Մեդիամաքսն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:Խորագրի այսօրվա հյուրը «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանն է: - Ո՞րն է եղել Ձեր ամենաթանկարժեք գնումը:- Կյանքի տարբեր ժամանակահատվածներում, հնարավորություններից ելնելով, մարդն իր տարբեր գնումներն է համարում այդ պահին ամենաթանկարժեքը: Իմ առաջին ամենաթանկարժեք գնումը ավտոմեքենան էր՝ իմ կուտակած միջոցներով գնված: Այդ ժամանակ բանկային համակարգն այնքան զարգացած չէր, որ կարողանայի վարկ վերցնել, ստիպված էի ինքս կուտակել: Եվ շատ երջանիկ ու հպարտ էի, երբ վերջապես գնեցի «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա: - Նախընտրում եք կանխի՞կ գումարը, թե՞ բանկային քարտերը: - Միանշանակ, նախընտրում եմ բանկային քարտերը: Համարում եմ, որ փողը պետք է փող բերի, այնպես որ ավելի լավ է գումարը պահել հաշվին եւ ստանալ տոկոսներ, առավելեւս, երբ բանկերը բազմատեսակ խրախուսանքներ են առաջարկում անկանխիկ գնումներ կատարելու դիմաց: Իսկ կանխիկն անհարմար է, տոկոսներ եւ բոնուսներ չի բերում, կորցնելու հավանականությունն էլ մեծ է: - Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր Ձեր ընտանիքին՝ մեկ ամիս անհոգ ապրելու համար:- Երկար կարելի է խոսել այն մասին, թե անհոգ ապրելու գաղափարը յուրաքանչյուրն ընկալում է յուրովի: Սակայն, պարզ հաշվարկի արդյունքում կստանանք այն թիվը, որը կբավարարի անհոգության նվազագույն մակարդակը: Իմ ընտանիքը բաղկացած է չորս հոգուց՝ ես, կինս, երկու երեխաներս: Կոմունալ վճարումները, առօրյա ծախսերը, երեխաների անհրաժեշտությունները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ խոսքը նվազագույնը 1 միլիոն դրամի մասին է: - Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:- Այո, ունեցել եմ: Ֆինանսական դժվարությունների առջեւ եմ կանգնել ԽՍՀՄ փլուզման եւ նորանկախ Հայաստանի կազմավորման տարիներին: Նոր էի վերադարձել Մոսկվայից, որտեղ սովորում էի բուհում: Աշխատում էի Կենտրոնական բանկում եւ ստանում էի մոտավորապես 20 դոլարին համարժեք դրամ: Շատ ծանր էր, ամեն լուման հաշվում էի: - Այսօր Ձեզ ապահովված համարու՞մ եք:- Ես մաքսիմալիստ եմ, միշտ ավելիին եմ ձգտում: Եվ խոսքը միայն փողի մասին չէ: Ամեն ինչ համեմատական է եւ հարաբերական, բայց այսօր ես ինձ համարում եմ ապահովված: - Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից: - Պարբերաբար օգտվում եմ: Ունեմ վարկային քարտեր, պետք եկած ժամանակ էլ բանկերից վարկ եմ վերցրել: - Դուք շռա՞յլ մարդ եք, թե՞ տնտեսող:- Ես ոսկե միջինի կողմնակիցն եմ: Միշտ պետք է տնտեսել եւ մտածել ապագայի մասին, սակայն կյանքի բոլոր հաճույքներից զրկվելը ճիշտ չեմ համարում: - Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք:- Կպատասխանեմ անկեղծ՝ ավանդ կդնեմ բանկում եւ բարձր տոկոսներ կստանամ:- Պարտքով գումար տալիս կամ վերցնու՞մ եք:- Բանկի հետ չեմ մրցակցում… Չեմ վերցնում եւ խուսափում եմ տալուց, քանի որ ունեցել եմ կյանքի դառը փորձ, երբ մարդկային հարաբերությունները դրանից տուժել են: - Գումարը գնաճից պաշտպանելու անձնական բաղադրատոմս ունե՞ք:- Տատիկի օրենքն է պետք հիշել. բոլոր ձվերը մի զամբյուղում մի պահեք: Իմ բաղադրատոմսը ներդրումների դիվերսիֆիկացումն է: Տիգրան Դավթյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը: Tweet Դիտում՝ 5121