Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում հայտարարվել է Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկման հաջող մեկնարկի եւ այդ պարտատոմսերի ցուցակման մասին՝ բորսայում երկրորդական շուկայական առեւտրի համար:Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին 5 ունիվերսալ վարկային կազմակերպություններ (ՈՒՎԿ)`«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ը, «Գառնի Ինվեստ»-ը, «Նոր Հորիզոն»-ը, «Կամուրջ»-ը եւ «Գլոբալ Կրեդիտ»-ը, մասնակցել են Հայաստանում առաջին անգամ կայացած վարկային պորտֆելի արժեթղթավորման գործարքին:Ինչպես նշել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում, գործարքը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), «Կապիտալ Ինվեստմընթս»-ի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ: «Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկումը նաեւ հնարավորություն է ընձեռում՝ սատարելու Հայաստանում նոր ֆինանսական պրոդուկտները: Այն համակցում է տարբեր զարգացման նախաձեռնություններ, որոնց մենք ձգտել ենք տարիների ընթացքում, այն է` վարկային համակարգում ավելի մեծ թվով ֆինանսական ռեսուրսների հասանելիություն Հայաստանի գյուղական վայրերի զարգացման նպատակով»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:Նրա խոսքով՝ պարտատոմսերի թողարկումը կաջակցի ֆերմերներին արտադրանքն ավելացնելու հարցում եւ կնպաստի, որ ձեռնարկատերերը գործունեություն ծավալեն գյուղական համայնքներում:Պարտատոմսերը թողարկվել են նորաստեղծ հատուկ նշանակության միջոցի` «Վարկային պորտֆելի արժեթղթավորման հիմնադրամ I-ի» կողմից: «Կապիտալ Ինվեստմընթս»-ի կողմից ղեկավարվող հիմնադրամը ստեղծվել է 2015թ. օգոստոսին` նպատակ ունենալով արժեթղթավորել 5 մասնակից ՈՒՎԿ-ների՝ $2 մլն արժողությամբ միկրոֆինանսավորման վարկերը: Նշենք, որ ներդրումը ոչ ռիսկային դարձնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ Զարգացման վարկային մարմինը 2015թ. նոյեմբերին տրամադրել է երաշխիք՝ պարտատոմսերի մայր գումարի 50%-ի համար: Tweet Դիտում՝ 49950