TeleTRADE-ը սովորեցնում է հայ թրեյդերներին կառավարել ռիսկերն ու զգացմունքները

06.06.2012 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այս տարվա սկզբին Հայաստանի ֆինանսական շուկա մուտք գործեց նոր խաղացող` TeleTRADE միջազգային բրոքերային ընկերությունը, որը համաշխարհային ֆինանսական շուկաներում (միջազգային Forex արժութային եւ ամերիկյան Stock արժեթղթերի շուկաներում) սպասարկման եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում: Իր գործունեության մեջ ընկերությունը հիմնական շեշտը դնում է ուսուցման` միջազգային ֆինանսական շուկաներում աշխատելու համար մասնագետների պատրաստման վրա: TeleTRADE-ը մասնաճյուղերի լայն ցանց ունի աշխարհի 20 երկրներում, Հայաստանում ընկերությունը ներկայացնում է «Թի-Էլ-Թի-Էյ» ՍՊԸ-ն:

«Թի-Էլ-Թի-Էյ» ընկերության տնօրեն Վահե Շահինյանը Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի հետ հարցազրույցում պատմել է հայկական շուկայում TeleTRADE-ի ծրագրերի մասին:

-Պրն Շահինյան, ինչո՞վ էր պայմանավորված TeleTRADE -ի մուտքը հայկական շուկա:

- Վերջին ժամանակներս ինտերնետ-առեւտրի բնագավառում մեծ ակտիվություն է նկատվում, այդ թվում նաեւ բորսային առեւտրի ոլորտում: Համաշխարհային ֆինանսական համակարգի գլոբալիզացիան ֆինանսական շուկաներում աշխատելու մեծ հնարավորություններ է ընձեռում, եւ շատերը, ունենալով ինտերնետ հասանելիություն, կարող են հետեւել այդ շուկաների դինամիկային եւ մասնակցել առեւտրային գործընթացներին: Աշխարհում կան շատ բրոքերային ընկերություններ, որոնք առաջարկում են ֆինանսական շուկաներում աշխատելու համար անհրաժեշտ գործիքների մեծ փաթեթ, ինչը հնարավորություն է տալիս փոքր ներդրումներով գումար վաստակել: Հայաստանում այս ոլորտի թույլ զարգացվածությունը հնարավորություն է ընձեռում դրսում գործող բրոքերային ընկերություններին ներթափանցել տեղական շուկա, ինչը եւ տեղի ունեցավ նաեւ TeleTRADE-ի դեպքում:

TeleTRADE-ի զարգացման դինամիկան շատ բարձր է: Միայն վերջին ամիսներին, բացի Հայաստանից, ընկերությունը մուտք է գործել Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի շուկաներ, ինչպես նաեւ ընդլայնել է իր գործունեությունը Լեհաստանի շուկայում՝ մուտք գործելով մի քանի նոր քաղաքներ: Բացի այդ, ինչպես եւ նախկինում, բարձր են Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների շուկաների յուրացման տեմպերը: Իր գործունեությունը սկսելով 1994 թվականին՝ այսօր TeleTRADE-ը աշխատում է 20 երկրներում`իր տրամադրության տակ ունենալով ավելի քան 150 մասնաճյուղ 135 քաղաքներում:

-Ինչ՞ խնդիրներ է լուծում Ձեր կողմից ղեկավարվող ընկերությունը:


- Մեր ընկերության հիմնադիրները համաշխարհային ֆինանսական շուկաներում աշխատելու մեծ փորձ ունեն, եւ մեր առաքելությունն է փոխանցել սեփական փորձը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել գումար վաստակել ֆինանսական շուկաներում: Դրա հետ մեկտեղ մենք ակտիվորեն կիրառում ենք TeleTRADE ընկերության թրեյդերների վերապատրաստման ծրագրերը, որոնք արդեն փորձված են երկար տարիների ընթացքում:

Դասավանդման ընթացքում հիմնական շեշտը դրվում է հոգեբանական կողմերի վրա` շուկաներում աշխատելու ընթացքում զգացմունքները կառավարելու եւ կարգապահ լինելու ունակությունների ձեւավորմանը, սերմանելով ձգտում կատարելագործել սեփական առեւտրային ռազմավարությունները եւ աստիճանաբար փորձ կուտակել վստահ եւ եկամտաբեր աշխատանքի համար:

Այսօր տեխնիկական եւ ֆունդամենտալ վերլուծությունների մասով գոյություն ունի բավականին մեծ քանակի մասնագիտական գրականություն, սակայն մեր աշխատանքում գերակշռող նշանակություն է հատկացվում թրեյդինգի հոգեբանությանը, որը հնարավոր է ուսուցանել ապագա թրեյդերի հետ դասախոսի անհատական շփման շնորհիվ:

Մեր խնդիրն է նաեւ ապահովել ինտերնետ-թրեյդինգի հանրամատչելիությունը, այն վաղուց արդեն դարձել է եկամտի լուրջ աղբյուր տարբեր երկրներում գործող հազարավոր թրեյդերների համար: Հայաստանի բնակիչները եւս արժանի են դրան:

-Ու՞մ համար են հիմնականում նախատեսված Ձեր դասընթացները` սկսնա՞կ , թե՞ արդեն գործող թրեյդերների: Նախատեսու՞մ եք արդյոք ընդլայնել Ձեր լսարանը բանկերի աշխատակիցներով:


- Մեր դասընթացները բոլոր այն մարդկանց համար են, ովքեր ցանկանում են սովորել, ամեն ինչ կախված է ուսուցման մակարդակից, որը պայմանավորված է յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ անհատական մոտեցմամբ: Մեր դասընթացներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող եւ «զրոյից» սովորել թրեյդինգը` անկախ կրթությունից, տարիքից եւ աշխատանքային փորձից:

Ողջ աշխարհում բանկերը ֆինանսական առեւտրի ոլորտում կիրթ մասնագետների կարիք ունեն, նույնը տեղի է ունենում նաեւ Հայաստանում: Սակայն այդ մասնագետների պատրաստմամբ մեզ մոտ զբաղվում են սահմանափակ թվով մարդիկ:

Հայկական բանկերը առեւտուր են անում նույն ֆինանսական գործիքներով, որոնցով աշխատել ենք սովորեցնում նաեւ մենք, այնպես որ բանկերի գործող աշխատակիցները եւս մտնում մեր պոտենցիալ ունկնդիրների շարքի մեջ:

Շատ բանկեր սխալմամբ շփոթում են հաճախորդների բրոքերային սպասարկումը թրեյդինգի հետ: Թրեյդինգն իրենից ներկայացնում է առեւտուր ֆինանսական շուկաներում եւ ենթադրում է ոչ թե հաճախորդների կողմից որոշակի ֆինանսական գործիքների գնման կամ վաճառքի հայտերի իրականացում, այլ տվյալ ակտիվների գների շարժի կանխատեսում կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակահատվածում: Հենց այս կանխատեսումների հիման վրա էլ կայացվում են համապատասխան որոշումներ այդ ակտիվների գնման կամ վաճառքի վերաբերյալ, ինչն արվում է բանկի արժութային դիրքի, հաճախորդների ակտիվների կառավարման, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների տրամադրման նպատակով:

Մի շարք բանկեր, մուտք գործելով ֆինանսական շուկաներ, սխալ են հասկանում դիլինգային բաժինների խնդիրները եւ պահանջում են նրանցից այսրոպեական եկամուտ, ինչը հանգեցնում է անցանկալի եւ տխուր արդյունքների: Եվ դա այն դեպքում, երբ դիլինգը հանդիսանում է քրտնաջան եւ երկարաժամկետ գործունեության տեսակ, որը ենթադրում է դիվերսիֆիկացիա եւ ռիսկերի բաժանում թրեյդերների եւ վերլուծաբանների միջեւ:

- Որքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի սովորել սկսնակ թրեյդերին, որպեսզի նա սկսի ինքնուրույն առեւտուր անել ֆինանսական շուկայում: Բացի կուտակած գիտելիքներից, ի՞նչ կպահանջվի նրանից:


- Որպեսզի սկսնակ թրեյդերը սկսի գումար վաստակել արժութային շուկայում, նրան բավարար է ընկերությունում 3 շաբաթ տեւողությամբ դասընթաց անցնել: Սակայն դա չի նշանակում, որ 3 շաբաթ անց նա կդառնա փորձառու թրեյդեր: Մենք օգնում ենք նրան հետագայում եւս զարգացնել իր գիտելիքները` խորացված դասընթացների, մեր մասնագետների անհատական խորհրդատվությունների հաշվին: Մենք մշտական աջակցություն ենք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին, ինչը հպարտանալու առիթ է տալիս մեզ: Տվյալ ոլորտում աշխատող մասնագետը գտնվում է անընդհատ կատարելագործման ուղու վրա: Մեր խնդիրն է հուշել նրան` ուր գնալ, ինչի վրա ուշադրություն դարձնել առեւտրի ընթացքում: Այս ճանապարհին թրեյդերից պահանջվում է համբերություն եւ համառություն:

- Թրեյդերի աշխատանքը ենթադրում է մեծ ռիսկեր, ուստի հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ տեղ են հատկացնում Ձեր ուսումնական ծրագրերում ռիսկի գնահատման հարցերին:


- Բիզնեսի ցանկացած ոլորտ իր մեջ ներառում է որոշակի ռիսկեր, եւ թրեյդինգն էլ իր ռիսկերն ունի: Ռիսկերի գնահատումն ու զգացմունքների կառավարման ունակությունը, որոնք հատուկ են հաջողակ գործարարին, մեր ուսումնական ծրագրերի հիմնական մասն են կազմում: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր թրեյդեր կարող է հմտորեն կառավարել սեփական ռիսկերը եւ նվազագույնի հասցնել դրանք, այդ թվում նաեւ մեր մասնագետների օգնությամբ:

- Ո՞վ է վարում ուսուցումը, եւ կա՞ն արդյոք գործող թրեյդերներ ձեր դասախոսների շրջանում: Ինչպե՞ս է լուծվում մասնագիտական գրականության հարցը:

- Մեր դասախոսներն ու ասիստենտներն ունեն դասավանդման երկարամյա փորձ եւ միջազգային բորսային հարթակներում աշխատելու գործնական գիտելիքներ: Անձամբ ես թրեյդինգով եմ զբաղվում 1999 թվականից:

Մասնագիտական գրականություն առաջարկում է TeleTRADE-ը` ունենալով աշխատանքի մեծ փորձ եւ արհեստավարժ մասնագետների թիմ: Հատկապես շատ հայտնի եւ բավականին օգտակար է TeleTRADE ընկերության առաջատար վերլուծաբան Պյոտր Պուշկարյովի «Հնազանդ լինելու արվեստը» («Искусство быть смирным») գիրքը:

- Ֆինանսական շուկաներում առեւտուրը հաճախ համեմատում են մոլի խաղի հետ: Որքանո՞վ է կոռեկտ նման համեմատությունը, եւ գոյություն ունի ՞ այս ոլորտում եւս «ժամանակին կանգ առնելու» անհրաժեշտություն:

- Կրթված թրեյդերը երբեք չի նայում առեւտրին որպես խաղի, նրա համար դա աշխատանք է: Մեր ուսուցման ողջ իմաստը նրանում է, որպեսզի առեւտրային գործարքներում իրագործվեն մի շարք պահանջներ` կատարել շուկայի վերլուծություն, հաշվարկել գործարքը, ճիշտ դասավորել գործիքները եւ սպասել արդյունքներին:

Շատ թրեյդերներ եւ դիտորդներ, ոչ միշտ հետեւելով ֆինանսական վերլուծության (ֆունդամենտալ եւ տեխնիկական) կանոններին, ինչպես նաեւ առեւտրի հոգեբանությանը, համեմատում են գործունեության այս ոլորտը մոլի խաղի հետ: Իրականում բորսային առեւտուրը հիմնվում է ֆունդամենտալ եւ ստուգված մեթոդների վրա, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն մոլի խաղերի հետ:

Բորսային առեւտուրը լուրջ գիտություն է, այն պահանջում է քրտնաջան աշխատանք եւ խստագույն կարգապահություն, ինչի դեպքում միայն կարելի է վստահորեն շարժվել առաջ եւ եկամտաբեր աշխատանքի ակնկալիք ունենալ:

Վահե Շահինյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 18640
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW