Տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում արտահանման ռազմավարությամբ ընտրված ոլորտները պետք է ստանային աջակցություն մի շարք ուղղություններով: Ռազմավարության համաձայն, կառավարությունն առաջին անգամ պետք է շուրջ 463 մլն դրամ տրամադրեր արտահանման խթանման համար: Մեդիամաքս-ի թղթակիցը փորձել է պարզել՝ ինչ արդյունքներ է գրանցել ծրագիրը եւ ինչ է նախատեսում ռազմավարությունը 2014-ի համար:ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ «2012-ի ընթացքում հաստատվել էր գինեգործության, կոնյակագործության, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, բիոտեխնոլոգիաների ոլորտների ռազմավարության, իսկ 2013-ի ընթացքում` ոսկեգործության, ժամագործության, ադամանդագործության, թեթեւ արդյունաբերության ոլորտային ռազմավարություններն ու գործողությունների ծրագիրը»:Մեր զրուցակցի փոխանցմամբ, վերոնշյալ ոլորտների ռազմավարության ծրագրերն արդեն իսկ մեկնարկել են, իսկ թեթեւ արդյունաբերության ծրագիրը կմեկնարկի 2014-ին: Ծրագիրն իրականացնվում է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ եւ միջազգային դոնոր կազմակերպություններ մասնակցությամբ:Ռազմավարության համաձայն, պետությունը պետք է ընտրված ոլորտներին աջակցեր հետեւյալ ուղղություններով.Միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների ներգրավման եւ մուտքի ապահովման միջոցառումների իրականացնում, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտում: Արմեն Եգանյանը նշում է, որ այս գործիքն ենթադրում էր մի շարք գործողություներ` հանրաճանաչ ընկերությունների ցանկի պատրաստում, նրանց հետ բանակցությունների վարում եւ այլն: «Այդ նպատակով հայաստանյան 7 ընկերություն ներկայացան Դուբայում կայացած՝ միջազգային ներդրումների ֆորում-ցուցահանդեսին` նոր կապեր հաստատելով միջազգային հանրաճանաչ ընկերությունների հետ: Իսկ Զարգացման հայկական գործակալության կողմից բանակցություններ են վարվել hանրաճանաչ կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ»,- ասել է նա:Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման շրջանակներում վարկավորվել է սննդի, թեթեւ արդյունաբերության, գինեգործության ոլորի 9 ընկերություն: Ընդ որում, Արդյունաբերության զարգացման հիմնադրամը սուբսիդավորելու է միայն “ՓՄՁ Ներդրումներ” ՈՒՎԿ-ի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի երեք տոկոսային կետի համարժեք գումարը: Արմեն Եգանյանը նշում է, որ վարկավորման ընդհանուր գումարը նշված 9 ընկերությունների համար կազմել է $770 մլն դոլար, իսկ համաֆինանսավորման տոկոսադրույքը` մոտ 40 մլն դրամ:Հայկական ապրանքների ներկայացում եւ առաջխաղացում նպատակային շուկաներում գործիքի ներքո ընթացիկ տարում երկու անգամ կազմակերպվել է գինու համտես` Ստրասբուրգում եւ Մոսկվայում, որոնք, ըստ մեր զրուցակցի, մեծ արձագանք են ստացել: «Մոսկվայում կայացած համտեսին մասնակցում էին գինեգործության ոլորտի խոշոր սպառողներ, որտեղ մեր արտադրանքը ներկայացվեց բարձր մակարդակով: Եղան նաեւ որոշակի պայմանավորվածություններ, որոնց արդյունքները շուտով տեսանելի կլինեն»,- կարծում է Արմեն Եգանյանը: Միջազգային ցուցահանդեսների մասնակցության համար 50 %-ի չափով համաֆինանսավորման շրջանակներում աջակցություն է ստացել 58 ընկերություն: Ցուցահանդեսները եղել են Չինաստանում, Դուբայում, Վրաստանում: Աշխատանքներ են արվել նաեւ հունվարին ՌԴ-ում