ՊրոԿրեդիտ Բանկի գլխավոր տնօրեն Ասմուս Ռոտնեի հարցազրույցը Մեդիամաքս գործակալության Banks.am պորտալին -Պարոն Ռոտնե, գերմանական կապիտալով բանկն ենթադրում է գերմանական ճշտապահությամբ կարգապահություն: Որքանո՞վ է այն համադրելի հայկական բիզնես-միջավայրի հետ:- Կարծում եմ, համադրելի է: Հաճախորդների սպասումները ցանկացած բանկից նույնն են. ցանկացած հաճախորդ ուզում է, որ բանկն իրեն դրսեւորի գերմանական բանկի նման, այսինքն՝ լինի հնարավորինս կանխատեսելի, թափանցիկ եւ արժանահավատություն ներշնչող:Հիմնական հարցը մեր պահանջներին համապատասխան աշխատակիցներ գտնելն է, որոնք պատրաստ կլինեն մեզ հետ միասին ներկայացնել եւ իրականացնել գերմանական բանկի գաղափարը: Դատելով կադրերի ընտրության մեր ընթացակարգից, ինչը բավական խիստ պահանջներով է իրականացվում, կարող ենք ասել, որ կան բազմաթիվ անձինք, որոնք ցանկանում են աշխատել գերմանական բանկում` ընդունելով եւ կիսելով մեր սկզբունքները:- Նախքան Երեւան տեղափոխվելն աշխատել եք ՊրոԿրեդիտ խմբի Վրաստանի, Ռումինիայի եւ Մոլդովայի բանկերում: Ինչպե՞ս հաստատվեցիք Երեւանում եւ նշված երկրներում Ձեր աշխատանքի ի՞նչ դրական կամ բացասական կողմեր եք տեսնում:- Այդ աշխատանքը լավ հիմք է Հայաստանում իմ փորձի հետ համեմատելու համար: Առաջին հերթին պետք է համեմատել երեւի Վրաստանի բանկի հետ. այնտեղ աշխատելը շատ հետաքրքիր էր, այն զարգացող երկիր է, լիբերալ, բայց նաեւ ռիսկային: Ինչպես գիտեք, այնտեղ պատերազմ եղավ եւ հեղափոխություն, եղան նաեւ խարդախության որոշ դեպքեր:Հայաստանը, Վրաստանի համեմատ, ավելի կայուն է, մարդիկ այդքան հեշտ ռիսկի չեն դիմում:2007-ին աշխատանքի անցա Ռումինիայում, դա այն ընթացքն էր, երբ Ռումինիան միացավ Եվրոպական Միությանը եւ զգալի տնտեսական վերելք ապրեց: Ինձ համար դա չափազանց ակտիվ զարգացում էր. Ռումինիան այն երկրներից էր, որն առավել շատ էր տուժել տնտեսական ճգնաժամից: Եվրոպական Միության հետ միացումը չափազանց ակտիվ ընթացավ, ստեղծվել էր շատ մեծ շուկա, որտեղ ներկայացված էին միջազգային հայտնի բանկեր, ոլորտում մեծ մրցակցություն կար: - Դուք նաեւ ապրում եք Երեւանում: Ինչպիսի՞ն է այն Ձեզ համար որպես բնակավայր: Կա՞ Երեւանում մի վայր, որտեղ նախընտրում եք անցկացնել Ձեր ժամանցն ու կտրվել աշխատանքային հոգսերից:- Կարծում եմ, Երեւանը շատ լավ քաղաք է ապրելու համար, այն բավականին մեծ է, բայց ոչ այնքան մեծ, որ երկար ժամանակ ծախսես մի ծայրից մյուսը հասնելու համար, ոչ էլ ճնշելու աստիճան փոքր: Ինձ դուր է գալիս տեղի կլիման, բնությունը, կերակրատեսակները, շատ ապահով քաղաք է, ինչը շատ կարեւոր է, երբ դու այնտեղ բնակվում ես ընտանիքիդ հետ միասին:Հաճախ տանից դուրս չեմ գալիս, եթե աշխատանքի չեմ, ժամանակն անցկացնում եմ ընտանիքիս հետ, աշխատում եմ իմ տան այգում, երկու որդի ունեմ, մեկը՝ 5, մյուսը՝ 2 տարեկան, նրանք բավական շատ ժամանակ եւ ուշադրություն են պահանջում: - Պարոն Ռոտնե, դուք նաեւ դահուկորդ եք. Ծաղկաձորում եղե՞լ եք: Առհասարակ, Հայաստանը գրավիչ համարու՞մ եք որպես զբոսաշրջային երկիր:- Այո, երկու անգամ եղել եմ Ծաղկաձորում: Այն հագեցած է հանգստի համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով, սակայն վատ է, որ շատ քիչ մարդ կորող ես տեսնել դահուկներով սահելիս, ինչը նշանակում է, որ այն երիտասարդ մարզաձեւ է Հայաստանում: Ամենամեծ գրավչությունն այն է, որ Երեւանից Ծաղկաձոր կարող ես հասնել 45 րոպեում: Իսկ զբոսաշրջության առումով պետք է նշեմ, որ Հայաստանն ինձ համար հետաքրքիր է: Այն հին երկիր է, ունի խորը մշակույթ, հին հուշարձաններ, քաղաքից դուրս ամեն ինչ տարբեր է եւ շատ հետաքրքրական, բայց ես կարծում եմ, որ մինչ օրս Հայաստան գալիս են հիմնականում արկածներ փնտրող զբոսաշրջիկները: Զբոսաշրջությունն այստեղ ավելի զանգվածային դարձնելու համար բավական շատ գործ պետք է արվի, ներդրումներ կատարվեն, հյուրանոցներ կառուցվեն, ճանապարհները բարեկարգվեն, մրցակցություն ստեղծվի ավիափոխադրումների ոլորտում, ինչն էլ կիջեցնի ավիատոմսերի գները` զբոսաշրջիկների համար դարձնելով ավելի գրավիչ:Հայաստանի ամենամեծ արժեքը հայ ժողովուրդն է` ընկերասեր եւ շատ հյուրընկալ:- Հայկական խոհանոցից օգտվո՞ւմ եք: Ի՞նչ կերակրատեսակներ են Ձեզ հետաքրքրում:- Չգիտեմ, թե ինչպես պատրաստել, սակայն գիտեմ` ինչպես ուտել հայկական ուտեսները: Դրանցից երեւի խաղողի թփով տոլման առանձնացնեմ:- Ասում են, տղամարդիկ լավագույն խոհարարներն են: Դուք ինքներդ պատրաստո՞ւմ եք: Եթե այո, ապա որքա՞ն հաճախ եւ ի՞նչ ուտեստներ:- Այո: Բավական հաճախ եմ պատրաստում, թխում եմ իմ սեփական հացը, ինչը տարածված երեւույթ է Դանիայում, որտեղից ես ծննդով եմ: Երբ ապրում էի ուսանողական հանրակացարանում, բազմաթիվ ուսանողների նման թխում էի իմ հացը: Այն շատ է տարբերվում հայկական հացից, պատրաստվում է գարուց՝ հատուկ խմորիչով եւ ունի թթու համ, ասում են` առողջարար է:- Երկու որդի ունեք, ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը նրանց հետ:- Մեր տան պարտեզում ենք հիմնական ժամանակն անցկացնում, զբոսնելուց բացի այնտեղ աշխատում ենք:- Նրանք սիրո՞ւմ են Երեւանը:- Կարծում եմ, նրանք հավանում են Երեւանը, սակայն դեռ շատ փոքր են քաղաքների միջեւ եղած տարբերությունը հասկանալու համար: Երկու որդիներս էլ ծնվել են Մյունխենում, բայց այնտեղ չեն ապրել: Նրանք ունեն հայ ընկերներ, խաղում եմ հարեւան երեխաների հետ, կարծում եմ, այստեղ բավական հետաքրքրիր է նրանց համար:- Կցանկանայի՞ք ապագայում եւս Ձեր աշխատանքային ուղին շարունակել Հայաստանում:- Այո: Այստեղ հրաշալի տեղ է, կարելի է շարունակել աշխատել:- Ձեր ընկերներին ու մտերիմներին ինչպե՞ս եք ներկայացնում Հայաստանն ու հայերին:- Երկար ժամանակ ստիպված եմ լինում բացատրել` որտեղ է գտնվում Հայաստանը, հիմնական սխալն այն է, որ այն կապում են Ռուսաստանի հետ, չեն հասկանում` ինչ է եղել Սովետական Միության փլուզումից հետո եւ նախքան այդ: Հաճախ հանդես եմ գալիս որպես Հայաստանի “դեսպան”:- Դուք ի՞նչ գիտեիք հայերի եւ Հայաստանի մասին, նախքան այստեղ գալը:- Բավական շատ գիտեի Հայաստանի մասին, համալսարանում սովորում էի ռուսերեն, անցել էի “Քաղաքագիտություն” առարկան, գիտեի, որ կա Հայաստան անվամբ պետություն, հայերեն լեզու, բացի այդ, աշխատանքի բերումով ապրել էի հարեւան Վրաստանում: - Հայերեն ո՞ր բառն է հեշտ հիշվող Ձեզ համար:- Արի (ծիծաղում է – հեղ.): Ասմուս Ռոտնեի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը: Tweet Դիտում՝ 9084