MOEX Day. ՌԴ եւ ՀՀ կապիտալի շուկաների փոխադարձ առեւտրի հեռանկարը

10.02.2020 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#MOEX Day #Հայկ Եգանյան #Բորիս Բլոխին
Փետրվարի 7-ին անցկացված MOEX Day in Yerevan խորագրով միջոցառման շրջանակում հայաստանյան ներդրումային բանկային ծառայություններ մատուցողները, բրոքերները եւ մասնավոր հատվածի ընկերությունները ծանոթացել են ՌԴ եւ արտերկրի կապիտալի շուկաներից ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ ռուսաստանյան ներդրումային ընկերությունների հետ համատեղ ծառայություններ մատուցելու հնարավորություններին։

Cross-listing եւ այլ հնարավորություններ

MOEX Day in Yerevan-ին ներկա էին Մոսկվայի ֆոնդային բորսայի, Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի, ինչպես նաեւ «Ռենեսանս Կապիտալ» եւ GrottBjorn ռուսաստանյան ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հայաստանյան կողմից միջոցառմանը մասնակցել են մի շարք ներդրումային բանկային ծառայություններ մատուցողներ, բրոքերներ, տեղաբաշխողներ։

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը կարեւորել է հայաստանյան մասնակիցների շփումները Ռուսաստանի գործընկերների հետ՝ Հայաստանի սահմաններից դուրս կապիտալի շուկայի հնարավորությունները դիտարկելու նպատակով:

«Փորձում ենք ծանոթացնել բոլոր թողարկողներին եւ բրոքերներին, որ գոյություն ունի cross-listing-ի հնարավորություն: Ռուսաստանի Կենտրոնական բանկն արդեն իսկ հաստատել է այն բորսաների ցուցակը, որոնցում շրջանառվող արժեթղթերը կարող են մտնել երկրորդային շրջանառության մեջ նաեւ Մոսկվայի բորսայում, եւ Հայաստանի ֆոնդային բորսան դրանց թվում է»,- նշել է նա:


Փոխադարձ հասանելիություն

Մոսկվայի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի շուկայի դեպարտամենտի տնօրեն Բորիս Բլոխինը Հայաստանի հետ համագործակցությունում հատկապես կարեւորել է դեպի երկու երկրների բորսաներ շուկայի մասնակիցների փոխադարձ հեշտացված հասանելիությունն օրենսդրական պահանջների համապատասխանեցման եւ արտոնագրերի փոխադարձ ճանաչման միջոցով։

Բորիս Բլոխինը

«Մոսկվայի ֆոնդային բորսայում գործարքներ իրականացնելու արտոնագիր ունեցող բրոքերները եւ դիլերները մուտք կունենան դեպի Հայաստանի ֆոնդային բորսա, եւ հակառակը։ Այդ կերպ կկարողանանք խուսափել փոխադարձ կրկնօրինակումից եւ հավելյալ ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտությունից։ Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք տեսնել, քանի որ կա ակնհայտ փոխադարձ հետաքրքրություն, եւ շուկաներն ընդհանուր առմամբ շատ հասկանալի ու պարզ են մեր երկրների համար»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ միջկառավարական աշխատանքային խմբի ակտիվ աշխատանքն առաջիկայում նման հնարավորություն կստեղծի։

Փոխադարձ պահանջարկ

Բորիս Բլոխինի խոսքով՝ ներդրումների եւ կապիտալի ներգրավման ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մեծ հեռանկար կա։

«Մենք տեսնում ենք, որ ռուսաստանյան տարբեր խմբերի ներդրողների մոտ կա հետաքրքրություն նաեւ բաժնեմասային ֆինանսական գործիքների նկատմամբ: Այսինքն՝ կարող է լինել ինչպես պարտատոմսերի ցուցակում, այնպես էլ բաժնետոմսերի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ հայկական ազգային արժույթով գործարքների իրականացման պահանջարկի առկայության դեպքում համապատասխան գործիքակազմի ստեղծումը ենթակա է քննարկման։


Նա հավելել է, որ միջոցառումը հրաշալի հնարավորություն է ռուսական կապիտալի շուկան հայաստանյան ներդրողներին ներկայացնելու համար։

«Մեր կողմից կիրառվող տեխնոլոգիան, առաջարկվող գործիքները շատ արագ են զարգանում, ինչպես նաեւ դինամիկ աճում է մասնակիցների թիվը։ Վստահ եմ, որ հայաստանյան ներդրողներին հետաքրքիր են կապիտալի ներգրավման այս հնարավորությունները»,- ասել է նա։

Զարգացման ուղին

Հայկ Եգանյանը վստահեցրել է, որ փորձելու են պարբերական դարձնել նմանատիպ միջոցառումները ՝ Հայաստան հրավիրելով այլ միջազգային բորսաների ներկայացուցիչների։

«Մեզ հաջողվել է ձեռք բերել Մոսկվայում նույն ձեւաչափով հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն, որին կմասնակցեն Հայաստանի ֆոնդային բորսայի եւ ներդրումային ընկերությունների ներկայացուցիչները՝ փորձելով գտնել իրապես շահագրգռված գործընկերների»,- ասել է նա:


Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրենն ընդգծել է, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են ֆինանսական կրթության եւ ֆինանսական ծառայությունների որակի բարելավմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է բորսայի զարգացմանը:

«Կապիտալի շուկայի զարգացումը մեծապես պայմանավորված է ներդրումային բանկային ծառայությունների զարգացմամբ: Եթե չկա ներդրումային ծառայություն մատուցող անձ, որ կարող է հորդորել բիզնեսին կատարել թողարկում՝ տալով երաշխիք, որ կվաճառի այն, ապա կապիտալի շուկան չի կարող զարգանալ: Այդ երաշխիքը կարելի է տալ նմանատիպ միջոցառումների շրջանակում՝ շփվելով տարբեր գործընկերների հետ, ճիշտ գնահատելով թողարկողի ռիսկն ու պարտատոմսի կամ բաժնետոմսի գինը եւ գտնելով համապատասխան ներդրողների»,- ամփոփել է նա:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի
Լուսանկարները՝ AMX-ի
Դիտում՝ 19880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW