Արարատբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 9-րդ թողարկման մասին:Թողարկվել է 80 հազ. անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ $2 մլն ծավալով, $25 անվանական արժեքով, 7.25% տարեկան տոկոսադրույքով եւ 3 տարի շրջանառության ժամկետով: Դրանց տեղաբաշխումը կիրականացվի հունիսի 15-26-ը՝ բաժանորդագրության միջոցով:Պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան արտարժութային պարտատոմսերով առուվաճառք իրականացնելուց բացի, կնքել համապատասխան ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ:Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտատոմսերի գնման համար կարող են դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Նրա խոսքով՝ Արարատբանկը արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, եւ հաշվի առնելով նախորդ թողարկումների ընթացքում ձեւավորված պահանջարկը՝ բանկն այս անգամ եւս առաջարկում է դոլարային պարտատոմսեր: Արարատբանկի թողարկած պարտատոմսերով 2014թ. կատարվել է 188 գործարք՝ 500 մլն դրամ ծավալով:«9-րդ թողարկման պարտատոմսերից ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության՝ հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Խոսքը գնում է մինչեւ $250 հազ. վարկերի մասին: Առաջարկելու ենք մատչելի տոկոսադրույքներ՝ 10-12%»,- տեղեկացրել է նա: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն էլ խոսել է արժեթղթերի շուկայում վերջերս նկատվող միտումների մասին: Նրա բնորոշմամբ՝ որոշ ընկերություններ, բանկեր, ֆինանսական հաստատություններ, ավելի մեծ ուշադրություն են սկսել դարձնել կապիտալի շուկային՝ մասնավորապես նախնական շրջանում կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներին: «Միտումն այն է, որ պարտատոմսերի տոկոսադրույքները շատ ավելի գրավիչ են, քան, օրինակ, ավանդների դեպքում: Ժամանակագրական առումով հետաքրքրությունը պարտատոմսերի նկատմամբ աճում է: Կարծում եմ՝ այս միտումը կպահպանվի, եւ մենք ավելի շատ թողարկումների ականատես կլինենք»,- ասել է Կոնստանտին Սարոյանը: Tweet Դիտում՝ 6877