Արման Մալխասյան. Բանկում աշխատանքի ընդունման հայկական ձեւը փոխվել է

07.08.2013 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

 2010 թ-ին Հայաստանում գործող ուսումնական կենտրոնների թիվը համալրվեց եւս մեկով. շուկայում  իր գործունեությունը սկսեց ծավալել Բանկային կարիերայի զարգացման կենտրոնը: Banks.am պորտալը ընկերության գործունեության եւ բանկային կարիերայի մասին զրուցել է կենտրոնի հիմնադիր, «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Արման Մալխասյանի հետ:

- Պ-ն Մալխասյան, Ձեր ընկերությունը դիրքավորվում է որպես բանկային կարիերայի զարգացման կենտրոն: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը զբաղվել այս գործով, ընդ որում շուկա մտնել այն ժամանակ, երբ բանկային ոլորտին վերաբերող ուսումնական առաջարկների պակաս կարծես թե չկար:  

- Երբ նախաձեռնում էինք ընկերության ստեղծումը, Հայաստանում կար բանկային ուսումնական դասընթացների բավական խիստ պահանջարկ: Միակ վայրը, որտեղ կար նման դասընթաց, Ֆինանսավարկային քոլեջն էր, այլընտրանք չկար: Բուհական ծրագրերն ավելի շուտ կրթական բնույթ ունեին, առանց խոր մասնագիտական ուղղվածության: Խորացված մասնագիտական դասընթաց բանկային ոլորտի համար չկար: Հիմնական նպատակը մեր ունեցած բանկային գիտելիքներն ու փորձը գալիք սերունդներին փոխանցելն էր: Մենք այսօր ունենք բավական լուրջ կադրային խնդիր, որի լուծմանը  նպաստում է մեր ընկերությունը: Դա պայմանավորված է սերնդափոխությամբ. խորհրդային դաստիարակություն եւ կրթություն ստացած մասնագետներն այս տարիների ընթացքում մեծացել են, նրանց փոխարինելու են գալու այն մասնագետները, որոնք ծնվել են 1990-ականներին: Ելնելով այդ տարիների Հայաստանի սոցիալական պայմաններից,  նրանց ստացած կրթությունը գովաբանել չենք կարող: Այն մասնագետները, որոնք գալիս են փոխարինելու, չեն ստացել համապատասխան գիտելիքներ ու կրթություն, որով կարող են փոխարինել սովետական սերնդին:

Մի քանի տարի անց մենք ունենալու ենք 45-60  եւ 25 տարեկան մասնագետներ, միջին տարիքի մասնագետներ չեն լինելու, մենք այսօր արդեն առնչվում ենք այս խնդրին: Տեսնելով, որ կա բաց, եւ ունենալով այն լրացնելու համապատասխան գիտելիքներն ու փորձը, որոշեցինք, որ նման կազմակերպություն հիմնելու կարիք կա:

- Ու՞մ են առավելապես ուղղված Ձեր ուսումնական ծրագրերը՝ բանկային համակարգի գործող աշխատակիցներին, թե՞ բանկում աշխատելու հավակնորդներին:

- Եվ հավակնորդների, եւ բանկում աշխատող, արդեն իսկ աշխատանքային փորձ ունեցող մարդկանց համար: Ծրագիրը բավական մատչելի է: Մեր նպատակն է ունենալ ունիվերսալ ծրագիր, որն անկախ կարգավիճակից եւ մասնագիտությունից հասկանալի կլինի մասնակիցներին: Չունենք տարիքային սահմանափակում: Կան ուսանողներ, որոնք բանկային մեծ փորձ ունեն, օրինակ` մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

- Որքանո՞վ են բանկերը պատրաստակամ համագործակցել Ձեր ընկերության հետ՝ աշխատակիցների մասնագիտական հմտությունները բարձրացնելու առումով: Հավակնորդներին տրվու՞մ է  բանկում աշխատանքի անցնելու որեւէ երաշխիք:

- Մեզ երբեւէ չենք ներկայացրել բանկերին: Դա անուղղակի կերպով արել են մեր ուսանողները` բանկերում ունեցած հարցազրույցների ժամանակ խոսելով իրենց կրթության մասին: Բանկերի շատ աշխատողներ իրենց կամքով մեզ մոտ գալիս են դասընթացների: Մեր հաջողության գրավականներից մեկը եղել է այն, որ մենք չենք հանդիսացել որեւէ բանկի ուսումնական կենտրոնը, կախում չենք ունեցել որեւէ բանկից: Բայց, ունենալով շատ հաջողություններ, այս տարի նախաձեռնել ենք մի հետաքրքիր նախագիծ, որի մասին շուտով կբարձրաձայնենք: Նախագիծը կիրականացվի առեւտրային բանկերից մեկի հետ, որի քարտապանները, ովքեր մեզ մոտ սովորելու ցանկություն կունենան, համապատասխան քննությունը հանձնելուց հետո մեկշաբաթյա դասընթաց կանցնեն տվյալ բանկում` ծանոթանալով բանկի բոլոր բաժինների աշխատանքին: Շատ ուսանողներ կարող են իրենց այնպես դրսեւորել այդ մեկ շաբաթում, որ հետագայում հայտնվեն բանկի կադրային ռեզերվում: Եղել է դեպք, երբ առեւտրային բանկը դիմել է  մեզ` խնդրելով ներկայացնել մասնագետներ, որոնց պահանջը եղել է:

Մեր ուսանողներին աննախադեպ երաշխիք տալիս ենք միայն գիտելիքի վերաբերյալ` համոզված լինելով, որ մեր տրամադրած գիտելիքները լիովին բավարար է հարցազրույցներին մասնակցելու եւ հետագայում աշխատելու համար: Սակայն չենք զբաղվում աշխատանքի  տեղավորման հարցով. մենք աշխատանքի տեղավորման գործակալություն չենք, մենք տալիս ենք գիտելիք, որի շնորհիվ դուք կարող եք աշխատանք ունենալ:

- Ձեր աշխատանքային փորձից ելնելով՝ ո՞ր մասնագետներն են այսօր առավել պահանջված բանկերում, եւ որքանո՞վ է հաջողվում  բանկերի HR-մենեջերներին դիմորդների միջից ճիշտ ընտրություն կատարել:

- ՀՀ առեւտրային բանկերը գնում են զանգվածային ընդլայնման: Այսօր ամենաշատ պահանջարկն առկա է մասնաճյուղի բոլոր բաժինների համար` մասնաճյուղի կառավարչից մինչեւ սպասարկող անձնակազմ: HR մասնագետների կողմից բանկում աշխատանքի ընդունման հայկական տարբերակը փոխվել է: Եթե ժամանակին կար միջնորդավորված տարբերակով աշխատանքի ընդունում, հիմա եղել է կտրուկ փոփոխություն. գրեթե բոլոր բանկերը թափուր աշխատատեղերի համալրումն անցկացնում են մրցութային կարգով, եւ շատ մարդիկ իրենց գիտելիքների հիման վրա կարողանում են աշխատանքի անցնել:

 - Հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելուց զատ, բանկերը պետք է ճիշտ ներկայացվեն հանրությանը, ինչի համար անփոխարինելի է PR մասնագետների դերը: Դուք ունե՞ք այս մասնագետների համար նախատեսված հատուկ դասընթացներ:  Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք բանկերի PR-մենեջերների աշխատանքի արդյունավետությունը:

- PR-մենեջերների համար նախատեսված դասընթաց չունենք: Կարծում եմ, PR-մենեջերը պարտադիր չէ, որ կոնկրետ ոլորտի համար լրացուցիչ դասընթաց անցնի: 

Իմ անձնական կարծիքով, ՀՀ  բանկերի գովազդային քաղաքականությունն այսօր ավելի շատ ուղղված է իրենց կողմից առաջարկվող ծառայությունները վաճառելուն, ինչի համատեքստում մոռացվել է բանկի կարեւորագույն ձեռքբերումների, հաջողությունների մասին ինֆորմացիայի տարածումը: Մինչդեռ այն կարող է գրավիչ փաստ հանդիսանալ հաճախորդների համար` տվյալ բանկի ծառայություններից օգտվելու հարցում:

- Եվ վերջում բանկային համակարգում տարածում գտած մի խնդրի մասին. խոսքս  աշխատակիցների արտահոսքի մասին է՝  մի բանկից մյուսը:  Ի՞նչ եք կարծում, այս երեւույթը բիզնես-գաղտնիքի գաղտնազերծման եւ, ընդհանուր առմամբ, կորպորատիվ շահերի թուլացման վտանգ չի՞ պարունակում:  Ձեր կարծիքով, ո՞րն է այս հարցի լուծումը:

- Մեզանում կադրային արտահոսքն իսկապես շատ է, բայց, իմ կարծիքով, դա անհանգստացնող երեւույթ չէ. միշտ էլ յուրաքանչյուր մարդ ձգտում է ձեռք բերել ավելին եւ նման հնարավորության դեպքում փոխում է իր աշխատավայրը:

Բիզնես-գաղտնիքի գաղտնազերծման խնդիր չեմ տեսնում, քանի որ, Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն, բանկերը միմյանց միջեւ կարող են առանց սահմանափակումների փոխանցել անհրաժեշտ տեղեկությունը: Սակայն այստեղ կա հայաստանյան բիզնեսին բնորոշ մի երեւույթ. բանկում աշխատող յուրաքանչյուր անձ ունի փոխկապակցված հաճախորդներ, որոնց մի բանկից կարող է կամա թե ակամա տանել մյուսը:

Խնդրի միակ լուծումը հետեւյալն է. յուրաքանչյուր բանկ, կազմակերպություն կադրային արտահոսքից խուսափելու համար պետք է պարբերաբար վերանայի եւ բարելավի աշխատանքային պայմանները:  

Արման Մալխասյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 17865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW