Հունիսի 10-ին Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում եւ ընդգրկվել բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում` բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%: Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել 5,2 մլրդ ՀՀ դրամի մոտ 22,7 մլն հասարակ անվանական բաժնետոմսեր:«Հաշվի առնելով ներդրողները զգալի հետաքրքրությունը Յունիբանկի բաժնետոմսերի եւ պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների, 2016թ. մայիսին բանկը սկսեց բաժնետոմսերի նոր թողարկում, որը եւս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «Արմենբրոկ»-ը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Հրապարակային առաջարկի վերաբերյալ ազդագիրը Յունիբանկը հրապարակել էր մայիսի 25-ին: Բանկում հիշեցրել են, որ 2016թ. առաջին եռամսյակում իրենք գրանցել են դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով:«Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ավանդային բազան աճել է 11.6% եւ կազմել 125 մլրդ ՀՀ դրամ: Բանկը 2016թ. առաջին եռամսյակում ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628.5 մլն դրամ ցուցանիշով»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 4975