"Հայաստանյան բանկերը վերականգնում են վստահությունը"

06.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ասում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն

“Հայաստանի Հանրապետություն” օրաթերթ, հուլիսի 6, 2006թ., թիվ 125

Վերջին տարիներին ՀՀ առեւտրային բանկերը զգալիորեն ընդլայնել են իրենց գործունեության շրջանակներն ու սպասարկման ծառայությունների ցանկը, թեեւ երկրի անկախացման առաջին տարիներին չձեւավորված օրենսդրական դաշտում նորաստեղծ բանկերը սխալներ ու սայթաքումներ ունեցան, որոնք բերեցին բացասական հետեւանքների: Այժմ որքանո՞վ է վերականգնվել նախկին վստահությունը ֆինանսական կառույցների նկատմամբ, արդյո՞ք բոլորն անվերապահորեն օգտվում են համակարգի ծառայություններից, կամ սպասարկման ոլորտներում գործո՞ւմ են բարենպաստ օրենքներ:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն մատնանշեց այն հիմնախնդիրները, որոնք առկա են հայաստանյան բանկերում` նախ եւ առաջ նշելով, որ թեեւ Հայաստանում ֆինանսական համակարգը բավական զարգացել է, այնուամենայնիվ, աճի խթանման համար դեռ շատ գործոններ են հարկավոր: Պրն Մաքյուն գտնում է, որ նախ` շատ փոքր են բանկերի վարկավորման ծավալները, իսկ տոկոսադրուքներն էլ բավական բարձր են: Նեղ է ֆինանսական ծառայությունների շրջանակը, ինչի պատճառով բանկային համակարգից օգտվողները սակավաթիվ են:

Այնուամենայնիվ, բանկերի ներկայիս գործունեությունը նա բավարար գնահատեց` նշելով, որ օրեցօր ընդլայնվում է բանկերում կնքվող գործարքների թիվը, իսկ ԿԲ-ի կողմից տարվում է պատշաճ վերահսկողություն: Ըստ Ջ. Մաքյուի, բանկային համակարգում նշանակալից բարեփոխումներ են կատարվել` հատկապես ԿԲ դերը վերահսկողության դաշտում մեծացնելու, կորպորատիվ կառավարման համակարգը եւ վարկավորման ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ:

“Մենք վերջին տարիներին նշանակալից բարեփոխումներ ենք ունեցել բանկային համակարգում, բայց այժմ պետք է զարգացնել եւ հասունացնել այդ բարեփոխումները: Բանկային ոլորտը միշտ էլ ենթակա է փոփոխության: Այն զարգանալու մեծ պոտենցիալ ունի եւ ժամանակի ընթացքում կավելացնի աճի տեմպերը”:

ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչի հավաստմամբ, Հայաստանում բանկերը պետք է առավել խոշոր լինեին, իսկ վարկավորումն էլ իրականացվեր լայնածավալ եւ ցածր տոկոսադրույթով: ”Հայաստանում մասնավորապես գործածության մեջ է կանխիկ վճարման համակարգը, եւ հնարավոր չէ կանխիկ վճարումից հրաժարվել: Իսկ մյուս երկրներում, օրինակ` Անգլիայում, ես կանխիկ վճարումներ գրեթե չէի կատարում: Դա նույնպես վկայում է այն մասին, որ Հայաստանի ֆինանսական շուկան բավարար մակարդակով զարգացած չէ”,- խոստովանում է Ջ. Մաքյուն:

Իսկ ինչպիսի՞ բարեփոխումների արդյունքում է հնարավոր զարգացնել Հայաստանի բանկային համակարգը. պրն Մաքյուն նշում է, որ առաջին հերթին պետք է զարգացնել կորպորատիվ կառավարման համակարգը, պետք է միանգամայն տարանջատվի սեփականատերերի եւ մենեջերների աշխատանքային կարգավիճակը: Բարեփոխումների շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչը կարծում է, որ պետք է լուծարել փոքր բանկերը, ինչը հնարավորություն կտա խոշորներին` առավել վստահություն ձեռք բերելու տեսանկյունից: “Մարդիկ բանկերում պետք է կրկնապատկեն իրենց խնայողությունները, ինչը հնարավոր է իրականցնել միայն վստահության դեպքում”,- ասում է Ջեյմս Մաքյուն:

Ի՞նչ թե ինչ պետք է արվի բանկերի հանդեպ հասարակության վստահությունը վերականգնելու համար: ԱՄՀ ներկայացուցիչն ասում է.”Անվստահության գործոնը բնորոշ է նաեւ մյուս երկրներին: Դա նորմալ երեւույթ է հատկապես Հայաստանի համար, քանի որ հասարակությունը, հիշելով բանկերի հետ տեղի ունեցած խարխլված պատմությունները, խույս է տալիս առհասարակ նման կառույցների հետ առնչվելուց: Բայց, ըստ իս, բանկերն իրենց բարձրակարգ գործունեությամբ կամաց-կամաց վերականգնում են վստահության գործոնը: Անկախությունից հետո բանկային համակարգը սկսել է զարգացման լուրջ միջոցներ ձեռնարկել: Իսկ առավել վստահություն ձեռք բերելու համար բանկերը պետք է իրենց ուշադրությունը բեւեռեն հաճախորդների վրա, կողմնորոշվելու համար, թե ինչ են նրանք ակնկալում` առնչվելով այդ համակարգի հետ, որպեսզի կարողանան բավարարել նրանց բոլոր պահանջները":

Դիտում՝ 8200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW