ՀՀ արժեթղթերի շուկայում չարաշահումները կքրեականացվեն

30.06.2016 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխման նախագծերի փաթեթին:

Վերջինս նախատեսում է արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության ամրագրում՝ դրանց քրեականացման միջոցով, ինչպես նաեւ համարժեք պատասխանատվության միջոցների սահմանում:

Մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել տեղեկատվության արտահոսքը, երբ ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ, եւ գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս:

Ընդ որում, որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը եւ ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ:

«Փոփոխության նպատակն է շուկան օտարերկրյա ներդրողների եւ շուկայի մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ եւ պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում»,- նշել են կառավարությունում:

Գործադիրի հիմնավորմամբ՝ ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի է ունեցել էական զարգացում, որին նպաստել են, մասնավորապես, առեւտրային ընկերությունների, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից կորպորատիվ բաժնետոմսերի ու պարտատոմսերի թողարկումը, կենսաթոշակային բարեփոխումները եւ արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը: Ըստ այդմ՝ աճել է նաեւ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ:

Այս փոփոխությունից ակնկալվում է նաեւ արժեթղթերի շուկայում մրցակցության աճ: Բացի այդ, թափանցիկ ու պաշտպանված միջավայրում շուկայի մասնակիցները ու հանրությունն առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է օրինագծերի փաթեթի ընդունումը եւ նշել, որ այն լուրջ կարգավորում է արժեթղթերի շուկայի համար:

Դիտում՝ 6598
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW