Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջ ծավալի տեղաբաշխումը՝ $4 մլն: Ինչպես հայտնել են բանկում, պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, արժեկտրոնների վճարումը՝ կիսամյակային պարբերականությամբ, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը սահմանվել է 5,25%: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է:«Այս տարվա ընթացքում սա արդեն երրորդ հաջողված տեղաբաշխումն է, որի արդյունքում ֆինանսական շուկայում Կոնվերս Բանկի պարտքային արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմեց $10 մլն եւ 1 մլրդ դրամ: 2018-ին բանկը պլանավորում է հանդես գալ պարտատոմսերի հերթական թողարկումներով, որոնք կունենան ավելի երկար ժամկետ եւ ուղղված կլինեն նաեւ արտաքին ներդրողներին: Այս տեղաբաշխմամբ Կոնվերս Բանկն արդեն իր կայուն տեղն է գրավել պարտատոմսեր թողարկող առաջատարների ցանկում»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը: Առաջիկայում պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:Բանկը դոլարային երկու տարեկան պարտատոմսերի առաջին տրանշը (ընդհանուր՝ $6 մլն անվանական արժեքով եւ 5,75% արժեկտրոնի եկամտաբերությամբ) տեղաբաշխել էր մայիսին: Նոյեմբերի 24-ի դրությամբ՝ երկրորդային շուկայում այդ պարտատոմսերի առքի եւ վաճառքի գնանշումները կազմել են 5,31%/5% (բորսայական հապավում՝ COVSB2), ինչը նշանակում է պարտատոմսերի գների բարձրացում, որի արդյունքում բանկի հաճախորդները հավելյալ եկամուտ են ստացել:Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով: Tweet Դիտում՝ 7733