Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

25.12.2018 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմս
Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի Abond ցուցակում։

Բանկում նշել են, որ $5 մլն ընդհանուր ծավալով պարտատոմսերի ցուցակման արարողությանը Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հնչեցրել են ցուցակման զանգը։

Ընդհանուր առմամբ, ցուցակվել է 50 000 հատ պարտատոմս (UNIBB6) $100 անվանական արժեքով եւ 5,5% տարեկան եկամտաբերությամբ։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։

«Լինելով բաց բաժնետիրական ընկերություն՝ Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալում արժեթղթերի շուկայում եւ հասարակությանը հնարավորություն ընձեռում օգտվել ավելի բարձր եկամտաբերություն ունեցող ներդրումային գործիքներից: Մենք արդեն իրականացրել ենք պարտատոմսերի 8 թողարկում: Այս տարի բանկը տեղաբաշխել է 1 մլրդ դրամ եւ $5 մլն գումարի պարտատոմսեր, որոնց նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը փաստում են բնակչության բարձր վստահության եւ բանկի արդյունավետ եւ հեռանկարային ռազմավարության մասին: Մենք բարձր են գնահատում մեր համագործակցությունը ֆոնդային բորսայի հետ եւ գալիք տարի եւս նախատեսում ենք իրականացնել պարտատոմսերի նոր թողարկումներ»,- նշել է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Այս օրը նաեւ հատկանշական էր, քանի որ զանգն առաջին անգամ էր հնչում ֆոնդային բորսայի նոր գրասենյակում։ Զանգի հնչեցման ավանդույթը գալիս է դեռ 19-րդ դարից եւ կարեւորվում է նրանով, որ աշխարհի տարբեր բորսաներում այն ազդարարում է կարեւոր իրադարձությունները, օրինակ` արժեթղթերի ցուցակումը»,- ասված է հաղորդագրությունում։

«Ողջունում եմ Յունիբանկին եւ շնորհավորում բոլորիս մեր նոր գրասենյակում ցուցակման առթիվ զանգի հնչեցման առաջին արարողության կապակցությամբ։ Միեւնույն ժամանակ, հորդորում եմ տնտեսության մասնակիցներին ներգրավել ֆինանսավորում արժեթղթերի միջոցով իրենց իսկ հաճախորդներից։ Որպես բորսա՝ մենք գործադրում ենք առավելագույն ջանքեր, որ ստեղծենք հարմարավետ հնարավորություններ մեր բոլոր հաճախորդների համար՝ թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների։ Եվ ինչպես ցույց են տալիս վերջին ամսվա արդյունքները, մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
Դիտում՝ 2430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW