Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Ինչպես նշել են բանկում, պարտատոմսերի թողարկումը մեկնարկում է 2020թ. սեպտեմբերի 1-ին: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն փաթեթը՝ 1000 ԱՄՆ դոլար, ինչը արժեթղթերը հասանելի է դարձնում ներդրողների, այդ թվում` ֆիզիկական անձանց լայն շրջանակի համար: Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված է մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 7-ը:Թողարկման առաջնային ցուցակումը կանցկացվի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում, իսկ երկրորդայինը` Մոսկվայի բորսայում: Մինչ երկրորդային ցուցակումը Ռուսաստանում պարտատոմսերը կարող են գնել որակավորված ներդրողները, իսկ ցուցակման ավարտից հետո՝ նաեւ այլ ցանկացողները: Ռուսաստանում որպես տեղաբաշխման գործակալ հանդես կգա GX2 Invest ընկերությունը, որին կարելի է դիմել պարտատոմսերի ձեռքբերման հետ կապված ցանկացած հարցով: Հայաստանում մարկետմեյքերը (շուկա ստեղծող) «Արմենբրոկ» ԲԲԸ-ն է:Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2): Այդպիսով ռուսաստանյան ներդրողները հնարավորություն ունեն պարտատոմսեր գնել պարզեցված ընթացակարգով՝ առանց Հայաստանում հաշիվ բացելու: Նոր թողարկման պարտատոմսերի մարումը տեղի կունենա 36 ամիս հետո: Ներդրողները յուրաքանչյուր եռամսյակ կստանան արժեկտրոնային եկամուտ` 5,25% տարեկան, ինչը գերազանցում է բանկային ավանդների միջին շուկայական տոկոսադրույքները: Համեմատության համար. Հայաստանում դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը չի գերազանցում տարեկան 4-4,5%-ը: Ռուսաստանաբնակ ներդրողների համար ֆինանսական գործիքն էլ ավելի գրավիչ առաջարկ է, քանի որ Ռուսաստանում դոլարային ավանդների միջին տոկոսադրույքները տարեկան 1,5% են, իսկ դոլարային պարտատոմսերինը`1,5-2,5%: Այսպիսով, Յունիբանկի պարտատոմսերի երաշխավորված եկամտաբերությունն ավելի քան 2 անգամ բարձր է:Ռուսաստանում ռեզիդենտների՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար Յունիբանկի պարտատոմսերից ստացված եկամուտը հարկվում է միայն Ռուսաստանում: Հայաստանում Ֆոնդային բորսայում ցուցակված՝ երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում: «Հայաստանում եւ այժմ նաեւ Ռուսաստանում շատ ներդրողներ համոզվել են, որ Յունիբանկի պարտատոմսերը կապիտալը զգալիորեն ավելացնելու արդյունավետ միջոց են: Բնակչության ֆինանսական գրագիտությունը բարձրանում է եւ մարդիկ սկսում են գիտակցել, որ փողը պետք է աշխատի եւ եկամուտ բերի: Մենք բարձր ենք գնահատում մեր ներդրողների վստահությունը եւ առաջարկում ենք հուսալի, կայուն եւ իրացվելի ներդրումային գործիք»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Յունիբանկը մուտք է գործել պարտատոմսերի շուկա 2016թ.-ից: Ընդհանուր առմամբ բանկը ներդրողներին վճարել է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար եւ 350 միլիոն ՀՀ դրամ: Շրջանառության մեջ եղած ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար եւ 1 միլիարդ ՀՀ դրամ:Յունիբանկը Հայաստանի մանրածախ բանկային ծառայությունների շուկայում առաջատարներից մեկն է: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20%-ը: Զարգացման հիմնական ուղղություններն են մանրածախ վարկավորումը, փոքր եւ միջին բիզնեսին ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ՝ Private Banking ուղղությունը: 2015թ. Յունիբանկը իրականացրեց IPO Հայաստանի ֆոնդային բորսայում: 2020թ.-ի օգոստոսին բանկն առաջին անգամ Հայաստանում ցուցակեց դոլարային պարտատոմսերը Մոսկվայի բորսայում: 11-րդ թողարկման պարտատոմսերի պայմաններին եւ Ազդագրին կարելի է ծանոթանալ Յունիբանկի կայքում, ինչպես նաեւ Ինտերֆաքսի Տեղեկատվության բացահայտման կենտրոնում: Tweet Դիտում՝ 12700