«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի բաժնետեր, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանի հարցազրույցը Banks.am-ին- «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծով՝ խոշոր կազմակերպությունների համար հանվում է աուդիտի ենթարկվելու պարտադիր պահանջը։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է այդ պահանջի կիրառումը մինչ օրս նպաստել իր բուն նպատակին՝ խոշոր ընկերությունների աշխատանքի թափանցիկության մակարդակի բարձրացմանը: - Պարտադիր աուդիտի մասին օրենքի ընդունումն ուղղված էր հանրային նշանակություն ունեցող կազմակերպություններ հանդիսացող խոշոր ընկերությունների թափանցիկության մեծացմանը՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի համատեքստում: Անկասկած, այն ունեցավ մեծ ազդեցություն նշված կազմակերպություններում հաշվապահական հաշվառման կանոնակարգման, ֆինանսական հաշվետվությունների բարելավման առումով: Մասնավորապես, բազմաթիվ գործարարներ սկսեցին ավելի լուրջ եւ զգուշորեն վերաբերվել հաշվապահական հաշվառման վարմանը, սկսեցին ի վերջո կարդալ եւ հասկանալ աուդիտորական հաշվետվությունները, ինչը միանշանակ բարձրացրեց գործարարների պատասխանատվության աստիճանը ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործում:Դեռեւս մինչեւ օրենքի ընդունումը պարզ էր, որ որոշ խոշոր կազմակերպություններ, հիմնականում ստվերում գործող, պետք է ամեն գնով խուսափեին աուդիտի անցկացումից կամ փորձեին անցկացնել իրենց շահերին համընկնող աուդիտ: Դրա դեմ պայքարի հիմնական ուղղություն ընտրվեց աուդիտի որակի բարձրացման գործընթացը, ինչին ուղղված մի շարք միջոցառումներ սկսեցին անցկացնել ինչպես ֆինանսների նախարարությունը, այնպես էլ ՀՀ հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան՝ շահագրգիռ աուդիտորական կազմակերպությունների հետ համատեղ:Այսպես, ֆինանսների նախարարությունն իրականացրեց համալիր ստուգումներ հիմնականում այն կազմակերպություններում, որոնք իրականացրել էին մեծ թվով աուդիտորական ստուգումներ խոշոր ընկերություններում՝ չունենալով դրա համար անհրաժեշտ բավարար որակավորված մասնագետներ: Արդյունքում, կասեցվեցին որոշ աուդիտորական կազմակերպությունների գործունեության լիցենզիաները:ՀՀ հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան կազմակերպեց եւ իրականացրեց աուդիտորական կազմակերպությունների գործունեության որակի կամավոր ստուգում միջազգային անկախ փորձագետի ներգրավմամբ եւ արդյունքները ներկայացրեց ինչպես շահագրգիռ մարմիններին, այնպես էլ հանրությանը՝ ստուգման արդյունքները ներկայացնելով իր կայքում: - Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր կողմից նշված միջոցառումներին խոշոր ընկերությունները :- Գործարարները ստացան հնարավորություն իրականացնելու միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ աուդիտ, սակայն, ինչպես փորձը ցույց տվեց, նրանք հիմնականում գերադասեցին աուդիտի գինը որակին: Արդյունքում միջազգային ցանցի անդամ աուդիտորական կազմակերպությունների կողմից իրականացվել է խոշոր կազմակերպությունների աուդիտի չնչին մասը, այն էլ հիմնականում այն խոշոր ընկերությունների, որոնք մինչ օրենքի ընդունումն էլ իրականացնում էին աուդիտ: Հետեւաբար, կեղծ են այն պնդումները, թե խոշոր ընկերությունները մեծ եւ անիմաստ ծախսերի տակ ընկան, քանի որ աուդիտի համար նախատեսված ծախսերը հիմնականում չեն գերազանցել 1 մլն դրամը: Ասենք ավելին՝ դրանք շատ դեպքերում կազմել են մոտ 200 հազար դրամ, ինչը ծիծաղելի է նշված ծավալների պարագայում: - Այդ դեպքում, որո՞նք են այն քայլերը, որոնք կբավարարեն բոլոր կողմերին: - Իհարկե, օրենքն ունի վերանայման եւ լրամշակման անհրաժեշտություն, ինչի վերաբերյալ ՀՀ հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան ներկայացրել է համապատասխան առաջարկություն: Մասնավորապես, առաջարկվել է բարձրացնել պարտադիր աուդիտի անցկացման շեմը կրկնակի չափով՝ սահմանելով այն գործունեությունից ստացվող տարեկան հասույթը 2 մլրդ դրամը գերազանցելու, տարվա վերջի դրությամբ ակտիվների ընդհանուր հաշվեկշռային գումարը 1 մլրդ դրամը գերազանցելու եւ աշխատակիցների միջին ցուցակային թիվը 50-ը գերազանցելու դեպքում միայն: Ընդ որում, պարտադիր պետք է առկա լինի նշված պայմաններից առնվազն երկուսը: Ավելին, առաջարկվել է նաեւ մտցնել պարտադիր մասնագիտական ապահովագրություն աուդիտորական ընկերությունների համար:Մեր կարծիքով, պարտադիր աուդիտի մասին օրենքի ընդունումը միանշանակ ունեցել է իր դրական ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների բարելավման, խոշոր կազմակերպությունների գործունեության թափանցիկության մեծացման, հաշվապահի եւ աուդիտորի դերի ու նշանակության բարձրացման գործում: Եվ այսօր ամեն ինչ պետք է անել նշված գործընթացի շարունակականությունն ապահովելու համար, այլ ոչ թե կուլ գնալ ստվերում գործող որոշ գործարարների նեղ շահադիտական ցանկություններին եւ վերացնել ստվերի դեմ պայքարի կայացած ինստիտուտը՝ այն վերափոխելու եւ կատարելագործելու փոխարեն:Արմեն Հովհաննիսյանի զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 5241