Վերջերս Հայաստանում ներկայացավ «հայկական ծագումով» շվեյցարական ոսկերչական PRINCIPS ապրանքանիշը: Հոկտեմբերի 28-30-ը PRINCIPS-ը մասնակցեց Yerevan Show 2013 եռօրյա ցուցահանդեսին, իսկ նոյեմբերի 6-7-ը` հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին: PRINCIPS-ի զարդերը արտացոլում են շվեյցարական տեխնոլոգիաների եւ հայ վարպետների հմտությունների համադրությունը:Մեդիամաքս-ը զրուցել է PRINCIPS-ի գործադիր տնօրեն Գրիգոր Ցոլակյանի հետ:- Ընկերությունը հիմնադրվել է շուրջ 2 տարի առաջ Շվեյցարիայում: Հայաստանում PRINCIPS բրենդն առաջին անգամ ներկայացրեցինք վերջերս` մասնակցելով Yerevan Show 2013 ցուցահանդեսին: Երկրորդ ցուցահանդեսին հրավիրված էին շուրջ 40 իրաքցի հյուրեր, որոնք չափազանց տպավորված էին հայ ոսկերիչների ձեռքերով պատրաստված բացառիկ զարդերով:- Ընկերությունն ինչպե՞ս է իրեն դիրքավորում:- Մեր հավակնությունն է ողջ աշխարհին ցուցադրել հայ ոսկերիչների ու առհասարակ հայ մարդկանց տաղանդը: Զարգացման հեռանկարային ռազմավարությամբ նախատեսում ենք մուտք գործել Վրաստանի եւ Ռուսաստանի շուկաներ, իսկ հետո «վերադառնալ» Եվրոպա՝ այնտեղ ներկայանալով մեր դիզայներների կողմից պատրաստված զարդերի տեսականիով: Հայտնի է, որ զարդերի աշխարհը «տնօրինում» են իտալացիները, նրանց զարդերը հայտնի են ամբողջ աշխարհում: Բայց մենք ցանկանում ենք ապացուցել, որ նաեւ հայերը կարող են պատրաստել յուրօրինակ ու բացառիկ զարդեր:Եթե խոսենք ներքին շուկայի մասին, ապա մեր արտադրանքը հիմնովին տարբերվում է այն ամենից, ինչը ներկայացվում է Հայաստանում: Այստեղ բավական տարածված երեւույթ է կրկնօրինակել արտերկրում արտադրվող զարդերը: Մենք սկզբունքորեն գնում ենք այլ ճանապարհով` ստեղծելով միայն սեփական եւ իսկապես բացառիկ ոսկերչական զարդեր: Ցանկանում ենք փոխել հին մոտեցումները եւ նոր ճաշակ թելադրել, փորձում ենք մեր սպառողին առաջարկել այն նրբաճաշակ ապրանքը, որը բնորոշ է հենց իրեն: - Թիրախային ի՞նչ խմբերի համար է նախատեսված Princips-ի արտադրանքը:- Ի սկզբանե մեր զարդերը պատրաստվում էին բացառապես պատվիրատուի ցանկությամբ եւ յուրաքանչյուր զարդը եզակի էր իր տեսակի մեջ: Պահպանելով այս մոտեցումը, մենք նաեւ ներկայանում ենք պատրաստի հավաքածուներով, որպեսզի սպառողը կարծիք կազմի Princips-ի մասին եւ միգուցե հետագայում որեւէ հատուկ զարդ պատվիրի:Լուսանկարը` PRINCIPS: Հաջորդ տարի նախատեսում ենք Հայաստանում բացել PRINCIPS խանութ-սրահը, որը սպառողներին հնարավորություն կտա ընտրել իրենց բնորոշ զարդերը: Եթե խոսենք գնային քաղաքականության մասին, ապա մեր զարդերը պայմանականորեն բաժանվում են երեք խմբի` միջին, բարձր եւ «լյուքս» դասի: Ըստ էության, մեր արտադրանքը հասանելի է միջին եւ միջինից բարձր եկամուտ ունեցող բոլոր մարդկանց համար:- Ինչպիսի՞ն է ընկերության տեխնոլոգիական բազան:- Վստահորեն կարող եմ ասել, որ Շվեյցարիայից ներմուծված մեր սարքավորումները միակն են այս տարածաշրջանում: Այդ սարքավորումները առնվազն 5 տարվա ընթացքում մեզ հնարավորություն կտան հանդես գալ մրցունակ արտադրանքով: Միաժամանակ, մեծ ուշադրություն ենք դարձնում ձեռքի աշխատանքի վրա, որը եւ ապահովում է մեր զարդերի բացառիկությունը: Հայ ոսկերիչների ձեռքի աշխատանքն անփոխարինելի է: Որքան էլ տեխնիկան կատարյալ լինի, զարդի վերջնական հղկումը կատարում է վարպետը՝ ձեռքով: - Վերջերս Հայաստանում գործատուները շատ են դժգոհում որակյալ կադրերի պակասից: Դուք նման խնդիր ունե՞ք:- Իսկապես, Հայաստանում շատ դժվար է դարձել կադրեր գտնելը, քանի որ մասնագետների արտահոսքը մեծ է: Սակայն մենք ստեղծել ենք մի թիմ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իր գործի մասնագետն է: Մեր մասնագետները հնարավորություն ունեն աշխատել հայրենիքում, վարձատրվել գրեթե նույն չափով, ինչպես արտերկրում, եւ, կարծում եմ, նրանք կմնան Հայաստանում եւ կիրականացնեն մեր համատեղ ծրագրերը: Մենք ցանկանում ենք, որպեսզի մասնագետների ու առհասարակ մարդկանց արտահոսքը Հայաստանից հնարավորինս նվազի:Լուսանկարը` PRINCIPS: - Ի՞նչ ծրագրեր ունի Princips-ը 2014թ.-ի համար:- Վերջին երկու տարիները մեզ համար կայացման շրջան էին եւ հիմա սկսվում է նոր` զարգացման շրջանը: Ինչպես արդեն նշեցի, 2014 թվականին նախատեսում ենք բացել մեր բրենդային խանութ-սրահը Հայաստանում: Հաջորդ տարի մտադիր ենք նաեւ սկսել ծավալվել Վրաստանի եւ Ռուսաստանի շուկաներում: Փակագծերը չբացելով, կարող եմ ասել, որ 2014 թվականի մեր ռազմավարական ծրագիրը լի է անակնկալներով, որոնց շնորհիվ Princips-ը առավել ճանաչված կդառնա մեր հասարակության շրջանում:Գրիգոր Ցոլակյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը: Tweet Դիտում՝ 12917