Սպառման դասական պատկերացումները հեղափոխելու ճանապարհին

10.06.2014 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Փոխանակման տնտեսությունը սոցիալ-տնտեսական համակարգ է, որի հիմքում սպառման ապրանքների եւ ծառայությունների «կիսումն» է տարբեր մարդկանց եւ կազմակերպությունների կողմից` միմյանց միջեւ:

Թեեւ գաղափարը ինքնին նոր չէ, սակայն այն արդյունավետ է դարձել միայն ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք նվազեցնում են գործառնական ծախսերը` դարձնելով ակտիվների փոխանակումը ավելի էժան, ավելի հեշտ եւ, հետեւաբար, մեծածավալ: Շնորհիվ համացանցի, այսօր Airbnb.com-ի, RelayRides.com-ի եւ SnapGoods.com-ի նման կայքերը «կապում» են սեփականատերերին եւ վարձակալներին, նույնականացնում նրանց ինքնությունը սոցիալական ցանցերի միջոցով, իսկ օնլայն վճարային համակարգերը կարգավորում են բիլինգի գործընթացը:

Փոխանակման տնտեսության մոդելը հատկապես «աշխատում» է այն իրերի համար, որոնք թանկ են գնելու համար եւ լիարժեք չեն օգտագործվում սեփականատերերի կողմից: Բնակարանները, առանձնատները եւ մեքենաները դրա առավել ակնհայտ օրինակներ են, սակայն վարձակալել կարելի է նաեւ, օրինակ, արշավի տարածքներ Շվեդիայում, դաշտեր` Ավստրալիայում եւ նույնիսկ լվացքի մեքենաներ Ֆրանսիայում:

Նման «համատեղ» սպառումն առավելություններ ունի եւ սեփականատերերի տեսանկյունից, ովքեր գումար են վաստակում թերօգտագործվող իրերից, եւ վարձակալների տեսանկյունից, ովքեր այս դեպքում ավելի քիչ են վճարում, քան կվճարեին, եթե վարձակալեին ոչ թե անմիջական սեփականատերերից, այլ միջնորդ կազմակերպություններից:

ՀՀ-ում փոխանակման տնտեսությունն առավելապես արտահայտվում է վարձույթի ավանդական տարբերակով: Հայաստանում վարձույթի շուկայի զարգացման միտումները եւ բնորոշ գծերը պարզելու նպատակով Banks.am-ը զրուցել է վարձակալման ծառայություններ առաջարկող մի քանի բիզնես կառույցների հետ:

Ոլորտ` ընդգծված սեզոնայնությամբ

«Ֆորա» ընկերությունը հանդիսանում է միջազգային «SIXT» ապրանքանշանի ներկայացուցիչը Հայաստանում եւ գործում է Գերմանիայում ձեւավորված ավտովարձույթի չափանիշների համաձայն:

Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ մեքենաների վարձակալությունը որպես երեւույթ զարգանում է համընթաց ընդհանուր տնտեսությանը եւ առաջին հերթին` զբոսաշրջությանը: ՀՀ-ում վարձույթի շուկայի զարգացման մասին է վկայում վարձակալման համար առաջարկվող ավտոմեքենաների թվի ամենամյա աճը եւ համալրումը նոր ու ժամանակակից փոխադրամիջոցներով:
 
«Մեր ընկերության ծառայություններից օգտվողների մեծամասնությունն օտարերկյա քաղաքացիներ են, ովքեր ավտոմեքենա վարձակալում են Հայաստանում իրենց գտնվելու ընթացքում: Նրանց թվում քիչ չեն, իհարկե, նաեւ արտերկրում բնակվող հայերը: Սրանով  պայմանավորված`ավտովարձույթի բիզնեսը կրում է խիստ սեզոնային բնույթ՝ ակտիվանալով տուրիստական պիկերի ժամանակ (ամառ-ձմեռ) եւ որոշակի անկում ապրելով միջանկյալ սեզոններին (աշուն-գարուն): Այս պարագայում կարեւորվում է համագործակցությունը կորոպորատիվ հաճախորդների հետ, որոնք վարձակալում են ավտոմեքենաներն երկար ժամկետներով (հաճախ մեկ եւ ավելի տարով) ու շահագործում ծառայողական նպատակներով: Այս դեպքում կիրառվում են երկկողմանի պայմանագրային մեխանիզմներ, որոնք կարգավորում են կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, սահմանում պատասխանատվության սահմանները մեքենայի վարձակալման ողջ ժամկետի ընթացքում: Սա խոշոր ընկերություններին թույլ է տալիս զգալիորեն կրճատել սեփական ավտոպարկ ունենալու հետ կապված ավելորդ ծախսերը: Ֆիզիկական անձանց կողմից վարձակալումը նույնպես կարգավորվում է պայմանագրային համապատասխան մեխանիզմների կիրառմամբ»:

Արտյոմ Պետրոսյանը մեծապես կարեւորում է համացանցի դերը. «Համացանցը դարձել է ցանկացած բիզնեսի զարգացման կարեւորագույն գործոններից մեկը, եւ դա առավել արդիական է մեքենաների վարձակալման ոլորտում: Քանի որ մեր հաճախորդների մեծ մասը արտասահամանցիներ են եւ ձգտում են ստանալ իրենց մեքենան անմիջապես Հայաստան ժամանելուց հետո, առավել որակյալ ծառայություն մատուցելու միակ տարբերակը ինտերնետ կայքն է: Աշխարհի ցանկացած կետից ցանկացած հաճախորդ կարող է մտնել մեր կայք եւ ամրագրել իր ցանկացած ավտոմեքենան: Ամրագրման հաստատվելու դեպքում մենք մեքենան կարող ենք հանձնել անմիջապես օդանավակայանում: Նմանապես, Հայաստանի ցանակացած քաղաքացի հնարավորություն ունի մեր միջոցով վարձակալել մեքենա աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ գործում է «SIXT» ընկերությունը»:
 
Խոսելով վարձակալվող մեքենաների գների մասին`Արտյոմ Պետրոսյանը նշեց, որ, թեեւ վարձակալվող ավտոմեքենայի գինն առաջին հերթին կախված է մեքենայի դասից եւ հաշվարկվում է օրական սկզբունքով, սակայն ավտովարձույթի ոլորտում գների ձեւավորման հիմքում ընկած են բազմաթիվ գործոններ, այդ թվում նաեւ մակրոտնտեսական, որոնցից է նախեւառաջ տնտեսությունում առկա գնաճի մակարդակը: Քանի որ մեքենաների պարկն անընդհատ թարմացվում է, վարձակալման գների վրա ազդում է նաեւ մեքենաների գների բարձրացումը: Այնուամենայնիվ, ոլորտի սեզոնայնությամբ պայմանավորված, այսպես կոչված low season-ի ժամանակահատվածում բոլոր օպերատորներն էլ ձգտում են առաջարկել առավել գրավիչ գներ, կիրառում են տարատեսակ ակցիաներ հավանական հաճախորդներին գրավելու նպատակով:

Շեշտելով ուղիղ կապը տուրիստական ներհոսքի ցուցանիշների եւ վարձակալվող մեքենաների թվի միջեւ` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ մոտակա տարիներին ավտովարձույթը ՀՀ-ում կգրանցի կայուն աճ՝ տարեկան մի քանի տոկոսի սահմաններում:

Ոլորտ`ընդգծված մրցակցությամբ

«Եվրոպքար» ֆրանսիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սուրեն Մելիքյանը Banks.am-ի հետ զրույցում նույնպես առանձնացրեց ավտոմեքենաների վարձույթի նկատմամբ պահանջարկի սեզոնային բնույթը:

Ընկերության տնօրենի փոխանցմամբ, թեեւ վարձակալվող մեքենաների ամբողջական պահանջարկը տարեցտարի աճում է, սակայն, պայմանավորված նաեւ ընկերությունների թվաքանակի աճով, մեկ ընկերության կտրվածքով պահանջարկը նվազում է:

 «Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ-ում մեքենաների վարձակալման ծառայությունների շուկան համալրվել է մեծ քանակությամբ նոր ընկերություններով, ինչի արդյունքում գները ունեցել են նվազման միտում: «Եվրոպքարը», որպես միջազգային ստանդարտերով գործող ընկերություն, առաջարկում է միայն նոր մեքենաներ (2-3 տարվա վաղեմության), իսկ մեկ օրվա վարձույթի միջին գինը մեզ մոտ կազմում է 30 000 դրամ»:

«Վերջին տարիներին համացանցի հասանելիության աճը մեծապես նպաստել է վարձույթի բիզնեսին»,- նշում է Սուրեն Մելիքյանը: «Նման սուր մրցակցային պայմաններում որոնման համակարգերի SEO (search engine optimization) գործիքները մեզ համար դարձել են կարեւորագույն գործոն: Զբոսաշրջիկը, ով պետք է ժամանի Հայաստան, վարձակալման ծառայություններ առաջին հերթին փնտրում է որոնման համակարգերով: «Եվրոպքարը», որպես միջազգային կազմակերպություն, հայտվում է փնտրման առաջին երեք արդյունքների մեջ, ինչը զգալիորեն հեշտացնում է մեր խնդիրը»:

Ամփոփելով` Սուրեն Մելիքյանը նշեց, որ վարձակալման շուկան կարելի է բնութագրել որպես շահութաբեր ոլորտ, եթե չլինեն կողմնակի խոչընդոտները եւ սեզոնայնության գործոնը:

Զբոսաշրջություն, հյուրընկալություն եւ գնաճ

«HyurService» ընկերությունը վարձույթով առաջարկում է բնակարաններ, առանձնատներ, միջոցառումների կազմակերպան համար անհրաժեշտ տեխնիկա, ինչպես նաեւ տրամադրում է օժանդակող անձնակազմի ծառայություններ:

Ընկերության մենեջեր Մարիաննա Քոսակյանը Banks.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ ընկերության ծառայություններից հիմնականում օգտվում են արտասահմանից ժամանած հյուրերը:

«Սովորաբար, մեր կողմից առաջարկվող ծառայությունների շրջանում առավել մեծ պահանջարկ նկատվում է բնակարանների եւ առանձնատների վարձակալության նկատմամբ, եւ տարեցտարի պահանջարկն աճում է: Վերջին շրջանում նկատվում է նաեւ սարքավորումների, տպագրական նյութերի, աջակցող անձնակազմի տրամադրման պահանջարկի աճ տարբեր գործնական միջոցառումների անցկացման համար: Պահանջարկի աճի տեսանկյունից զգալի նպաստող դեր ունի նաեւ համացանցի հասանելիության եւ իրազեկվածության մակարդակի աճը»:

Ընկերության մենեջերը նշում է, որ տարեցտարի վարձույթի շուկայում նկատվում է գնաճ: «Մենք մեր ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների արժեքները ֆիքսում ենք տարվա սկզբում եւ պահպանում ամբողջ տարվա համար: Չնայած շուկայական գների բարձրացմանը, փորձում ենք հնարավորինս պահպանել մեր ծառայությունների գները եւ դրանք շատ չբարձրացնել»:

«Հայաստանում զբոսաշրջությունը միտված է զարգանալու, եւ Հայաստան ժամանող հյուրերի հետզհետե աճող քանակությունը ստիպում է այս բնագավառում ծառայություններ մատուցող ընկերություններին ընդլայնել իրենց ծառայությունների շրջանակը` մեծացնելով վարձակալման տրվող օբյեկտների քանակությունը, որպեսզի կարողանան համընթաց
քայլել շուկայի պահանջներին եւ հնարավորինս բավարարել յուրաքանչյուր հյուրի կարիքները մեր երկրում գտնվելու ընթացքում»,- նշում է Մարիաննա Քոսակյանը:

Փոխանակման տնտեսության հայաստանյան «նախատիպը»

Մեզ հաջողվեց գտնել փոխանակման տնտեսությանը բնորոշ մոդելով աշխատող կայք ՀՀ-ում: Prakat.am-ը հարթակը գործում է 2012 թվականից:  Համագործակցելով վարձույթի հայկական եւ արտասահմանյան կենտրոնների հետ` հարթակը միաժամանակ հնարավորություն է տալիս նաեւ ֆիզիկական անձանց վարձով տրամադրել իրեր եւ ծառայություններ: Որեւէ ապրանք վարձով տալու համար այն պետք է ավելացնել կայքի համապատասխան բաժնում, ապա այն ուսումնասիրվում է ադմինիստրատորի կողմից եւ, նպատակահարմար լինելու դեպքում, տեղադրվում: Պատվերի դեպքում ապրանքի վարձակալությունից ստացված գումարի որոշակի տոկոսը պահվում է Prakat.am-ի կողմից որպես միջնորդավճար:

Մեզ հետ զրույցի ժամանակ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ վարձակալության հանձնվող ապրանքները ըստ հաճախականության կարելի է դասակարգել հետեւյալ կեչպ՝ տրանսպորտային միջոցներ, համակարգչային տեխնիկա, ձայնային սարքավորումներ, միջոցառումների անցկացման համար նախատեսված այլ առարկաներ:

«Մեր հիմնական հաճախորդները 60/40 տոկոսային  հարաբերակցությամբ ֆիզիկական անձինք են: Վարձակալի եւ վարձատուի հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով: Վարձակալը պատվերը տալիս է նախապես, գործարքը իրականացվում է 50% կանխավճարով, իսկ ժամկետն երկարացնելու համար անհրաժեշտ է նախապես վճարել ավելացված օրերի վարձավճարն ամբողջությամբ:

Եզրափակելով՝ Prakat.am-ից նշեցին, որ, համեմատելով նախորդ տարիների հետ, եկամուտների նվազման միտում է նկատվում ամբողջ մրցակցային դաշտում։

«Համատեղ սպառման» առաջացումը եւ զարգացումը փաստում է համացանցի աճող կարեւորությունը սպառողների համար: Տնտեսագետները փոխանակման տնտեսության այս մոդելը համարում են ֆինանսատնտեսական ճգնաժամի ծնունդ եւ վստահ են, որ այն ունի բավարար ներուժ սպառման դասական պատկերացումները հեղափոխելու համար:

Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար

Դիտում՝ 2876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW