Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:Խորագրի այսօրվա հյուրը «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է:- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:- Դա նաեւ իմ ամենամեծ ուրախությունն է՝ իմ երեխաները: :) Իհարկե, գուցե ոմանք ասեն, որ նրանց մասին չի կարելի այդպես խոսել, բայց երեխաները շատ-շատ թանկ են եւ ամենա-ամենամեծ ուրախությունն են: - Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:- Ես նախընտրում եմ հարմարավետությունը: Որտեղ հնարավոր է, նախընտրում եմ վճարել քարտով: Բայց միշտ հարկավոր է ոչ մեծ կանխիկ գումար ունենալ գրպանում: - Որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին մեկ ամիս անհոգ ապրելու համար:- Անվրդով կյանք մենք տեսնում ենք միայն կոկոսի միջուկով շոկոլադի գովազդում: Միշտ եւ ցանկացած ընտանիքում առկա են հարցեր ու խնդիրներ, որոնք պահանջում են ուշադրություն եւ ֆինանսներ: Դժվար է ասել, թե նվազագույնը որքան է հարկավոր: Բայց մենք բավականին համեստ ենք ապրում: Իմ շատ իմաստուն վրացի ընկերն ինձ մի օր ասաց. «Որքան շատ ես վաստակում, այնքան ավելի մեծ բեռ է ընկնում քո ուսերին հարազատներիդ ու մտերիմներիդ հանդեպ: Այդ պատճառով չզարմանաս, երբ ամսվա վերջում գումարդ ավելի շուտ վերջանա, քան նախատեսել էիր»:- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:- Իմ մասնագիտական կարիերայի մեկնարկը 90-ական թվականներին էր: Ես չեմ ճանաչում որեւէ մեկին, ով այդ ժամանակ ֆինանսական դժվարություններ չի ունեցել: Հիանալի հիշում եմ իմ առաջին աշխատավարձը՝ 50 դոլար եւ օրապահիկը՝ պանիր, երշիկ, պահածո…- Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:- Ես ուրախ եմ, որ կարող եմ ինձ ու ընտանիքիս ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, հոգ տանել երեխաներիս կրթության եւ նրանց ապագայի համար՝ իմ մասնագիտական հմտությունների ու գլոբալ ընկերությունում աշխատանքի շնորհիվ: Երեխաներիս էլ նույնն եմ ցանկանում՝ սեփական աշխատանքով ու խելքով վաստակելու, կենցաղային խնդիրների մասին չմտածելու հնարավորություն: - Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:- Չնայած տնտեսագիտական կրթությանս ու տնտեսության զարգացման համար վարկերի կարեւորության գիտակցմանը՝ ներքուստ ես դրանց զգուշավորությամբ եմ վերաբերվում: Իհարկե, ստիպված ենք եղել մի քանի անգամ օգտվել վարկերից, եւ ամեն անգամ դա եղել է բնակարան գնելու հիփոթեքի տեսքով: - Դուք շռայ՞լ մարդ եք, թե՞ տնտեսող:- Ես ինձ շատ ռացիոնալ մարդ եմ համարում: Բայց երբեմն զգացմունքային գնումներ եմ կատարում: Օրինակ, ինձ համար գնել եմ դահուկների երկրորդ զույգը, որոնք ինձ բացարձակ հարկավոր չէին, բայց դուրս շատ էին եկել: :) - Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:- Հեշտ փողերն երբեք ոչ ոքի երջանկություն չեն բերում: Երիտասարդ տարիքում ես կազինոյում կրուպյե աշխատելու փորձ եմ ունեցել: Այն նույն «չարաբաստիկ իննսունականներին»: Իմ աչքի առջեւ մարդիկ ձեռք էին բերում հսկայական գումարներ, հետո կորցնում ամեն ինչ: Եվ նույնիսկ ավելին: Այդ ժամանակվանից սկսած մինչ օրս 100% դեպքերում այն, ինչ շահում եմ կամ ստանում անսպասելիորեն, նվիրում եմ՝ հաճախ բարեկամներիս ու մտերիմներիս: Երբեմն` կնոջս. նա ավելի շատ է ազատ ժամանակ ունենում եւ կարող է օգնել կոնկրետ մարդկանց: Մոսկվայում նա անդամակցում է կամավորների միությանը. նրանք օգնում են կոնկրետ մանկատների, երեխաների, տարեցների: Վստահ եմ, որ դա այդպիսի փողերի կամ լրացուցիչ եկամտի լավագույն կիրառությունն է: Աշխատանքի բերումով ես տնօրինում եմ այդպիսի ակտիվներ եւ դրանք ուղղում ընկերության աշխատանքը, բաժանորդների հաճախորդային փորձը կամ աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելուն: Եվ, իհարկե, այն մարդկանց օգնելուն, ովքեր հասարակական ուշադրության կարիքն ունեն: - Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք:- Ինչպես արդեն ասացի, չեմ սիրում վարկերը, իսկ պարտքը վարկի տարատեսակ է՝ ապահովված քո համբավով: Ինչ վերաբերում է պարտքով գումար տրամադրելուն, ապա դա լուրջ փորձություն է հարաբերությունների համար՝ բարեկամների, մտերիմ մարդկանց միջեւ: Ավելի լավ է այդ լավ հարաբերություններն ավելորդ անգամ փորձության չենթարկել. իսկապես մտերիմ մարդիկ շատ-շատ քիչ են: Բայց եթե իրոք անհրաժեշտ է, եւ մարդն արժանի է, անպայման տալիս եմ: - Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:- Վստահում եմ: Այսօր այլ կերպ հնարավոր չէ: Աշխարհն այնպես է կառուցված, որ այն մարդկանց համար, ովքեր իրենց փողերը պահում են բարձի տակ, շատ դժվար է լինում: Պարտադիր մի քանի բանկերում: Բայց որպես մարդ, ով ապրել է “այն նույն իննսունականներում”, անպայման մի փոքր գումար կանխիկ եմ պահում, քանի որ պատասխանատվություն եմ կրում ընտանիքիս, ծնողներիս համար: Անդրեյ Պյատախինի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը: Tweet Դիտում՝ 9249