«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն ասել է, որ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/ FEAS) գլխամասային գրասենյակի տեղափոխումը Երեւան կբարձրացնի Հայաստանի վարկանիշն արտերկրում:Այս մասին Կոնստանտին Սարոյանն ասել է նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Banks.am-ի հարցին:«Նմանատիպ կառույց Հայաստանում դեռեւս չի եղել: Սա իսկապես պատմական իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ այս քայլով մենք բարձրացնում ենք Հայաստանի հեղինակությունն աշխարհում: ԵՖԲՖ կազմում ներառված բորսաների ղեկավարներն ու նրանց անդամներն արդեն տեղեկացված կլինեն մեր երկրի մասին»,- ասել է «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ի տնօրենը, որը համատեղությամբ նշանակվել է Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:Նրա խոսքով՝ չնայած ֆեդերացիան եվրասիական է, այն անմիջական առնչություն չունի Եվրասիական տնտեսական միության հետ, որի անդամն է Հայաստանը, հետեւաբար՝ բավական մեծ պոտենցիալ կա՝ կառույցում ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրների բորսաներին ներգրավելու:ԵՖԲՖ գլխամասը Երեւան տեղափոխելու հարցն առաջացել էր այն ժամանակ, երբ ֆեդերացիայից դուրս եկավ Borsa Istanbul-ը, որն ի սկզբանե նրա հիմնադիրներից էր եւ հյուրընկալում էր նրա քարտուղարությունը:«Ֆեդերացիայի նպատակն է տեղեկատվության փոխանակումն անդամների միջեւ, փոխադարձ թրեյնինգների իրականացումը, որոշակի մարքեթինգային եւ PR գործողությունները՝ ուղղված անդամ բորսաների հեղինակության բարձրացմանը»,- նշել է Կոնստանտին Սարոյանը՝ հավելելով, որ ԵՖԲՖ գլխամասի՝ Երեւան տեղափոխման գործում մեծ դերակատարում են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու արտգործնախարարությունը: Tweet Դիտում՝ 11159