կայանալիք «Պրոդէքսպո» ցուցահանդեսի մասնակցության համար, իսկ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի մի քանի ձեռնարկություններ պատրաստվում են մասնակցել Սան Ֆրանցիսկոյում կայանալիք օպտիկայի բնագավառի ցուցահանդեսին: Այս տարի Հայաստանում կազմակերպվել է Միջազգային ոսկերչական ցուցահանդես, որին մասնակից տեղական ընկերությունները եւս ստացել են 50%-ի չափով համաֆինանսավորում:Միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում գործիքի ներքո աջակցություն է տրամադրվել 5 ընկերության 7 հայտի:Գործարար կապերի հաստատման ծրագրի ընթացում Հայաստան են այցելել արտահանման դիստրիբյուտորներ: Մեր զրուցակցի փոխանցմամբ, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Իրաքից Հայաստան են ժամանել ավելի քան 120 գործարարներ եւ խոշոր ներկրողներ: Միջոցառման շրջանակում կայացել է ներդրումային ֆորում-ցուցահանդես, որը կազմակերպվել է պետության միջոցներով` ներգրավելով ավելի քան 75 տեղական ընկերություն:Տարվա ընթացքում տարբեր ընկերությունների աշխատակիցների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:Արմեն Եգանյանը ծրագրի իրականացումը դրական է համարում` նշելով, որ գործի բերումով հիմնական դրանց մասը մեկնարկել է ապրիլ-մայիսից. «Կարծում եմ, հաջորդ տարի ավելի շատ մասնակիցներ կունենանք, եւ մեծ թվով ընկերություններ կստանան աջակցություն արտահանման խթանման ուղղությամբ»:Նրա փոխանցմամբ, ծրագրի արդյունքում ռազմավարությամբ նախատեսված բոլոր ոլորտներում գրանցվել է արտադրության եւ արտահանման աճ:«Այս տարվա կիսամյակային տվյալներով, գինեգործական արտադրանքը 5% աճ է գրանցել: Դեղագործության ոլորտում հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34% արտահանման աճ է դիտվում: Կարծում եմ, ծրագրի արդյունքները պետք է գնահատել երկարաժամկետ ընթացքում»,- ասել է նա:Անդրադառնալով 2014-ի ռազմավարության ծրագրի բյուջեին` մեր զրուցակիցը նշել է, որ բյուջեով նախատեսված է շուրջ 569 մլն դրամ, որից 68 մլն-ը կտրամադրվի Գյումրու տեխնոպարկի զարգացման ծրագրին, իսկ մնացածը` արդյունաբերական ռազմավարությանը:Խոսելով արդյունքների մասին` էկոնոմիայի նախարարության ներկայացուցիչը կարեւորել է նաեւ դեղագործության ոլորտում GMP (Պատշաճ արտադրական գործունեության) ստանդարտի ներդրումը. «Օրերս այս ստանդարտի առաջին սերտիֆիկատը տրամադրվեց «Լիկվոր» ընկերությանը, ինչը նշանակում է նոր հնարավորություն, նոր որակ, աշխարհագրության ընդլայնում եւ զարգացած շուկայում հայտնվելու մշակույթ»: Նա նշել է, որ ռազմավարության ծրագրից դուրս արտահանողներին աջակցություն է տրամադրում նաեւ ՀՀ կառավարությունը. «Օրինակ, ԱԱՀ-ն երեք տարով հետաձգելու գործիքը, Շահույթահարկի մասին նոր օրենքը, որի համաձայն այն ընկերությունները, որոնք կիրականացնեն ներդրումային ծրագրեր եւ արդյունքում կստեղծեն նոր աշխատատեղեր, դրանց համար վճարվելիք աշխատավարձով կարող են նվազեցնել շահույթահարկի գումարը»:Արմեն Եգանյանն ընդգծել է, որ արտահանող ընկերությունների աջակցության կարեւոր գործիք է հանդիսանում նաեւ Արտահանման ապահովագրության կազմակերպությունը. «Ընկերությունները կարող են արտահանման պայմանագրերի առկայության դեպքում ապահովագրվել լրացուցիչ ռիսկերից, օգտվել բանկային համակարգի միջոցներից եւ գործունեություն ծավալել պատշաճ պայմաններում»,- ասել է նա:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 9908