Զարգացման Հայկական Բանկի վարկավորման եւ ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանի հարցազրույցը Banks.am-ին:- Ելնելով վերջերս բանկի ղեկավարության կողմից հնչեցրած հայտարարություններից` հիփոթեքը հավակնում է դառնալ Ձեր վարկային քաղաքականության հիմնական թիրախներից: Ինչո՞վ կբացատրեք ընդգծված ուշադրությունը հիփոթեքի նկատմամբ. արդյո՞ք անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները լավատեսություն են հաղորդում: -Նախ նշեմ, որ մեր բանկը վարում է հավասարակշռված վարկային քաղաքականություն, ինչն ենթադրում է ինչպես տնտեսության տարբեր ոլորտների՝ արտադրության, տրանսպորտի, շինարարության, առեւտրի, ծառայությունների ֆինանսավորում, այնպես էլ ֆիզիկական անձանց վարկավորում՝ տրամադրելով վարկային քարտեր, սպառողական եւ հիփոթեքային վարկեր: Հիփոթեքային վարկերի նկատմամբ ընդգծված ուշադրության հիմքում ընկած են ներկայիս հիփոթեքային շուկայի պահանջները: Ինչու ոչ, կա նաեւ լավատեսության միտումը, մասնավորապես, միջնաժամկետում կանխատեսում ենք հիփոթեքային շուկայի աշխուժացում:- Ի՞նչ եք կարծում, Հայաստանի պարագայում հիփոթեքը սոցիալակա՞ն, թե՞, այնուամենայնիվ, պրեմիում դասի պրոդուկտ է: Այս առումով որքանո՞վ են Ձեր կողմից մշակված հիփոթեքային առաջարկները հասանելի սպառողների միջին խավին: - Մեր կարծիքով, այսօր Հայաստանում հիփոթեքային ծառայություններից հիմնականում օգտվում են միջին եւ միջինից բարձր եկամուտ ունեցող անձիք: Բանկի կողմից հիփոթեքային վարկերի պայմանների բարելավումը, մասնավորապես, տոկոսադրույքի նվազեցումը եւ մարման առավել երկար ժամկետի սահմանումը հանգեցնում է վարկի գծով ամսական վճարումների նվազմանը, ինչը հնարավորություն կտա հիփոթեքային ծառայություններից օգտվելու միջինից ցածր եկամուտ ունեցող անձանց:- Վարկային միջոցների ներդրման առումով ո՞ր հատվածն է առավել հեռանկարային Ձեզ համար՝ անշարժ գույքի առաջնայի՞ն, թե՞ երկրորդական շուկան: -Մենք ֆինանսավորում ենք թե առաջնային, եւ թե երկրորդային շուկան: Սակայն, բանկի կողմից իրականացված վերջին փոփոխություններով պայմանավորված, կարծում եմ, ավելի հեռանկարային է հիփոթեքի երկրորդային շուկան: Երկրորդային շուկայում բնակարաններն ավելի մատչելի են, իսկ մեր կողմից իրականացված միջոցառումները հանգեցնում են նրան, որ կարողանանք վարկավորել միջին եւ միջինից ցածր եկամուտ ունեցող անձանց:- Վերջերս Ձեր բանկի կողմից հայտարարվեց հիփոթեքային վարկի փոխադրման հնարավորության մասին: Խնդրում եմ մանրամասնեք դրա էությունը: Որքանո՞վ է տարածված այս ծառայությունը միջազգային պրակտիկայում: - Հիփոթեքի փոխադրման բովանդակությունը հետեւյալն է. երբ վարկառուն օգտվել է որեւէ բանկից` տվյալ ժամանակի համար բնորոշ պայմաններով, եւ ժամանակի ընթացքում շուկայում տեղի են ունենում պրոդուկտի պայմանների փոփոխություններ` տոկոսադրույքի նվազում, ժամկետի երկարացում եւ այլն, իսկ բանկը չի ցանկանում վերանայել պայմանները, մենք նրան առաջարկում ենք վարկի փոխադրում: Ծառայությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ունեն դրական վարկային պատմություն: Այս դեպքում մենք տրամադրում ենք վարկ ավելի ցածր տոկոսադրույքով եւ երկար ժամկետով: Դրանից բացի, վարկառուին տրամադրվում է բոնուս, այսինքն՝ հավելյալ գումար` վարկի մնացորդի 10%-ի չափով՝ բնակարանի ընթացիկ վերանորոգման եւ կահավորման նպատակով:Բնականաբար, մենք այս պրոդուկտը վերցրել ենք միջազգային պրակտիկայից: Այն շրջանառության մեջ է դրվել ընթացիկ տարում, եւ արդեն իսկ ունենք փոխադրման դեպքեր:- Մոտ մեկ տարի առաջ Համաշխարհային բանկի առաջարկով քննարկման առարկա դարձավ անշարժ գույքի գնահատման խնդիրը: Մասնավորապես, օբյեկտիվությունն ապահովելու նպատակով բանկերին առաջարկվում էր չսահմանափակվել գույք գնահատող 1-2 ընկերությունների ծառայություններով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խնդիրը: - Ընդհանուր առմամբ կիսում ենք Համաշխարհային բանկի մտահոգությունը, սակայն ուզում եմ նշել, որ մեր բանկը չի սահմանափակում հաճախորդին անշարժ գույք գնահատող մեկ կամ երկու ընկերություններով: Ներկայումս աշխատում ենք 5 ընկերության հետ: Ավելացնենք նաեւ, որ բանկի կողմից անշարժ գույքը գնահատող ընկերությունների ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով հետեւյալ գործոնները. աշխատանքային փորձն անշարժ գույքի շուկայում, համագործակցության շրջանակները ֆինանսական շուկայում այլ մասնակիցների հետ, գործարար համբավը եւ մատուցվող ծառայությունների որակն ու տեսականին:- Վերջերս հրապարկվեց 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը, որի համաձայն՝ «վարկային տոկոսադրույքների կառուցվածքի վերլուծությունը մատնանշում է, որ տոկոսադրույքի նվազման որոշակի ներուժ կա»: Դուք տեսնո՞ւմ եք այդ ներուժը հիփոթեքի եւ, առհասարակ, այլ վարկային պրոդուկտների դեպքում:- Եթե վերցնենք վերջին 2-3 տարին, ապա կտեսնենք, որ տոկոսադրույքի նվազման միտումն առկա է եւ շարունակական: Նույն հիփոթեքային վարկերի մասով տարեցտարի տեսնում ենք տոկոսադրույքի նվազում, ժամկետների երկարացում, վարկի գումարի սահմանաչափի ավելացում. սրանք այն գործոններն են, որոնք դյուրին են դարձնում հիփոթեքի տրամադրման պայմանները: 2013-2014թթ. ընթացքում տոկոսադրույքի նվազման միտումն առկա է ոչ միայն հիփոթեքային վարկերի, այլեւ մյուս վարկատեսակների պարագայում, ինչը, կարծում եմ, պայմանավորված է բանկերի միջեւ առկա մրցակցությամբ, ինչպես նաեւ բանկերի կողմից ներգրավվող դրամական միջոցների՝ ժամկետային եւ ցպահանջ ավանդների տոկոսադրույքների նվազմամբ: Սարգիս Խաչատրյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը: Tweet Դիտում՝ 6207