2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվել է Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը: Մասնավորապես, ինչպես հայտնել են Ամերիաբանկում, ամբողջությամբ մարվել են ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար եւ 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող եւ շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:«ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը թողարկման ծավալների եւ ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար: Այս գործարքը ցույց տվեց, որ պարտատոմսերի շուկան ունակ է բավարարել ՀՀ ընկերությունների ֆինանսավորման պահանջները: Դրա մասին են փաստում նաեւ Ամերիաբանկի կողմից Հայաստանում պատմականորեն իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումները: Վստահ ենք, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի հաջողված ծրագիրը տեղական ընկերությունների համար կդառնա ուղենիշ՝ կապիտալի այլընտրանքային աղբյուրներից ֆինանսավորում ներգրավելու համար»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:3 տարի առաջ Ամերիաբանկն իր ներդրումային ծառայությունների շրջանակում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխեց ԶՊՄԿ պարտատոմսերը, որոնց ծավալները մոտ հինգ անգամ գերազանցում էին ՀՀ արժեթղթերի շուկայում նախկինում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխման ծավալները: Պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների կողմից: Տեղաբաշխմանը մասնակցեցին այնպիսի հեղինակավոր միջազգային հաստատություններ, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը, Եվրասիական զարգացման բանկը: «Տեղական շուկայում մասնակցությունը չսահմանափակվեց միայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանակով (ֆոնդի կառավարիչներ, բանկեր). բազմաթիվ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան իրենց խնայողությունները ներդնել բարձր եկամտաբերություն ապահովող ֆինանսական գործիքներում:Առաջնային տեղաբաշխումից հետո ԶՊՄԿ պարտատոմսերը ցուցակվեցին եւ թույլատրվեցին առեւտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ամերիաբանկը դարձավ պարտատոմսերի շուկա ստեղծողը՝ ապահովելով երկրորդային շուկայում գործարքների ակտիվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 119096