Ինեկոբանկի ՓՄՁ բիզնեսի զարգացման ծառայության ղեկավար Ալլա Պավլովայի հարցազրույցը Banks.am պորտալին- Վերջին մեկ ամսվա ընթացքում Ինեկոբանկը 4 տարբեր արտաքին աղբյուրներից ներգրավեց ավելի քան $ 30 մլն վարկային միջոցներ` ուղղված ՓՄՁ-ների, ինչպես նաեւ միկրո-բիզնեսի ֆինանսավորմանը: Ինչի՞ մասին են վկայում այս զարգացումները: - Նշված գործընթացները հանդիսանում են միջազգային ֆինանսական հաստատությունների հետ նախապես պլանավորված աշխատանքի արդյունք, իսկ միջոցների ներգրավման ժամանակացույցը մեծապես պայմանավորված է առեւտրով զբաղվող ընկերությունների սեզոնային (նախատոնական) ռեսուրսների պահանջարկի ավելացմամբ: 2006 թ.-ից առ այսօր մեր միջազգային գործընկերների թիվը հասել է 25-ի, իսկ ներգրավված միջոցների ծավալը գերազանցում է $ 150 մլն-ը: Այս ցուցանիշը խոսում է բանկի նկատմամբ վստահության եւ շարունակական համագործակցության պատրաստակամության մասին: Մենք նույնպես շատ բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների հետ հարաբերությունները, որոնցից շատերը հայաստանյան շուկա են մուտք գործել հենց Ինեկոբանկի հետ համագործակցության մեկնարկով:Ինչ վերաբերվում է ՓՄՁ եւ միկրո բիզնեսի վարկավորմանը, ապա այս երկու ոլորտները միշտ էլ ռազմավարական նշանակություն են ունեցել բանկի համար: Չնայած նրան, որ որոշ շրջանակներում մենք ավելի շատ ճանաչված ենք որպես ապառիկի բնագավառում գործող բանկ, այնուամենայնիվ, ՓՄՁ վարկավորման հատվածում եւս ոչ պակաս ուժեղ ենք զգում մեզ: Ի վերջո, ապառիկը նույնպես առեւտրային կազմակերպությունների վաճառքի ծավալները ավելացնելու գործիք է: Տարբեր հետազոտությունների համաձայն, ՓՄՁ ֆինանսավորման շուկայում Ինեկոբանկը առաջին եռյակում է: - Ի՞նչ մոտեցումներ եք կիրառելու ներգրավված միջոցների տեղաբաշխման հարցում, կլինե՞ն ոլորտային նախապատվություններ կամ սահմանափակումներ: - Նախ կցանկանայի նշել, որ հավակնում ենք դառնալ ամենահարմար բանկը տվյալ ոլորտի հաճախորդների համար: Ամենահարմար ասելով` ի նկատի ունենք արագություն, ճկունություն, պրոդուկտների ամբողջական տեսականի, սպասարկման բարձր որակ, հաճախորդի ծախսերը տնտեսելուն ուղղված լուծումներ, բիզնես-խորհրդատվություն, ռեսուրսների արդյունավետ կառավարման լուծումներ եւ այլն: Այսօր բանկը իր բիզնես հաճախորդներին առաջարկում է ֆինանսական ծառայությունների այնպիսի ամբողջական գործիքակազմ, որի շնորհիվ նրանք կկարողանան օգտվել բանկային բոլոր ծառայություններից մեկ վայրում, առավել արագ եւ արդյունավետ՝ խնայելով իրենց ժամանակն ու միջոցները:Ներգրավված ռեսուրսները կտրամադրվեն առանց ոլորտային սահմանափակումների ՀՀ ռեզիդենտ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին: Նախատեսվում է, որ ՓՄՁ վարկերի գումարը կկազմի միջինում 100,000 ԱՄՆ դոլար, իսկ միկրովարկերի դեպքում՝ 10,000 ԱՄՆ դոլար: Վարկավորման ժամկետը՝ մինչեւ 7 տարի:Պահանջարկից ելնելով՝ ակտիվ գործունեություն ենք ծավալում առեւտրի ֆինանսավորման ոլորտում: Այստեղ նույնպես առաջարկում ենք պրոդուկտների ամբողջական գործիքակազմ՝ պատվերի ֆինանսավորում, ֆակտորինգ, ակրեդիտիվներ, միջազգային երաշխիքներ եւ այլն: Ի դեպ, պայմանավորված առեւտրով զբաղվող կազմակերպությունների կողմից սեզոնային/նախատոնական ռեսուրսների պահանջարկի ավելացմամբ՝ բանկը մշակել է հատուկ ակցիա, որի շրջանակներում վարկային միջոցները կտրամադրվեն առավել բարենպաստ պայմաններով: - Որքանո՞վ հասանելի կլինեն վարկային միջոցները մարզերում գործող ՓՄՁ-ների համար:- Վարկերը նախատեսված են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում գործող ՓՄՁ-ների համար: Բանկի 16 մասնաճյուղերից 8-ը տեղակայված են մարզերում եւ մատուցում են ունիվերսալ բանկային ծառայություններ, այդ թվում ապահովելով ՓՄՁ վարկավորման գործընթացի լիարժեք իրականացում: Ինչ վերաբերվում է միկրոֆինանսավորմանը, ապա այս հատվածի զարգացման ծրագրի համաձայն՝ միկրովարկերի առնվազն 70%-ը պետք է տրամադրվեն մարզերում՝ ելնելով տվյալ վարկատեսակի մեծ պահանջարկից հենց շրջաններում:- Հաճախ սպասարկման տեսանկյունից միկրովարկերը դասվում են ռեսուրսատար ու «անհարմար» վարկերի շարքին. Ձեր պարագայում դա այդպե՞ս է: - Կարծում եմ, ամեն ինչ կախված է բանկի որդեգրած ռազմավարությունից եւ ըստ դրա՝ գործընթացների արդյունավետ կազմակերպումից: Բնական է, եթե բանկի գործընթացները հարմարեցված են խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկման