Fitch-ն Ամերիաբանկի $15 մլն-ի պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշ

21.07.2016 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Fitch միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի ֆիքսված տոկոսադրույքով $15 մլն-ի առաջնային չապահովված պարտատոմսերին շնորհել է վերջնական երկարաժամկետ «B+» եւ ակտիվների վերադարձի «RR4» վարկանիշներ:

Պարտատոմսերի մարման ժամկետը սահմանված է 2018թ. հուլիսը, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 6,75%-ը:

Ինչպես նշում է Fitch-ը, Ամերիաբանկի առաջնային պարտքի վարկանիշը հավասարեցված է նրա՝ թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշին, քանի որ այն ուղղակի, չապահովված եւ ոչ պայմանական պարտավորություն է:

Միաժամանակ, բանկի ակտիվների վերադարձնելիության «RR4» վարկանիշն արտացոլում է դեֆոլտի դեպքում ներդրողների կողմից միջոցների վերադարձի միջին հեռանկարները:

Fitch-ի բնորոշմամբ՝ Ամերիաբանկի «B+» թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ, արտահայտում է նրա հաշվեկշռի բարձր դոլարայնացման մակարդակն ու կենտրոնացվածությունը, ինչպես նաեւ վերջին շրջանում բանկի վարկավորման ծավալների կտրուկ աճը Հայաստանի բարձր ռիսկային միջավայրի պայմաններում:

«Վարկանիշը հաշվի է առնում նաեւ Ամերիաբանկի «խելամիտ» ֆինանսական ցուցանիշները՝ չնայած գործառնական միջավայրի չափավոր ճնշումներին, կորստի ծածկման լավ կարողությունը, իրացվելիության ադեկվատ մակարդակն ու ներքին շուկայում կայուն դիրքերը»,- գրում է գործակալությունը:

Fitch-ի կարծիքով՝ թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի փոփոխությունը կարող է ազդել պարտատոմսերի վարկանիշի վրա: Բանկի վարկունակության ցուցանիշները, ըստ գործակալության, մեծապես կախված են ՀՀ տնտեսական իրավիճակից եւ դրամի կայունությունից:

Գործակալության շնորհած վարկանիշը կիջեցվի, եթե ՀՀ ներքին տնտեսական իրավիճակի վատթարացումը հանգեցնի բանկի ակտիվների որակի եւ կապիտալիզացիայի անկմանը:

Միաժամանակ, վարկանիշի բարելավումը հնարավոր է այն դեպքում, եթե ՀՀ տնտեսական հեռանկարների լավացումը դրականորեն անդրադառնա բանկի վարկային պորտֆելի վրա, չնայած որ Fitch-ը քիչ հավանական է համարում միջնաժամկետում աճի ուղղությամբ վարկանիշի վերանայման հավանականությունը:

Դիտում՝ 65162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW