Կորյուն Աթոյան. «Դիմելու ենք գործարարներին ուսանողներին հովանավորելու առաջարկով»

02.09.2014 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Banks.am-ը արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) եւ Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների միջեւ համագործակցության շրջանակներում հիմնադրված Բրիտանական բիզնես դպրոցը սկսել է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար:

Դեռեւս 2013թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշել էր, որ ՀՊՏՀ-ն ու բրիտանական Globe Education (GB) ընկերությունը համատեղ կհիմնադրեն «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ: Ամիսներ առաջ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՊՏՀ-ից հետ վերցվեց  275 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք եւ 10 տարի ժամկետով հանձնվեց Բրիտանական  բիզնես դպրոցին:

Հիմնադրվող Բրիտանական բիզնես դպրոցի առանձնահատկությունների շուրջ Banks.am-ը զրուցել է  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ:

- Պ-ն Աթոյան, խնդրում եմ համառոտ ներկայացնել Հայաստանում Բրիտանական  բիզնես դպրոցի հիմնադրման նախապատմությունը: Ինչո՞վ էր  պայմանավորված դպրոցի բացման անհրաժեշտությունը, եւ ու՞մ կողմից է եղել մագիստրոսական ծրագրի  գործարկման նախաձեռնությունը:

- Գաղափարը ծագել է մոտ երկու տարի առաջ, երբ բուհի միջազգայնացման գործընթացի շրջանակում եվրոպական բուհերի հետ համագործակցության եզրեր էինք փնտրում: Այս ողջ ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել ծրագիրն իրականություն դարձնելու համար: Սկսեցինք համագործակցել բրիտանական Globe Education (GB) ընկերության հետ, որը համագործակցում է Մեծ Բրիտանիայի 4 համալսարանների հետ: Ի վերջո, ընտրվեց Անգլիա Ռասկին համալսարանը:  Մի շարք այցելություններ տեղի ունեցան, որոնց արդյունքում բրիտանական կողմը շատ հավանեց Հայաստանը՝ համոզվելով, որ ծրագիրը կարելի է այստեղ իրագործել:

- Տնտեսագիտական կրթության առկայությունը պարտադի՞ր պայման է դպրոց ընդունվելու համար: Ինչպե՞ս է կատարվելու ուսանողների ընտրությունը՝ ընդունելության ի՞նչ քննություններ պետք է հանձնեն դիմորդները:

-Ոչ, մասնագիտական սահմանափակումներ չկան, այնուամենայնիվ, հնարավոր է, որ հետագայում այդպիսիք կիրառվեն: Բայց այս պահի դրությամբ  նույնիսկ այլ բնագավառում մասնագիտացած, լավ սովորող ուսանողը, ով ցանկանում է այս մասնագիտացմամբ մագիստրոսական աստիճան ստանալ եւ տիրապետում է օտար լեզվին, կարող է ընդունվել բիզնես դպրոց:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է բակալավրի աստիճան եւ անգլերեն լեզվի իմացություն (IELTS 6.0 ): Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում ուսանողներն անգլերեն լեզվի անվճար քննություն կհանձնեն Բրիտանական բիզնես դպրոցում: Ուսման վարձը բարձր չէ՝ £2950 (մոտ 2 մլն դրամ)  ուսումնառության ողջ կուրսի համար:

Նշեմ, որ հեռակա մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը եւ աշխատանքը: Բրիտանական կրթական համակարգն էապես տարբերվում է հայկականից: Եթե մենք տարեկան մեկ անգամ ենք մագիստրոսների ընդունելություն կատարում, ապա նրանց մոտ դա շարունակական բնույթ է կրում: Օրինակ, եթե հավաքագրվում է 10 հոգի, ծրագիրը մեկնարկում է: Տարվա ընթացքում, ըստ պահանջարկի, կարող են ձեւավորվել մի շարք նոր խմբեր:

Ծրագրի տեւողությունը 18 ամիս է: Դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր 6-ից 8 շաբաթը մեկ՝ ուրբաթ օրը 18:00-ից 20:00-ն, շաբաթ եւ կիրակի օրերին՝ 9:00-ից 17:30-ը:

- Ի՞նչ մասնագիտացումներ են գործելու դպրոցում:

-Այս պահի դրությամբ գործելու է մեկ ծրագիր՝ բիզնեսի կառավարում: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան միջազգային ճանաչում ունեցող բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ: Այսինքն, հայ ուսանողները՝ ուսանելով Հայաստանում, ստանում են բրիտանական կրթություն եւ դիպլոմ՝ մի քանի անգամ ավելի մատչելի պայմաններով:  

- Ըստ նախնական տվյալների, բիզնես դպրոցը կներգրավի ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի ուսանողներին: Արդեն ստացե՞լ եք հայտեր տարածաշրջանի ուսանողներից:  

-Դեռեւս նախնական փոլում, երբ հայտարարվեց բիզնես դպրոց հիմնելու մտադրության մասին, հետաքրքրությունը մեծ էր թե արտասահմանցի եւ թե սփյուռքահայ ուսանողների շրջանում: Հետաքրքրություն կարող է նկատվել, օրինակ, Հնդկաստանի դիմորդների շրջանում. վերջիններս կնախընտրեն առավել ցածր գներով նույն ծրագիրը ուսանել Հայաստանում, քան՝ Մեծ Բրիտանիայում: Կարծում եմ, ժամանակի ընթացքում կնկատվի արտերկրից հայտերի թվի աճ:   

-Ի դեպ, ովքե՞ր են դասավանդելու դպրոցում. արդյո՞ք լինելու են արտասահմանից հրավիրված դասախոսներ:

-Դասավանդումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսների կողմից՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ: Դասախոսական անձնակազմի մոտ 20 %-ը լինելու են տեղացի դասախոսներ: Նշեմ, որ բրիտանական կողմը մեկ տարուց ավելի է ինչ հանդիպում է հայ դասախոսների հետ՝ ընտրելով այն մասնագետներին, ովքեր ընդգրկվելու են ծրագրում:

-Նշվել էր, որ ուսման ընթացքում ուսանողը կարող է ընդգրկվել Globe Education-ի որեւէ մասնաճյուղում: Կմանրամասնե՞ք, թե ինչպես է ընթանալու այդ գործընթացը:

-Ուսանողը ուսումնառության ընթացքում, ուսման վարձը վճարելով Հայաստանում, հնարավորություն կստանա անվճար երկու մոդուլի մասնակցել Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Մալթայում, Լոնդոնում եւ այլն: Սա պարտադիր բնույթ չի կրում, քանի որ այնտեղ բնակվելը բավական ծախսատար է, բայց, իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն օգտվել այդ հնարավորությունից:

- Ի՞նչ ծավալի ներդրումներ են պահանջվել Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի հիմնադրման համար, եւ ովքե՞ր են ծրագրի աջակիցները: Ի դեպ, նախատեսու՞մ եք կրթաթոշակներ տրամադրել ֆինանսական դժվարություններ ունեցող եւ լավ սովորող ուսանողներին:  

-Առանձնապես մեծ ներդրումներ չեն կատարվել, քանի որ կառավարության որոշմամբ տարածքն անվարձահատույց տրամադրվել է բիզնես դպրոցին: Էլեկտրոնային եւ գրքային գրադարան տրամադրելու է բրիտանական կողմը, իսկ տարածքը կահավորել է հայկական կողմը: Իրականում, սկզբնական շրջանում մեծ ներդրումներ հարկավոր չեն. հիմնականում տարածքի խնդիրն էր, որ լուծվեց:  

Ճիշտ է, ծրագրում այդ մասին չի խոսվում, բայց բանավոր պայմանավորվածություն կա, որպեսզի ինչ-որ մեխանիզմներ կիրառվեն լավ սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Այդ խնդիրները ժամանակի ընթացքում, կարծում եմ, կլուծվեն:  

Ծրագրի հաջող մեկնարկից հետո կդիմեմ գործարար աշխարհին, բայց ոչ այն առաջարկով, որ ներդրումներ կատարեն բիզնես դպրոցում: Դրա փոխարեն կառաջարկեմ  հովանավորել ուսանողներին: Օրինակ, ծրագրում կարող են ընդգրկված լինել Հայաստանի առեւտրային բանկերի աշխատակիցներ, հետեւաբար, բանկերի ղեկավարների հետ կքննարկեմ բանկի կողմից իրենց աշխատակցի ուսումնառության ֆինանսավորման հնարավորությունը:

Կորյուն Աթոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 11093
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW