Ծխախոտային արդյունաբերությունը, չնայած դրա հետ կապված բոլոր հակասություններին, հանդիսանում է համաշխարհային տնտեսության խոշորագույն ոլորտներից մեկը եւ բազմաթիվ երկրների տնտեսական բարեկեցության կարեւորագույն գործոնը: Եվ այս ամենը շնորհիվ այն հանգամանքի, որ աշխարհում ամեն օր ծխում են միլիարդավոր սիգարետներ: Տարբեր գնահատականների համաձայն, այդ թիվը տատանվում է 15-ից 20 մլրդ-ի սահմաններում: Հայաստանում, ըստ որոշ տվյալների, ծխախոտի ամենամյա օգտագործումը գերազանցում է 5 մլրդ-ը, ինչը նշանակում է օրական շուրջ 14 մլն սպառված սիգարետներ: Չնայած ծխելը համարվում է վնասակար սովորություն, եւ շատ երկրների կառավարությունները դրա դեմ պայքարում են ամենատարբեր մեթոդներով, ծխողների բազմամիլիոնավոր բանակը չի պատրաստվում հրաժեշտ տալ ծխախոտին՝ դրանով իսկ օժանդակելով ծխախոտային արդյունաբերությանը: Ապրելով եւ աշխատելով Հայաստանում, մենք՝ լրագրողներս, լուսաբանում ենք ոչ մեծ ծավալների հասնող բիզնեսներ եւ հեռու ենք պատկերացումից այն մասին, թե ինչ է մրցակցությունը ոչ թե ներքին, այլ համաշխարհային շուկայում: Այլ բան է այցելել ծխախոտային ապրանքատեսակներ արտադրող համաշխարհային առաջատար արտադրողների եռյակից մեկի խոշորագույն ձեռնարկություն: Այստեղ զգում ես, թե ինչ է նշանակում մրցակցել համաշխարհային շուկայում եւ մշտապես նորարարություններ կատարել դիրքերն ամրապնդելու եւ շուկայի մասնաբաժինն ավելացնելու նպատակով: 2012թ. դեկտեմբերին հայաստանյան լրագրողների խումբ, այդ թվում նաեւ Մեդիամաքսի թղթակիցը, այցելեց Սանկտ Պետերբուրգի «Պետրո» ծխախոտային գործարան: Այն հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն ծխախոտային գործարանը եւ մեծությամբ երրորդ խոշորագույն ծխախոտ արտադրող ընկերության՝ Japan Tobacco-ի (JT Group) միջազգային բիզնեսի՝ Japan Tobacco International-ի (JTI) խոշորագույն արտադրական համալիրը: JTI-ի արտադրանքը հայաստանյան շուկայում հայտնի է Camel, Winston, Sobranie եւ Monte Carlo ապրանքատեսակներով: AC Nielsen-ի տվյալներով, 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին JTI-ի մասնաբաժինը ծխախոտի հայաստանյան շուկայում գերազանցում է 12.5%-ը: JTI-ը վաճառքներով առաջատարն է ռուսաստանյան շուկայում, այդ պատճառով զարմանալի չէ, որ ընկերության խոշորագույն գործարանը տեղակայված է հենց Ռուսաստանում: Գործարանին բաժին է ընկնում Ռուսաստանում ամեն տարի արտադրվող 400 մլրդ սիգարետներից շուրջ 90 մլրդ-ը: «Պետրո»-ն JTI-ի երեք գործարաններից մեկն է, որտեղից արտադրանքը մատակարարվում է հայաստանյան շուկա: Մնացած երկու գործարանները գտնվում են ուկրաինական Կրեմենչուգ քաղաքում եւ Մոսկվայում («Լիգգետտ-Դուկատ» գործարան): ՌԴ-ի Հյուսիս-Արեւմտյան տարածաշրջանում JTI-ի Կորպորատիվ հարաբերությունների եւ հաղորդակցությունների գծով տնօրեն Ալեքսեյ Բելոգուրովը ներկայացրեց JTI-ի համաշխարհային վիճակագրությունը. ընկերությունն ունի 25 հազար աշխատակից և ներկայացուցչություններ 69 երկրներում, ընկերության ապրանքատեսակները վաճառվում են 120 երկրներում, խմբի կազմում ընդգրկված են ծխախոտային ապրանքատեսակներ արտադրող 22 գործարաններ, ծխախոտ վերամշակող 5 ձեռնարկություններ եւ հետազոտությունների ու մշակումների 6 կենտրոններ: Ռուսաստանում JTI-ն ունի 4 գործարան՝ «Պետրո» եւ «Լիգգետտ Դուկատ», որոնք արտադրում են ծխախոտային ապրանքներ, «Կրես Նեւա» եւ «JTI Ելեց» (ծխախոտային խառնուրդի բաղադրիչներ): «Պետրո»-ում արտադրվում են այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, ինչպիսիք են Winston-ը, Mild Seven-ը եւ Camel-ը, ինչպես նաեւ Salem-ը, Wings-ը, More-ը, Magna-ն, ռուսական «Русский Стиль»-ը, «Петр I»-ը, «Наша Прима»-ն եւ լեգենդար «Беломорканал»-ը: « Պետրո»-ում արտադրված սիգարետները մատակարարվում են աշխարհի 18 երկրներ եւ անմաքս (Duty Free) առեւտրի խանութներ: Հայաստանյան լրագրողները ծանոթացան արտադրությանը եւ հնարավորություն ստացան տեսնել ծխախոտի արտադրության բոլոր փուլերը՝ գործարանի կողմից տարբեր երկրներից ծխախոտի տերեւի պարկերի ստացումից մինչեւ բեռնման պատրաստ ծխախոտի բլոկերով արկղերի ստացումը: Գործարանը, որում աշխատում է շուրջ 1450 մարդ, ունի գերժամանակակից սարքավորումներ: JTI-ի համախառն ներդրումները «Պետրո»-ում 1999 թվականից ի վեր կազմել են ավելի քան $840 մլն: Օրինակ, 2008 թվականին JTI-ն այստեղ գործարկել է աշխարհում առաջին գերարագ արտադրական հոսքագիծը՝ 20 հազար գլանակ մեկ րոպեում հզորությամբ: Դրա մշակմանն ու գործարկմանն ուղղված ներդրումների ծավալը կազմել է $18 մլն: Ներկայումս «Պետրո»-ում գործում է 4 այդպիսի հոսքագիծ: Առաջին հայացքից նկատելի է, որ գործարանում աշխատանքն առավելագույնս ավտոմատացված է, եւ օպերատորների ու մեխանիկների հիմնական գործառույթը ժամանակակից մեքենաների աշխատանքը վերահսկելն է: Բացի արտադրանքի որակի խիստ պահպանումից, ձեռնարկության մրցունակության պահպանման կարեւոր գործոն է հանդիսանում նաեւ աշխատակիցների անվտանգության ապահովումն ու կադրերի հոսքի նվազեցումը: Ալեքսեյ Բելոգուրովը մեզ հպարտությամբ պատմեց, որ գործարանում դժբախտ պատահարներ գրեթե չեն գրանցվում, իսկ 2012 թվականին չի արձանագրվել ոչ մի նույնիսկ չնչին վնասվածք: Ձեռնարկությունում ներդրվել է մենեջմենթի այնպիսի համակարգ, որը ենթադրում է ղեկավարության ու անձնակազմի մշտական հետադարձ կապ: Այստեղ գործում է առաջարկների համակարգ, որի միջոցով յուրաքանչյուր աշխատակից կարող է բարձրաձայնել իր գաղափարը ձեռնարկության գործունեության ցանկացած ոլորտի բարելավման վերաբերյալ՝ աշխատանքի պահպանությունից մինչեւ դրա արդյունավետության բարձրացում: 2012 թվականին գործարանի անձնակազմի կողմից ստացվել է 4815 առաջարկ, որոնցից ավելի քան 70%-ը հաշվի են առնվել ու ներդրվել: Ստացվում է, որ 1500 աշխատակիցներից յուրաքանչյուրի կողմից արվում է տարեկան միջինը 3 առաջարկ, որոնցից 2-ը ներդրվում են, ինչը եզակի ցուցանիշ է: «Ընկերությունն ապահովում է աշխատակիցների կյանքի ու առողջության ապահովագրություն, կամավոր բժշկական ապահովագրություն, ինչպես նաեւ կորպորատիվ կենսաթոշակային ծրագիր: Արդյունավետ մենեջմենթի շնորհիվ գործարանում կադրերի կամավոր հոսքը 1%-ից ցածր է»,- արձանագրում է Ալեքսեյ Բելոգուրովը: «Պետրո»-ն ձգտում է պատասխանատու լինել այն քաղաքի ու երկրի նկատմամբ, որում գործում է: JTI-ը ֆինանսավորում է տասնյակ մշակութային ու սոցիալական ծրագրեր, այդ թվում՝ Պետական Էրմիտաժը եւ Մարինյան թատրոնը: Ալեքսեյ Բելոգուրովը հայտնեց նաեւ, որ գործարանը բազմիցս հռչակվել է Սանկտ Պետերբուրգի լավագույն հարկատուներից մեկը: Պարզվում է, «հակասական» արտադրանք թողարկող ձեռնարկության կորպորատիվ քաղաքականությունը հեռու է հակասություններից: «Պետրո» գործարանի օրինակն ընդգծում է, որ ծխախոտային բիզնեսը հաճախ շատ ավելի պատասխանատու եւ բարեխիղճ է գտնվում, եւ կարող է օրինակ ծառայել տնտեսության այլ ճյուղերի համար: Ռուբեն Հարությունյան Tweet Դիտում՝ 23770