Այսօր Արարատբանկի $3մլն ընդհանուր ծավալով պարտատոմսերը (AMARBKB2KER7) ցուցակվեցին AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ինչպես նշել են բանկում, այս կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամտաբերությունը` 5,5%, իսկ մարման ժամկետը՝ 51 ամիս։ Արժեկտրոնների վճարումները կատարվում են եռամսյակային պարբերականությամբ։ Սա Արարատբանկի 8-րդ ընթացիկ ցուցակումն է AMX-ում եւ 6-րդ դոլարային ցուցակումը։ «Այսպիսով, անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են գնել եւ վաճառել այս թողարկման պարտատոմսերը բորսայում։ Ցուցակումը հնարավորություն է տալիս նաեւ կատարել հասցեական առեւտուր եւ կնքել ռեպո գործարքներ»,- ասված է հաղորդագրությունում ։ «Արարատբանկը հաջողությամբ է իրականացրել իր 20-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են բազմաթիվ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչը վկայությունն է այն բանի, որ բանկը բարձր վստահություն ունի իր հաճախորդների եւ ներդրողների շրջանում, ինչպես նաեւ ամուր դիրքեր է զբաղեցնում ՀՀ արժեթղթերի շուկայում։ Ֆոնդային բորսայի հետ համագործակցության շնորհիվ բանկի պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայի ամենաբարձր՝ Abond ցուցակում»,- նշել է Արարատբանկի ներդրումային բանկային ծառայությունների վարչության պետ Վաչիկ Գեւորգյանը։«Ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցությունն Արարատբանկի հետ սկսել է 2007 թվականից։ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցության շնորհիվ՝ Արարատբանկը դարձել է կապող օղակ քաղաքացիների եւ Դեպոզիտարիայի միջեւ՝ միջնորդավորելով ռեեստրավարման եւ պահառության գործողությունները, այդ թվում՝ գրանցելով եւ պահպանելով արժեթղթերի հանդեպ սեփականության իրավունքը։ Իսկ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր՝ Արարատբանկը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իր մասնաճյուղերում ստանալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ եւ կատարել այլ փոփոխություններ կապված կենսաթոշակային ֆոնդի ու ֆոնդի կառավարչի ընտրության հետ։ Արարատբանկի եւ Ֆոնդային բորսայի միջեւ սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ «AMX ֆոնդային բորսա» ամենամյա մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է։ Արարատբանկը երկու տարի անընդմեջ ստանում է մրցանակբաշխության գլխավոր «AMX բորսայի անդամ» մրցանակը»,- նշել են բանկում։ Tweet Դիտում՝ 6593