Քենիայի փորձը`մտորումների առիթ հայաստանյան բանկերի համար

11.02.2013 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Անցյալ տարվանից Պրոմեթեյ Բանկը գործ ունի ոչ միայն իրական, այլեւ էլեկտրոնային փողերի հետ՝ հնարավորություն ընձեռելով Իդրամ-ի օգտատերերին վերածել իրենց էլ. փողերն իրականի: Արդյո՞ք եկել է այն ժամանակը, երբ էլ. փողերով գործարքները բանկին իրական շահույթ կապահովեն:

- Պրոմեթեյ Բանկի, Իդրամ ընկերության եւ MasterCard միջազգային վճարային համակարգի համագործակցության արդյունքում իրագործված քո-բրենդային նախագիծն իրոք աննախադեպ է Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ ներկայումս մենք չենք դիտարկում տվյալ նախագիծը որպես շահութաբերության ապահովման միջոց: Էլեկտրոնային փողերը, ըստ իրենց նշանակության, շրջանառվում եւ ծախսվում են վիրտուալ միջավայրում, իսկ բանկը սպասարկում է շրջանառության այն մասը, որը վիրտուալ տարածքից «ցանկություն է հայտնում» վերադառնալու իրական միջավայր:

Միջազգային պրակտիկայում, որպես կանոն, էլեկտրոնային փողերի կանխիկացման հնարավորությունները որոշ չափով սահմանափակ են եւ բավականին ծախսատար: Նախագծի շրջանակներում բանկի նպատակն է էլեկտրոնային փողերի շուրջօրյա եւ մատչելի հասանելիության ապահովումը: Եվ այս առումով Իդրամ-ի օգտատերերը կարող են այսուհետ վստահ լինել, որ եթե իրենց վիրտուալ հաշվում էլեկտրոնային փող կա, ապա իրենք երբեք առանց իրական միջոցների չեն մնա: Մասնավորապես, քո-բրենդային ծրագիրը քարտապաններին հնարավորություն է ընձեռում շուրջօրյա, 1-2 րոպեի ընթացքում գումարն իրենց վիրտուալ հաշվից քարտային հաշվին փոխանցել եւ օգտագործել այն քո-բրենդային քարտի միջոցով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Ընդ որում, անկանխիկ գործարքների դեպքում բանկը միջնորդավճար չի գանձում, իսկ կանխիկացման ժամանակ միջնորդավճարը կազմում է ընդամենը 0,5%:

- Վերջերս Visa-ի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ 50 տարի հետո այլեւս չեն լինի պլաստիկ քարտեր, հավելելով, որ արդեն այսօր սրընթաց աճում են մոբայլ վճարումներն ու էլ. կոմերցիան: Ի՞նչ կասեք այս առումով՝ հաշվի առնելով նաեւ Ձեր բանկի ներկայությունը մոբայլ բանկինգի բնագավառում:

- Պլաստիկ քարտերի դարաշրջանի ավարտը կանխատեսող կարծիքներ հաճախ են հնչում: Նոր տեխնոլոգիաների արագ եւ բուռն զարգացումը պարարտ միջավայր է ստեղծում նման կարծիքների գոյության համար: Իր հերթին, պլաստիկ քարտերի ոլորտը նույնպես զարգանում, ձեւափոխվում ու հարմարեցվում է միջավայրի փոփոխություններին եւ ապագայում կանխատեսվող զարգացումներին:
Մագնիսական ժապավենով քարտերին արդեն փոխարինման են եկել առավել ապահով եւ անվտանգ միկրոպրոցեսորային (չիպային) քարտերը: Իսկ զարգացած երկրներում արդեն բավականին տարածված MasterCard PayPass տեխնոլոգիան, որի հիմքում դրված է քարտի մեջ իմպլանտացված միկրոչիպը, հնարավորություն է ընձեռում գործարքներ իրականացնել՝ ուղղակի մոտեցնելով քարտը համապատասխան ընթերցող սարքին: Ըստ էության, պլաստիկ քարտի արտաքին տեսքը, ֆիզիկական ձեւն ու չափսերը կորցնում են իրենց նշանակությունը: Տվյալ միկրոչիպը հնարավոր է տեղադրել ցանկացած առարկայի մեջ՝ լինի դա ժամացույց, բջջային հեռախոս, գրիչ կամ նույնիսկ կոճակ:

Կարծում եմ` հայաստանյան բանկերի համար մտորելու առիթ պետք է հանդիսանա նաեւ ոլորտի մասնագետներին քաջ հայտնի Քենիայի փորձը: Մինչ շատ զարգացած երկրներ դեռ ջանքեր են գործադրում մոբայլ բանկինգի զարգացման ուղղությամբ, Քենիայի պես աղքատ երկրում այն վաղուց իրականություն է դարձել: M-PESA մոբայլ ծառայությունն իր հսկայական շրջանառությամբ, ըստ էության, վերածվել է «այլընտրանքային բանկային համակարգի», որից շատ ակտիվ օգտվում է այդ երկրի չափահաս բնակչության 70%-ը:

Իմ կարծիքով, մոտ ապագայում բջջային օպերատորները կձգտեն շոշափելի մասնաբաժին ձեռք բերել, նախ եւ առաջ, փոքրածավալ վճարումների սեգմենտում՝ հաշվի առնելով էլեկտրոնային փողերով գործարքների իրականացման նկատմամբ առկա գումարային սահմանափակումները: Ի դեպ, ինչպես հայտնի է, տվյալ գործընթացի հիմքերն արդեն դրվել են Հայաստանում: Բանկերն, իրենց բնույթով լինելով ավելի պահպանողական, պետք է աչալուրջ գտնվեն, ավելի մեծ ուշադրություն դարձնեն նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը, որպեսզի չկորցնեն իրենց մրցակցային առավելությունները շուկա մուտք գործող ավելի ճկուն եւ նորարար՝ «ոչ ավանդական» ֆինանսական ծառայություններ մատուցողների հետ սպասվող ապագա մրցակցությունում:

-Խոսենք բանկում ընթացող նվազող տոկոսադրույքով բիզնես վարկավորման ծրագրի մասին: Նախ, խնդրում եմ, ներկայացրեք ծրագրի շահառուներին եւ ինչպե՞ս է գործում հաճախորդների համար տոկոսադրույքների տնտեսման մեխանիզմը:

- Նվազող տոկոսադրույքով բիզնես վարկավորման ծրագրի շահառուներն են, նախեւառաջ, փոքր ու միջին ձեռնարկությունները՝ առանց ոլորտի սահմանափակման: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները նույնպես կարող են օգտվել տվյալ վարկատեսակից: Բանկի կողմից բիզնես վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով՝ մինչեւ 7 տարի մարման ժամկետով: Փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկի առավելագույն սահմանաչափն է 250 մլն դրամին համարժեք գումարը, իսկ խոշոր բիզնեսներինը՝ 1 մլրդ դրամին համարժեք գումարը: Վարկի մեկնարկային տարեկան տոկոսադրույքը 12% է: Այնուհետեւ, վարկի փաստացի տրամադրման օրվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարի վարկի տարեկան տոկոսադրույքը նվազում է 0.2%-ով՝ 7-րդ տարում կազմելով 10.8%:

- Զեղչային առաջարկների դեպքում հատկապես կարեւորվում է թափանցիկ վարկավորման գործընթացի ապահովումը: Որքանո՞վ են ապահովագրված Ձեր հաճախորդները նրանից, որ տնտեսված գումարն ի վերջո չի վերադառնա բանկին հավելյալ միջնորդավճարների տեսքով:

- Պրոմեթեյ Բանկի հետ համագործակցող բոլոր վարկառուները գիտեն, որ բացի վարկային հայտի ուսումնասիրման համար գանձվող 10 հազ. դրամ գումարով միջնորդավճարի, բանկը տարատեսակ այլ միջնորդավճարներ կամ վարկային հաշիվների սպասարկման վճարներ երբեւիցե չի գանձել: Ընդհակառակը` վարկավորման գործընթացի թափանցիկությունը տարիներ շարունակ հանդիսացել է բանկի հետ փոխշահավետ համագործակցության հիմնական գրավականներից մեկը: Մեր բանկում 12%-ը հավասար է 12%-ի, եւ միջնորդավճարների կամ զանազան այլ վճարների բացակայության շնորհիվ այն երբեք վարկառուի համար 14 կամ 16%-ի չի վերածվում:

- Արդարացվա՞ծ եք համարում բանկում ձեւավորված դեպոզիտային ակցիաների ավանդույթը: Ո՞րն է, ի վերջո, այս մարքեթինգային գործիքի հիմնական շարժիչ ուժը:

- Նախորդ տարի մենք նախաձեռնեցինք թվով 4 ավանդային ակցիաներ, որոնց արդյունքում բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը ավելի քան կրկնապատկվեց: Յուրաքանչյուր ակցիայի ընթացքում հավաքագրում ենք ավանդատուների կարծիքներն ու առաջարկությունները, որոնք մեզ օգնում են հաջորդ ակցիան առավելագույնս համապատասխանեցնել ավանդատուների պահանջներին:

Ավանդատուներից ոմանց գրավում են տոկոսադրույքները, թեեւ նույն եւ նույնիսկ ավելի բարձր տոկոսադրույքներ առաջարկվում են նաեւ մի շարք մրցակիցների կողմից: Ոմանց գրավում է խաղարկությունների արդյունքում ավիատոմսեր եւ թանկարժեք հուշանվերներ շահելու հնարավորությունը: Ավանդի գումարը մեկ արժույթից մյուսը փոխարկելու մշտական հնարավորությունը նույնպես գրավիչ է շատերի համար: Առավել տեղեկացված ավանդատուները ուշադրություն են դարձնում բանկի հուսալիության պաշարին` մեր ֆինանսական ցուցանիշներին եւ ԿԲ-ի նորմատիվների պահանջների համապատասխանությանը: Մեր օգտին է խոսում այն փաստը, որ Պրոմեթեյ Բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը՝ ավելի քան 45%, շուրջ 4 անգամ գերազանցում է ԿԲ-ի կողմից սահմանված 12% պահանջը:

-Վերջին 1,5 տարում Դուք, ըստ էության, կրկնապատկեցիք մասնաճյուղերի քանակը՝ դրանք գնվեցի՞ն, թե՞ վարձակալվեցին: Ձեր կարծիքով, այս 2 տարբերակներից ո՞րն է առավել նպատակահարմար բանկային բիզնեսում: Հետաքրքիր է նաեւ` ի՞նչ պահանջներ են ներկայացվում մասնաճյուղերին, առաջին հերթին` անվտանգության տեսանկյունից:

- Նշված ժամանակահատվածում գործարկեցինք երեք նոր մասնաճյուղեր Երեւանում եւ մեկական՝ Գյումրի եւ Աբովյան քաղաքներում: Նորաբաց մասնաճյուղերի տարածքները հիմնականում վարձակալված են, բացառությամբ բանկի գլխամասային գրասենյակի շենքի նմանությամբ կառուցված «Դավթաշեն» մասնաճյուղի: Ծրագրում ենք մոտ ապագայում եւս չորս նոր մասնաճյուղեր բացել Երեւանում եւ մարզերում:

Երկարաժամկետ կտրվածքով՝ վարձակալության գծով խոշոր վճարներից խուսափելու համար, իհարկե, նպատակահարմար է բանկի սեփականությունը հանդիսացող տարածքներում մասնաճյուղերի գործարկումը: Կարծում եմ, նման մոտեցումը հատկապես արդարացված է մարզերում, ուր անշարժ գույքի գները զգալիորեն զիջում են Երեւանում եղած առաջարկներին: Մյուս կողմից, բանկի համար նախապատվելի վայրերում իր ներկայացվածությունն ապահովելու նպատակով վարձակալումը եւս կարող է արդարացված լինել:

Ինչ վերաբերում է մասնաճյուղերին ներկայացվող պահանջներին, ապա տվյալ գործընթացը հստակ կանոնակարգված է ԿԲ-ի կողմից: Անվտանգության մասով հիմնական պահանջը վերաբերում է կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույցի՝ դրամապահոցի եւ գործառնական դրամարկղի առկայությանը:

Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ունենալ ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր: Բանկը կարող է չիրականացնել կանխիկ դրամի ինկասացում միայն այն դեպքում, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 մլն դրամը, եւ մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան:

Միեւնույն ժամանակ, բանկերը կարող են սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն ունենալ «Banker's Blanket Bond (BBB)» ապահովագրության պայմանագիր: Այն բանկային ռիսկերի համալիր ապահովագրության պայմանագիր է, որով հիմնականում ծածկվում են բանկի գործառնական ռիսկերը: Տվյալ պայմանագրով փոխհատուցման են ենթակա բանկի կրած վնասները, օրինակ, աշխատակիցների անազնվության հետեւանքով: Փոխհատուցվում են նաեւ վնասներ կեղծված թղթադրամների, չեկերի եւ արժեթղթերի գծով: Ապահովագրվում են բանկի գրասենյակները, մասնաճյուղերն ու բանկոմատները՝ իրենց պարունակությամբ, այդ թվում՝ առկա կանխիկ փողը: Ծածկույթ է տրամադրվում նաեւ համակարգչային հանցագործությունների մասով:

- Ի՞նչ եք կարծում, սրընթաց թվայնացումը, ի վերջո, չի հանգեցնի նրան, որ մասնաճյուղ ունենալն այլեւս անիմաստ կլինի բանկերի համար:

-Այսօր շատ է խոսվում նոր տեխնոլոգիաների զարգացման հետեւանքով ապագայում լիովին մասնաճյուղազուրկ բանկինգի (branchless banking) անցման հնարավորության վերաբերյալ: Չնայած էլեկտրոնային բանկինգը, անշուշտ, զգալի մասնաբաժին է կազմելու բանկերի գործառնություններում, ավելի լայն տարածում կգտնեն նաեւ ինքնասպասարկման սարքավորումները, այնուամենայնիվ, բանկային գործի առանձնահատկություններից ելնելով, կանխիկ հոսքերի սպասարկման, ինչպես նաեւ հաճախորդի հետ անմիջական շփում պահանջող բարդ կամ բազմաքայլ բանկային գործարքների մասով, կարծում եմ, որ մասնաճյուղերը դեռ շատ երկար կծառայեն:

- 2012-ին Պրոմեթեյ Բանկի զուտ շահույթն ավելացել է 35%-ով. ինչի՞ հաշվին է հիմնականում ապահովվել այս ցուցանիշը եւ ի՞նչ նշաձող եք դրել Ձեր առջեւ այս տարի:

- 2012թ. արդյունքներով բանկն ունեցավ ավելի քան 1.5 մլրդ դրամի զուտ շահույթ: Դրա մեծանալուն զուգընթաց 35%-ով աճեցին նաեւ բանկի հաճախորդների բազան եւ ընդհանուր ակտիվների մեծությունը: Չեմ կարծում, թե զուտ շահույթի, ընդհանուր ակտիվների մեծության եւ հաճախորդների բազայի աճի տեմպերի համընկնումը զուտ պատահականության արդյունք է: Համաչափ աճ ապահովվեց եւ զուտ տոկոսային եկամուտների, եւ զուտ ոչ տոկոսային եկամուտների գծով: Ընդհանուր ակտիվների մասով բարելավեցինք մեր մրցակցային դիրքերը բանկային համակարգում:

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա ձգտելու ենք ունենալ առնվազն 2.0 մլրդ դրամ զուտ շահույթ:

Կարեն Եղիազարյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 4534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW