«Լույս» հիմնադրամը հայտարարել է «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհների մրցույթ, որին կարող են մասնակցել «Լույսի» այն ուսանողները եւ շրջանավարտները, ովքեր նախատեսում են գործարար կամ սոցիալական ձեռնարկ իրագործել Հայաստանում: Ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար Մեդիամաքսը զրուցել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ:- Ովքե՞ր կարող են դիմել «Լույս»-ի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթին եւ ի՞նչ պահանջներ նրանք պետք է բավարարեն: - Նախ` ստարտ-ափը պետք է ընդգրկի «Լույս»-ի առնվազն մեկ կրթաթոշակառուի, ով լիովին կատարել է «Լույս»-ի հանդեպ իր պարտավորությունները։ Ստարտ-ափը պետք է հիմնված լինի Հայաստանում, բայց մենք խրախուսում ենք, որ այն նաեւ միտված լինի դեպի միջազգային շուկաներ: Ստարտ-ափը պետք է լինի ազդեցիկ, շոշափելի եւ զգալի արդյունքներ ունենա հասարակության համար: Վերջին պահանջը` ստարտ-ափ թիմը պետք է կազմված լինի առնվազն երեք անդամից, եւ ունենա եւս երեք հոգուց բաղկացած խորհրդատվական մարմին, որտեղ ընդգրկված կլինեն տվյալ ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր պատրաստ կլինեն ժամանակ առ ժամանակ խորհրդատվություն տրամադրել տվյալ թիմին` աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Բիզնես գաղափարները կարող են ընդգրկել ցանկացած ոլորտ` առանց սահմանափակման: Դիմումը կարելի է ներկայացնել առցանց՝ այս հղումով:- Քանի՞ նախագիծ է ֆինանսավորվելու «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի շրջանակում, եւ ինչպե՞ս է կատարվելու ընտրության գործընթացը: -Ընդհանուր առմամբ, ընտրելու ենք 3 նախագծեր, որոնք կստանան համապատասխանաբար $20 հազարին, $10 հազարին եւ $5 հազարին համարժեք դրամ:Առաջին տեղի համար գումարի չափը որոշել ենք՝ հաշվի առնելով այլ երկրներում նոր ընկերություն բացելու համար անհրաժեշտ ծախսերը` մեկ տարվա կտրվածքով: Օրինակ` ԱՄՆ-ում այդ գումարը սովորաբար կազմում է $100 հազար, այնպես որ, Հայաստանի պարագայում $20 հազարը բավարար է բիզնես սկսելու եւ նախնական փուլը հաղթահարելու համար: Միաժամանակ, պետք չէ մտածել, որ երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված գաղափարները պակաս հետաքրքիր կլինեն, եւ դժվար է գուշակել, թե հաղթող երեք նախագծերից որը հետագայում ամենահաջողակը կդառնա: «Լույսի» շրջանավարտները յուրաքանչյուր ամառվա ընթացքում մեր ծրագրի շրջանակում հավաքվում են Հայաստանում: Հիմա հենց այդ պահն է, երբ մեր ուսանողներն աշխարհի տարբեր համալսարաններից գալիս են՝ ամռանը միասին աշխատելու: Հույս ունենք, որ այդ հանդիպումների ընթացքում սեփական ընկերություններ բացելու նպատակ ունեցող երիտասարդները կգտնեն նոր անդամներ իրենց թիմերի համար, կմասնակցեն փորձի փոխանակմանը, նոր ծանոթությունների հաստատման եւ գաղափարների զարգացման գործընթացին: Հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է հունիսի 3-ին: Հուսով ենք, որ լավ առաջարկներ կստանանք: Հայտի ներկայացման վերջնաժամկետը 2014 թ.-ի հոկտեմբերի 3-ն է, իսկ հաղթող նախագծերը նախատեսում ենք ներկայացնել դեկտեմբերին: - Ի՞նչ եղանակով է վերահսկվելու հաղթող ստարտ-ափերի հետագա գործունեությունը: -Հաղթողներին հայտարարելուց հետո մեկ տարվա ընթացքում ընկերությունները պետք է զեկույցներ ներկայացնեն եւ լուսաբանեն իրենց աշխատանքի գործընթացը, որպեսզի վստահ լինենք, որ տրամադրված գումարը նպատակին է ծառայում: Սովորաբար, երբ որեւէ ընկերություն իր աշխատանքը սկսում է զրոյից, նախնական ֆինանսավորումը օգնում է նրան զարգանալ: Հետո գալիս է մի պահ, երբ նորից ֆինանսավորման կարիք է զգացվում: Այնպես որ, որքան թափանցիկ գործի ընկերությունը եւ հասարակությանը ներկայացնի իր գործունեությունը, այնքան մեծ են նրա շանսերը նոր ֆինանսավորում գտնելու եւ հաջողությունը զարգացնելու ուղղությամբ: Ընտրված ստարտ-ափերը հետագայում մեր կողմից ֆինանսավորում չեն ստանալու: Մեր նպատակն է արտասահմանյան ներդրողների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա, իսկ հայ երիտասարդների մեջ սերմանել այն գիտակցությունը, որ որպես շուկա պետք է դիտարկել ոչ միայն տեղական, այլեւ միջազգային բիզնես միջավայրը: Ցանկանում ենք գիտելիքի օգնությամբ Հայաստանում համաշխարհային շուկայի համար արտադրանք ստեղծել: -Կարո՞ղ ենք ասել, որ «Ստարտ Արմենիա» մրցույթի նպատակներից մեկը արտասահմանում կրթություն ստացած հայ երիտասարդներին Հայաստանում պահելն է: -Նախ նշեմ, որ «Լույս»-ն իր գործունեության 5 տարիների ընթացքում ունեցել է 307 շրջանավարտ, եւ այս ամառվա ընթացքում նրանց շարքերը կհամալրեն եւս մոտ 150 երիտասարդներ: Մեր բոլոր շրջանավարտներին Հայաստանը փորձում ենք ներկայացնել որպես հնարավորությունների երկիր: Երբեք պայման չենք դնում, որ այն ուսանողը, ով «Լույս»-ի կրթաթոշակով գնում է սովորելու, պետք է պարտադիր Հայաստան վերադառնա: Մենք նրանց դիտարկում ենք որպես ազատ քաղաքացիներ, որոնք ընտրության իրավունք ունեն: Բայց մենք պետք է մրցունակ լինենք, քանի որ լավ ուսում ստացած երիտասարդը գրավիչ է բազմաթիվ երկրների համար, եւ Հայաստանն էլ պետք է նրանց լավ պայմաններ առաջարկի: Մեր ուսանողների 85 տոկոսը Հայաստանից են (ընդհանուր առմամբ, շրջանավարտներ ունենք 14 երկրներից): Նրանց մեծ մասը վերադառնում է Հայաստան, ի դեպ` վերադարձողների մոտ 20 տոկոսը սփյուռքահայեր են: Նրանք հասկանում են, որ Հայաստանում հնարավորությունները շատ են:Մեր ուսանողներն ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելու խնդիր չունեն: Մենք անգամ չենք հասցնում տալ այնքան թվով շրջանավարտներ, որոնք կապահովեին Հայաստանի ամբողջ աշխատաշուկան: Այս առումով մեծ առավելություն ունենք ԱՄՆ-ի կամ Եվրոպայի համեմատ, որովհետեւ այնտեղ շատերն են հայտնի համալսարաններում կրթություն ստացել, հետեւաբար աշխատաշուկայում մրցակցությունը չափազանց մեծ է: Մեզ հետ բազմաթիվ գործատերեր են կապ հաստատում, հարցնելով, թե արդյո՞ք ունենք այսինչ մասնագիտությամբ ուսանող, ով կարող է հետագայում իրենց մոտ աշխատել: Ժաքլին Կարաասլանյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 3529