«Տոնուս»-ի նախնական պարտքը շուրջ $18 մլն է

20.08.2013 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Տոնուս» շինարարական ընկերության սնանկության գործով կառավարիչ, «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, դիտորդ խորհրդի նախագահ Հրանտ Ղամբարյանը օգոստոսի 5-ին դատարան է ներկայացրել «Տոնուս»-ի պարտատերերի նախնական ցուցակը:

Մեդիամաքս-ի թղթակիցը Հրանտ Ղամբարյանից փորձել է տեղեկանալ ընկերության պարտավորությունների ծավալի, պահանջատերերի քանակի եւ գործի հետագա ընթացքի մասին:

Նախնական պահանջի եւ պարտավորության մասին

Սնանկության գործերով կառավարիչի փոխանցմամբ, «ընկերության նկատմամբ ներկայացված պահանջների նախնական ծավալը կազմում է 4 մլրդ 10 մլն դրամ եւ $ 7 մլն 876 հազ. կան պահանջատերեր, ովքեր պահանջը ներկայացրել են դոլարով»:

Նախնական ցուցակի համաձայն, Դավիթաշեն համայնքում եւ Փափազյան փողոցում կառուցվող շենքերի համար, որպես պահանջատեր, դատարան է ներկայացվել 206 դիմում:

«Սրանք դեռ նախնական պահանջներ են, որոնց մի մասը առարկվել են իմ կողմից`անճշտությունների կամ շատ լինելու առումով. մի մասն էլ՝ «Տոնուս»-ի կողմից  եւ  ներկայումս քննվում են դատարանում»,- ասել է Հրանտ Ղամբարյանը:

Բնակիչներ vs բանկ

Հրանտ Ղամբարյանի փոխանցմամբ, 57 պահանջատերեր մեկ դիմումով առարկել են  Արցախբանկի պահանջը,  այն է` «Տոնուս»-ին տված վարկն ու դրանից ծագող տոկոսները` մինչեւ սնանկության պահը: Բնակիչների առարկությունը մոտ օրերս կքննվի դատական նիստում:

Կառավարչի կարծիքով, «բանկի պահանջն իրավական նորմի շրջանակներում է եւ, ամենայն հավանականությամբ, բնակիչների առարկությունն եղել է ոչ թե վարկի գումարի, այլ գրավի առարկայի նկատմամբ, քանի որ բանկում գրավի առարկա են հանդիսանում նրանց կողմից ձեռք բերված բնակարանները»:

Ընթացքի մասին

Հրանտ Ղամբարյանը նշել է, որ «հիմնականում ավարտել են գույքագրման աշխատանքները եւ պարզել ընկերության ակտիվների ծավալը, որն անկախ մասնագետների կողմից փորձաքննություն կանցնի»: Խոսելով սնանկության պատճառների մասին` նա նշել է, որ դրանք պարզելու համար բավական լուրջ եւ ժամանակատար ուսումնասիրություն է կատարվում:

Մեր զրուցակիցը նշել է նաեւ,  որ օգոստոսի 23-ին նշանակված՝ պարտատերերի առաջին ժողովը հետաձգվել է այնքան ժամանակով, քանի դեռ դատարանը վերոնշյալ պահանջատերերին չի հաստատել որպես պարտատեր. «Ներկայումս ընթանում է պահանջների քննման փուլը, որի ավարտին պարզ կլինեն հետագա քայլերը»,- նշել է Ղամբարյանը:

«Երբ կլինի դատարանի կողմից հաստատված պարտատերերի  եւ պարտավորությունների վերջանական ցուցակ, հնարավոր կլինի ներկայացնել առողջացման ծրագիր, որը կպարունակի պարտքերի մարման հստակ մեխանիզմ»,- ասել է նա:

Անդրադառնալով այն քաղաքացիներին, ովքեր չունեն բնակարանի առք ու վաճառքի պայմանագրի նոտարական վավերացում, Հրանտ Ղամբարյանը նշել է, որ «առողջացման ուղով գնալու դեպքում դա որեւէ նշանակություն չի ունենա»:

Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 14-ի վճռով «Տոնուս» շինարարական ընկերությունը սնանկ է ճանաչվել: Քաղաքացիների եւ «Տոնուսի»-ի միջեւ առաջացած խնդրին մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումներում` Բնակիչներ vs «Տոնուս». որն է լուծումը,
Բնակիչներ vs «Տոնուս». որն է լուծումը: Մաս 2, Բնակիչներ vs «Տոնուս». որն է լուծումը: Մաս 3:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 3175
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW