Armsoft . «Ամենակարեւորը մեր անձնակազմն է եւ նրա պատրաստվածությունը»

21.05.2012 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Հայկական Ծրագրեր» (Armsoft) ընկերության Բանկային համակարգերի բաժնի ղեկավար Գագիկ Սարգսյանի հարցազրույցը  Մեդիամաքս  գործակալությանը եւ Banks.am  պորտալին

- Բանկային ավտոմատացման համակարգերի մշակումն ու ներդրումն ենթադրում է ժամանակատար գործընթաց, մինչդեռ  բանկերի պահանջները համակարգերի նկատմամբ մշտապես փոփոխվում են: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում բավարարել շուկայի արագ փոփոխվող պահանջները:

-  «Հայկական Ծրագրեր» ընկերությունը ներկայացված է ձեռնարկությունների ավտոմատացման շուկայում 1987 թվականից, իսկ առաջին բանկային համակարգը սկսել է աշխատել 1992 թվականին: Այս տարիների ընթացքում ընկերությունը մեծ փորձ է կուտակել ավտոմատացված համակարգերի մշակման, ներդրման եւ սպասարկման ասպարեզում:

Բացի մեր 25 տարվա փորձից, մեզ համար շատ կարեւոր են նաեւ ոլորտի միջազգային փորձը եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները: Համակարգի մշակման հիմնական սկզբունքների որոշման ընթացքում դիտարկվել են արտասահմանյան համակարգերի մոտեցումները եւ լուծումները, վերլուծվել է բիզնես-պրոցեսների ավտոմատացման հետ կապված ժամանակակից գրականությունը եւ տեխնոլոգիաները:

Մեր ընկերության ՀԾ-Բանկ 4.0 համակարգը կառուցված է բիզնես-պրոցեսների ղեկավարման հատուկ տեխնոլոգիական միջուկի հիման վրա: Այն իրենից ներկայացնում է ծրագրային պլատֆորմ, որի միջոցով հնարավոր է նախագծել եւ արդյունավետ իրականացնել կազմակերպության բիզնես-պրոցեսները եւ փաստաթղթաշրջանառությունը:

Ժամանակակից առաջատար բանկային ավտոմատացման համակարգերը կառուցված են այդ սկզբունքով: Բիզնես-պրոցեսների ղեկավարման միջուկի միջոցով հնարավոր է դառնում գործող համակարգում նկարագրել նոր գործընթացներ եւ փոփոխել եղածները: Այդ մոտեցումը թույլ է տալիս արագ արձագանքել փոփոխվող արտաքին գործոններին եւ արդյունավետ ադապտացվել նոր պահանջներին: Առանց բիզնես-պրոցեսներին կողմնորոշված միջուկի կառուցված համակարգերը դժվար են զարգանում եւ շուտ են հնանում: Նշեմ նաեւ, որ հետխորհրդային տարածքում շատ քիչ կազմակերպություններ են կարողացել հաղթահարել նման տեխնոլոգիայի մշակման դժվարությունը:

- Ֆինանսավարկային կազմակերպությունների ո՞ր մասն է սպասարկում  ձեր ընկերությունը:


- Այսօր մենք աշխատում ենք 22 բանկերից 13-ի եւ գրեթե բոլոր` թվով 29 վարկային կազմակերպությունների հետ: Անցած տարվա վերջին սկսեցինք մեր համագործակցությունը նաեւ մեկ ներդրումային կազմակերպության հետ: Հուսով եմ, որ շուտով ներդրումային կազմակերպությունների թիվը նույնպես կավելանա մեր պատվիրատուների ցանկում:

Կցանկանայի նշել նաեւ մեր հաշվապահական համակարգերի պատվիրատուներին, քանի որ թե մեծ եւ թե փոքր ու միջին կազմակերպությունների համար նախատեսված համակարգերը Ինտերնետ-Բանկ համակարգի միջոցով ինտեգրված են մեր բանկային լուծման հետ: Այսպիսով, շուրջ 3000 իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներ կարող են տեղեկատվություն ստանալ եւ գործարքներ կատարել անմիջականորեն իրենց համակարգից մեր պատվիրատու բանկերի հետ:

- Նշեցիք, որ բազմաթիվ պատվիրատուներ ունեք. որքանո՞վ է հաջողվում դրանց լինել   «ինքնատիպ» ձեր կողմից առաջարկվող նույնատիպ համակարգի կիրառման  պարագայում :


- Մեր պատվիրատուները էապես տարբերվում են միմյանցից: Նրանք ունեն իրարից տարբեր բիզնես-պրոցեսներ եւ գործընթացներ: Այս համատեքստում շատ կարեւոր է այն փաստը, որ համակարգի միջուկը` որպես ծրագրային պլատֆորմ, թույլ է տալիս պատվիրատու բանկերին ինքնուրույն կատարել սեփական ծրագրային մշակումներ, որոնք լիովին ինտեգրված կլինեն գործող համակարգի հետ: Այս հնարավորության շնորհիվ նրանք մեծ ազատության աստիճան են ստանում յուրահատուկ գործընթացներն ինքնուրույն ավտոմատացնելու եւ տարբեր այլ համակարգերի հետ ինտեգրման աշխատանքները արդյունավետ իրականացնելու ասպարեզում:

Համակարգը բիզնես-պրոցեսներին կողմնորոշվածության շնորհիվ իրականացնում է ամեն մի պատվիրատուի յուրահատուկ գործընթացը: Մեր պատվիրատուները կարող են ինչպես նմանատիպ, այնպես էլ շատ տարբեր պրոդուկտներ մշակել եւ բացարձակ տարբերվող սպասարկում իրականացնել: Պատկերավոր ասած, եթե տարբեր մարդկանց միեւնույն ներկերը եւ վրձինները տրվեն, ապա նրանք լիովին տարբեր նկարներ կնկարեն:

- Այսօր բանկերը ակտիվ ընդլայնում են մասնաճյուղային ցանցը, ավելանում է ընդհանուր գործարքների քանակը, բնակչությունն ավելի ակտիվ է օգտվում բանկային ծառայություններից: Ինչպե՞ս է ազդում ծավալների համընդհանուր աճը համակարգի վրա:

- Ծավալների կտրուկ աճը սկսվել էր դեռեւս 2003 թվականին, երբ մեր պատվիրատու բանկերն առաջին անգամ Հայաստանում անցնում էին միասնական տվյալների պահոցով օնլայն աշխատանքի: Այդ բանկերի տվյալների ծավալը գլխամասերում տասնապատիկ անգամ ավելացավ: Այն մի քանի անգամ գերազանցում էր ավելի լայն մասնաճյուղային ցանց ունեցող, բայց մասնաճյուղերի հետ օնլայն չաշխատող բանկերի տվյալներին: Մեզ հետ համագործակցող բանկերն արդեն տարիներ շարունակ աշխատում են կենտրոնացված ամբողջական տվյալներով օնլայն ռեժիմում: Մինչդեռ կան բանկեր, որոնք դեռ չեն ավարտել իրենց մասնաճյուղային ցանցի օնլայնացումը, կամ դրա տակ հասկանում են միայն տվյալների ռեպլիկացիան`տվյալների պատճենումը գլխամասում առանց գործարքներ կատարելու հնարավորության:

Այսօր համակարգի հզորությունը թույլ է տալիս վարել միլիոնավոր հաշիվներ եւ պայմանագրեր: Եթե մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի բոլոր բանկերը միավորվում են, եւ բոլոր հաշիվները, վարկերը, ավանդները, քարտերը, վճարումները միավորվում են մեկ պահոցի մեջ, ապա ՀԾ-Բանկ 4.0 համակարգը լիարժեք կապահովի այդ վիրտուալ բանկի օնլայն աշխատանքը:

- Իսկ ի՞նչ  լուծումներ եք առաջարկում բանկերին հաճախորդների հետ օնլայն կապը ապահովելու համար:

- Մեր ընկերության կողմից առաջարկվող ինտերնետ-բանկ համակարգը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների եւ պլատֆորմի վրա: Կիրառված են ոլորտում ընդունված ժամանակակից համակարգային և ապարատային անվտանգության միջոցներ: Լուծումները նախատեսված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Ինչպես արդեն նշել եմ, հնարավոր է նաեւ անմիջապես հաշվապահական համակարգերից բանկի հետ աշխատանքը: Համակարգը թույլ է տալիս ոչ միայն աշխատել հաշիվների եւ վճարումների հետ, այն ապահովում է նաեւ պայմանագրերի հետ գործողությունների կատարումը:

Ինչ վերաբերում է մեր մոբայլ-բանկինգ պրոդուկտին, ապա դրա միջոցով հաճախորդները կարող են ոչ միայն  դիտել հաշիվների քաղվածքները եւ պայմանագրերի վիճակը, այլեւ ստորագրել փաստաթղթեր, կատարել վճարումներ, պայմանագրերի հետ գործողություններ:

- Իսկ  ինչպե՞ս եք ապահովում  ձեր կողմից առաջարկվող լուծումների ինտեգրացիան այլ համակարգերի հետ:


- Մեր բանկային եւ հաշվապահական համակարգերում կան պատրաստված հատուկ միջոցներ, որոնք թույլ են տալիս կազմակերպել լիարժեք ինտեգրացիա բազմաբնույթ այլ համակարգերի հետ: Բիզնես-պրոցեսի շղթայի մի մասը կարող է իրականացվել մեկ համակարգի շրջանակներում, իսկ մյուս մասը՝ երկրորդում:

Բերեմ նման օրինակ, որը  կիրառված է հենց մեր ընկերությունում: Այսպես, հաճախորդների սպասարկման գործընթացների ավտոմատացման համար մեր ընկերությունում ներդրել ենք Microsoft CRM (Customer Relationship Management) համակարգը: Այն ինտեգրել ենք հեռախոսային կենտրոնի, էլեկտրոնային նամակների եւ այլ պլատֆորմի հիման վրա ստեղծված ներքին փաստաթղթաշրջանառության համակարգերի հետ: Ֆինանսական գործընթացների մասով CRM-ն ինտեգրել ենք նաեւ մեր հաշվապահական համակարգի հետ: Այս ամենին ավելանում է նաեւ մեր ծրագրային մշակումների արտադրական պրոցեսների համար կիրառվող հատուկ համակարգի հետ ինտեգրացիան:

- Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում ծրագրային համակարգերի մշակման գործընթացներում :


- Այնպիսի մեծ համակարգերի մշակումը, ինչպիսիք են բանկային համակարգերը եւ,  մասնավորապես, ՀԾ-Բանկ 4.0 համակարգը, անհնար է պատկերացնել առանց ժամանակակից  տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառման: Նման նախագծերում ներգրավված են բազմաթիվ բաժիններ, արտադրությունը կազմակերպվում է հատուկ փուլերով, որոնց մասնակցում են վերլուծաբաններ, ճարտարապետներ, պատվիրատուների ներկայացուցիչներ, ծրագրավորողներ, թեսթավորողներ: Ընկերությունը բազմաթիվ ծրագրային գործիքներ եւ միջոցներ է կիրառում արտադրանքի բարձր որակը ապահովելու համար: Նախագծի ընդհանուր վարման համար կիրառվում է Microsoft Solutions Framework համակարգը` հիմնված CMMI Process Improvement պրոցեսի վրա: CMMI-ով հավաստագրումը համանման է ISO հավաստագրմանը, եւ այն լայն տարածում ունի IT-կազմակերպություններում, քանի որ նախատեսված է այդ ոլորտի համար:

- Բայց չէ՞ որ այս ամենը գրագետ աշխատացնելու կարիք ունի. ովքե՞ր են  կյանքի կոչում ընկերության  նախագծերը:

- Իհարկե, ամենակարեւորը մեր անձնակազմն է եւ նրա պատրաստվածությունը: Այսօր մեր կազմակերպությունում աշխատում են շուրջ 110 բարձրակարգ մասնագետներ: Յուրաքանչյուրն ունի իր մասնագիտական վերապատրաստման պլանը: Մեր աշխատակիցները ստացել են IT-ոլորտի միջազգային որակավորման ավելի քան 350 հավաստագրեր:

Ընկերությունն արժանացել է եւ արդեն տարիներ շարունակ պահպանում է Microsoft Certified Gold Partner կարգավիճակը: Սպասարկման բաժինների աշխատակիցները ստացել են ԿԲ-ի գլխավոր հաշվապահի եւ աուդիտորի, ֆինանսների նախարարության, հաշվապահների միջազգային ասոցիացիայի ACCA հավաստագրեր: Թեեւ մենք շուկայում հանդես չենք գալիս որպես խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն, սակայն մեր շատ պատվիրատուներ խորհրդակցում են եւ վստահում են մեր մասնագետներին ավտոմատացման եւ հաշվառման հարցերում:

- Արդյոք ծախսատար չէ՞  ներդնել ծրագրային մշակումների ժամանակակից մեթոդներ եւ գործընթացներ, կատարել կազմակերպության ու աշխատակիցների հավաստագրում եւ վերապատրաստումներ:

- Իհարկե, այդ ամբողջը մեծ ջանքեր, ժամանակ եւ ներդրումներ է պահանջում: Սակայն այդ գործընթացները միտված են մեր համակարգերի եւ սպասարկման որակի բարձրացմանը, որոնք հանդիսանում են մեր ընկերության հիմնական, ավելի շուտ, միակ ուղղվածությունը:

Իսկ բանկերի դեպքում ավտոմատացված համակարգի մշակումը մասնագիտական ուղղվածություն չէ: Ոչ պրոֆիլային շրջանակներում լուրջ համակարգի մշակումն ուղեկցվում է բարձր ռիսկերով եւ ծախսատարությամբ: Բուն մշակման, նոր տեխնոլոգիաների եւ գործընթացների յուրացման, ներդրման եւ տարածման բեռը այդ դեպքում ընկնում է մեկ կազմակերպության ուսերին:  Մեր դեպքում այդ ծախսերը բաշխվում են մեր բոլոր  պատվիրատուների` եւ բանկային, եւ հաշվապահական համակարգի օգտագործողների քանակի վրա, որն այսօր կազմում է շուրջ 3000:

Գագիկ Սարգսյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 6118
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW