եւ բարձր վստահության համար։ Նրանց վստահությունը մեզ ուժ է տալիս զարգանալու ու կառուցելու երկարաժամկետ ծրագրեր՝ հանուն մեր երկրի տնտեսության: Շնորհակալ ենք նաեւ մեր գործընկերներին՝ «Սիրիուս Կապիտալ»-ին, ինչպես նաեւ Հայաստանի ֆոնդային բորսային՝ այս գործընթացում պրոֆեսիոնալ աջակցության եւ համագործակցության համար»,- նշեց Սուրեն Թովմասյանը: «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի պարտատոմսերը, ընդհանուր 1,500, 000, 000 դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել է 15 000 հատ պարտատոմս՝ 100 000 դրամ անվանական արժեքով, 14% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 42-ամսյա շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է նաեւ իրականացնել հասցեական առեւտուր եւ կնքել ռեպո գործարքներ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Արդեն մեկ տարի է՝ ականատեսն ենք այն բանի, որ ոչ ֆինանսական կազմակերպությունները սկսում են ներգրավել ֆինանսական միջոցներ հանրությունից՝ պարտատոմսերի թողարկման միջոցով, ինչը շատ գովելի է եւ կարեւոր: Սա ցույց է տալիս, որ իրական հատվածը դառնում է ավելի թափանցիկ, վստահելի ու շահութաբեր: Այն փաստը, որ ընկերությունը թողարկել է պարտատոմսեր եւ ցուցակել է բորսայում, ապացույց է նրան, որ ընկերությունը թափանցիկ է։ Սա իրականում խիզախություն է, բացել քո ֆինանսական հաշվետվությունները եւ ֆինանսական ցուցանիշները հանրության առաջ:Պարտատոմսերի միջոցով գումար ներգրավելը նշանակում է, որ ընկերությունն այնքան վստահելի է հանրության համար, որ կարողանում են համոզել ներդրողներին՝ իրենց գումար վստահել: Սա ամենակարեւոր փաստի արձանագրումն է»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը: Հայկ Եգանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա ընդգծեց, որ «Նյու Էյջ Քոնսթրաքշն»-ի պարտատոմսերի ցուցակումը եւս մեկ քայլ է դեպի ավելի դիվերսիֆիկացված, թափանցիկ եւ հասանելի ֆինանսական միջավայր. «Մենք վստահ ենք, որ այս թողարկումը կնպաստի ոչ միայն ընկերության զարգացմանը, այլեւ կապիտալի շուկայի հանդեպ վստահության բարձրացմանը։ Մեր նպատակն է շարունակաբար իրական ներդրումային հնարավորություններ բացել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների համար»:«Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ տնօրեն Արարատ Մկրտչյան էլ նշեց, որ «Նյու Էյջ»-ի պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը իրենց հերթական հաջողված նախագծերից է․«Տեղաբաշխումն ավարտվեց ոչ միայն ամբողջ ծավալով, այլեւ՝ նախատեսված ժամկետից 11 օր շուտ, ինչը խոսում է ներդրողների բարձր հետաքրքրության, շուկայի վստահության եւ ընկերության ճիշտ կառավարման մասին։ Սա այն դեպքերից է, երբ շուկան իրականում արձագանքում է ընկերության որակին եւ զարգացման հստակ տեսլականին։ Մեր ընկերությունը հանդես է գալիս նաեւ որպես շուկայի ստեղծող։ Առողջ, թափանցիկ եւ պրոֆեսիոնալ շուկան ձեւավորվում է այն ժամանակ, երբ որակյալ ընկերությունները դուրս են գալիս հանրային դաշտ եւ համագործակցում ներդրողների հետ վստահելի մեխանիզմներով»։ Արարատ Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Շնորհակալ ենք բոլոր ներդրողներին՝ իրենց վստահության եւ ակտիվ մասնակցության համար։ Այդ վստահությունն է, որ թույլ է տալիս մեզ ուժեղացնել երկրի կապիտալի շուկան եւ աջակցել նման պատասխանատու ընկերությունների զարգացմանը»,- ասաց Արարատ Մկրտչյանը:Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ այստեղ։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 1606