համար, միկրովարկավորումը կարող է դառնալ «անհարմար» եւ թանկ պրոդուկտ: Սակայն, եթե ի սկզբանե ընտրվել է այս սեգմենտը եւ ստեղծվել են վերջինիս սպասարկման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, նման հարց չի կարող առաջանալ: Համենայն դեպս, մեր բանկում դա այդպես է: Մենք միշտ ուժեղ ենք եղել հաճախորդների որակյալ մասսայական սպասարկման ոլորտում, ինչը գալիս է ապառիկում ունեցած մեր հարուստ փորձից, որի կիրառումը հարակից ոլորտներում խելամիտ լուծում ենք համարում:- Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ՓՄՁ-ների կողմից ներկայացվող վարկային հայտերի որակը եւ որո՞նք են Ձեր կողմից առաջադրվող հիմնական պայմանները վարկային հայտը բավարարելու համար: - Մենք մեզ համարում ենք պատասխանատու ֆինանսական հաստատություն եւ, քանի որ ներկայացնում ենք ավանդատուների լայն շրջանակների շահերը, պետք է հավասարակշռենք եւ զսպենք ռիսկի ախորժակը: Հետեւաբար, մեծ ուշադրություն ենք դարձնում վարկային պորտֆելի որակին, որը գնահատում ենք կայուն բարձր: Մասնավորապես, ժամկետանց վարկերը կազմում են մոտ 1.5%, ինչը, միանշանակ, Ինեկոբանկի ուժեղ կողմերից է եւ առավել գրավիչ է դարձնում մեր բանկը միջազգային գործընկերների համար: Վարկավորման հիմնական պայմանը միշտ եղել է եւ կմնա հաճախորդի բիզնեսի որակը, հեռանկարները, թափանցիկությունը եւ, բնականաբար, վարկը սպասարկելու հնարավորությունը:Թեեւ վարկային հայտերի որակի մասով բացասական միտումներ չենք նկատում, այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ որակյալ հաճախորդները հիմնականում արդեն ունեն «իրենց» բանկերը եւ նոր «որակյալ» հաճախորդ ներգրավելը հետզհետե դժվարանում է: Հենց այս պատճառով բանկը հատուկ ուշադրություն է դարձնում հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման շարունակական կատարելագործմանը եւ սպասարկման բարձր որակին:- Ի՞նչ կասեք ՓՄՁ-ների մասնակցության մասին՝ բանկի կողմից գործարկված «Կանաչ» վարկավորման ծրագրին: «Կանաչ» վարկերի գաղափարը հետաքրքրե՞լ է մեր գործարարներին: - Ինեկոբանկը շարունակաբար մշակում է նոր վարկատեսակներ՝ միտված հաճախորդներին առավել թիրախավորված ֆինանսական ծառայություններ տրամադրելուն: 2012թ.-ին GGF (Green for Growth Fund) հիմնադրամի հետ համատեղ գործարկել ենք էներգաարդյունավետությանն ուղղված նոր՝ «Կանաչ» վարկատեսակը, որի շնորհիվ հաճախորդները կկարողանան զգալիորեն նվազեցնել էներգիայի սպառման հետ առնչվող ծախսերը: Սա շատ արդիական է հատկապես էներգակիրների գնի աճի պարագայում:Կարծում եմ, այս ոլորտում առկա է որոշակի տեղեկատվության պակաս եւ մեր նպատակն է ներկայացնել հաճախորդին այն բոլոր առավելությունները, որոնք նա կստանա եղած սարքավորումները նոր, առավել էներգաարդյունավետներով փոխարինելու դեպքում: Ծրագրի շրջանակներում տրամադրում ենք անվճար խորհրդատվություն եւ էներգաաուդիտ: Նախատեսում ենք ավելացնել մեր ջանքերը այս ոլորտում, քանի որ կարծում ենք, որ մեծ ներուժ ունենալով, այն կարող է հատկապես օգտակար լինել ՓՄՁ-ների համար: - Ինչպե՞ս է անդրադառնում միջազգային համագործակցությունը բանկում ընթացող ներքին գործընթացների վրա, առաջին հերթին՝ վարկառուների սպասարկման արդյունավետության բարձրացման տեսանկյունից: - Միջազգային գործընկերներից մենք ստանում ենք ոչ միայն ռեսուրսներ, այլեւ տեխնիկական աջակցություն` խորհրդատվության կամ թրեյնինգների տեսքով: Հիմնական նպատակն է՝ բարձրացնել աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը եւ բանկի կառավարման, այդ թվում ռիսկերի կառավարման գործառույթները, ինչպես նաեւ սպասարկման որակը՝ համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին:Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը հստակ դրական ազդեցություն է ունեցել ոչ միայն Ինեկոբանկի, այլեւ մեր երկրի տնտեսության վրա: Ի վերջո, բանկերի միջոցով գումարը հասանելի է դառնում տնտեսության իրական հատվածին: Այս համատեքստում ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին երեք տարվա ընթացքում մեր բանկի միկրո եւ ՓՄՁ վարկային պորտֆելը գրեթե եռապատկվել է: Մեր նպատակն է առավել ուժեղացնել դիրքերը եւ ավելացնել հաճախորդների թիվը՝ դիրքավորվելով որպես տվյալ ոլորտի հաճախորդների սպասարկման համար ամենահարմար եւ առաջին ընտրության բանկ: Ալլա Պավլովայի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 13805