Վարազդատ Կարապետյան. «Մեր աշխատանքի առաջին արդյունքները տեսանելի կլինեն գարնանը»

24.09.2014 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) տնօրեն Վարազդատ Կարապետյանի հարցազրույցը Banks.am-ին

- Պ-ն Կարապետյան, հայտարարվել էր, որ Տարածքային զարգացման հիմնադրամն իր գործունեությունը կսկսի  2015 թ.-ից: Ի՞նչ  նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել մինչ օրս եւ որո՞նք են լինելու նորաստեղծ կառույցի հիմնական նպատակները:

- Ներկայումս աշխատում ենք Հիմնադրամի կազմակերպական կառուցվածքի, ընթացակարգերի, ինչպես նաեւ ընդհանուր ռազմավարության վրա։ ՏԶՀ կայքը մեկ ամսից հանրությանը կներկայացնի հիմնական ծրագրերը եւ թիրախները։

Այսօր երկու հիմնական ծրագրեր արդեն ընթացքի մեջ են։ Առաջինը՝ մշակել ենք Համայնքների Մրցունակության Ինդեքսը (ՀՄԻ), որի արդյունքները կներկայացնենք հանրությանը հոկտեմբերի վերջին։ Մոտ 300 համայնք եւ 3000 ընկերություններ են մասնակցում ՀՄԻ հաշվարկման հարցմանը։ Մյուսը՝ Հայաստանի բոլոր համայնքների տնտեսական քարտեզագրումն է, որը նույնպես կներկայացվի մեր կայքում։

Մեկ այլ գործընթաց, որը սկսել ենք, վերաբերում է փոքր բիզնեսի աջակցության ռազմավարությանը, հատկապես՝ գյուղական համայնքներում նորարական ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։ Այս հիմնարար փաստաթուղթը պատրաստ կլինի նոյեմբերին։ Այն կներկայացնենք կառավարությանը՝ որպես հանրային պատվեր՝ փոքր բիզնեսի աջակցության քաղաքականության մշակման համար։

Այսուհանդերձ, Հիմնադրամի հիմնական առաքելությունը համայնքների տնտեսական զարգացումն է՝ փոքր բիզնեսի աջակցության, գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ եկամուտների աճին նպաստող ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։  

- Ուսումնասիրվե՞լ է արդյոք միջազգային փորձը՝  հիմնադրամի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար եւ որքանո՞վ է այն կիրառելի  հայաստանյան իրականության համար:

- Հիմնադրամի փորձագիտական խմբերում ներառված են աշխարհում գիտական համայնքներում հայտնի մասնագետներ՝ ինչպես գործարարության զարգացման, այնպես էլ տարածքային տնտեսական զարգացման ուղղություններով։

Արդեն համագործակցության պայմանագրեր ունենք գերմանական Mesopartner  ընկերության հետ, որը տնտեսական զարգացման մասնակցային մեթոդաբանությունների ստեղծման գծով աշխարհի առաջատար ընկերություններից է, Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումի (The Vienna Consortium for Development Initiatives /VCDI), PEMconsult ընկերության հետ, որոնք ակտիվորեն ներգրավվում են Հիմնադրամի ռազմավարության մշակման եւ իրականացման մեջ։

Միեւնույն ժամանակ, ընդլայնում ենք համագործակցությունը Heifer International-ի, ինչպես նաեւ Հայաստանի առաջատար կազմակերպությունների հետ՝ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամի, Ագրոբիզնեսի կրթության եւ հետազոտությունների միջազգային կենտրոնի, Տնտեսություն եւ Արժեքներ հետազոտական կենտրոնի, Հայրենիքի զարգացման հիմնադրամի եւ այլն։

- Նախատեսվում է, որ ծրագրերի արդյունավետությունը Հիմնադրամը պետք է դիտարկի կոնկրետ տարածքի զարգացման տեսանկյունից: Խնդրում եմ մանրամասնեք, ի՞նչ է ընկած այս մոտեցման հիմքում:

- Մեր առաջնային թիրախը գյուղական համայնքներն են։ Առաջին հերթին համայնքի բնակիչների հետ հասկանում ենք գյուղի կյանքը, տնտեսության կառուցվածքն ու ուժը, տնտեսական հիմնական դերակատարների պլանները, այնուհետեւ կառուցում ենք նախաձեռնություններ տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, որոնց շահառուները համայնքների բնակիչներն ու կազմակերպություններն են։ Դրանք կարող են լինել փոքր ձեռնարկություններ, ֆերմերային տնտեսություններ, որոնց զարգացման համար լրացուցիչ գիտելիք, տեխնոլոգիա կամ ֆինանսներ են հարկավոր։ Առանձին ծրագրերի տեսքով քննարկում ենք նաեւ փոքր ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք նպաստում են համայնքների տնտեսական զարգացմանը։

- Կլինե՞ն արդյոք հատուկ մշակված ծրագրեր սահմանամերձ շրջանների համար:

- Արդեն սկսել ենք ուսումնասիրել Տավուշի սահմանամերձ համայնքները՝ Նոյեմբերյանից մինչեւ Բերդ։ Այստեղ ենք տեսնում մեր առաջնային թիրախը։  

- Պետություն-մասնավոր հատված համագործակցությանն օժանդակող ի՞նչ առաջնային քայլեր է նախատեսում իրականացնել հիմնադրամը:

- Կառաջարկենք համագործակցել գյուղերում բիզնեսի զարգացման ուղղությամբ։ Մշակվող ռազմավարությունը հենց այս համագործակցությանն է միտված, եւ հուսով ենք, որ կառավարության մեջ կգտնենք համախոհներ։ Գյուղի զարգացումն առանց բոլոր կողմերի համագործակցության անհնար է, ուղղակի պետական աջակցության լծակները պետք է նույնպես ավելի հասցեական լինեն եւ տեղավորվեն գյուղի բնակչության պլանների մեջ։

- Ի՞նչ ֆինանսական միջոցների հաշվին են իրականացվելու Հիմնադրամի ծրագրերը, եւ որքանո՞վ իրատեսական եք համարում միջազգային ֆինանսական կառույցների ներգրավվածությունը հիմնադրամի աշխատանքներին:

- Այժմ բանակցում ենք Հայաստանում գրանցված եւ գյուղերի զարգացման խնդիրներով զբաղվող գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ։ Մեծամասամբ տեսնում ենք համագործակցության պատրաստակամություն։ Հուսով եմ, մյուս տարի կտեսնենք առաջին արդյունքները։

Ծրագրերի ֆինանսավորման առաջնային աղբյուր ենք համարում դրսում ապրող մեր հայրենակիցների նվիրատվությունները։ Մեր կայքը կունենա նման հնարավորություն։ Սփյուռքի տարբեր համայնքներում այսօր աշխատում ենք՝ համախոհների խմբեր ձեւավորելու ուղղությամբ։ Ներառում ենք նաեւ գյուղերի նախկին բնակիչներին, ովքեր տնտեսական հաջողություններ ունեն դրսում։

- Այս կամ այն ոլորտի զարգացմանն ուղղված կառույցի արդյունավետությունը  ենթադրում է տեսանելի արդյունքներ՝ դրանք ե՞րբ կարող են շոշափելի դառնալ հանրության համար:

- Այս տարվա ընթացքում կներկայացնենք երեք հիմնական պրոդուկտներ՝ Համայնքների մրցունակության ինդեքսը, Համայնքների տնտեսական քարտեզները եւ Փոքր բիզնեսի աջակցության ռազմավարությունը։

Մինչեւ տարվա վերջ կաշխատենք ավելի քան տասը գյուղական համայնքներում։ Այս առումով առաջին արդյունքները տեսանելի կլինեն գարնանը։   

Վարազդատ Կարապետյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 7990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW