Management Mix խորհրդատվական եւ ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին: - Management Mix-ը կառավարման խորհրդատվության եւ վերապատրաստման ծառայություններ է մատուցում մի շարք երկրներում, ուստի հետաքրքիր կլիներ լսել Ձեր կարծիքը համեմատության մեջ՝ որո՞նք են հայ մենեջերի հավաքական կերպարի առավելությունները եւ թույլ կողմերը: Որքանո՞վ է այստեղ տեղին խոսել հոգեկերտվածքի առանձնահատկությունների մասին:- Հայաստանում մենեջերների արժեքներն ու մշակույթն ես կբաժանեի չորս կատեգորիաների: Առաջինն այն խումբն է, որն ունի հետխորհրդային մտածողություն: Նրանք ունեն ինչ-որ բան կորցնելու համախտանիշ, այդ պատճառով անում են ամեն ինչ իշխանությունն իրենց ձեռքերում պահելու համար: Կարգապահությունը, ուժային խաղերը, սպառնալիքներն ու վախեցնելն այն գործիքներն են , որոնք օգտագործվում են նրանց կողմից: Նրանք նախընտրում են հեռու մնալ ժամանակակից մեթոդներից «չգիտակցված վախի» պատճառով: Նրանցից որոշներն աշխատանքի են վերցնում մարդկային ռեսուրսների, որակի, մարքեթինգի գծով մասնագետների, որոնց ներկայությունը կարճաժամկետ է, քանի որ վերջիններս օգտագործում են այդ կազմակերպությունն որպես սկզբնակետ եւ լքում են դրանք առաջին իսկ լավ հնարավորության դեպքում:Երկրորդը մենեջերների ավանդական կատեգորիան է, նրանք ավելի հետաքրքրված են կարճաժամկետ շահույթով: Աշխատում են խուսափել ռազմավարության, մարքեթինգի եւ տաղանդների վրա ծախսերից: Նրանց հիմնական նպատակն արագ եւ կարճաժամկետ հաղթանակի հասնելն է:Երրորդ կատեգորիան ներկայացնում են ժամանակակից մենեջերներ, որոնք, կարեւորություն տալով հաճախորդի բավարարվածությանը, կիրառում են կառավարման մեջ որոշ ժամանակակից մեթոդներ:Եվ, վերջապես, չորրորդ կատեգորիան` հետժամանակակից կամ հեռանկարային մենեջերներ: Նրանք ունեն ռազմավարական մտածողություն, հեռատես են եւ հետաքրքրված են բավարարելու ընկերության բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում` հաճախորդներին, բաժնետերերին, գործընկերներին եւ հասարակությանը: Այդպիսի մենեջերներ Հայաստանում կան, ցավոք, նրանց թիվը շատ փոքր է:- Հայաստանում Ձեր ընկերությունը հիմնականում աշխատում է խոշոր բիզնեսների, այդ թվում` բանկերի եւ ֆինանսական այլ միավորների հետ: Ո՞ր պրոդուկտներն են առավել պահանջված ֆինանսական դաշտում գործող ընկերությունների կողմից: - Մենք աշխատում ենք խոշոր բանկերի եւ կազմակերպությունների հետ, նաեւ միջին կազմակերպությունների, որոնք հետաքրքրված են մեր փորձով, որը մենք կիրառում են ենք Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, իսկ 1999-ից սկսած` նաեւ Հայաստանում:Հիմնականը, ինչ պահանջվում է Հայաստանում, մարքեթինգի լավագույն փորձն է իր լայն իմաստով, ոչ թե միայն գովազդային, ինչպես ընդունված է Հայաստանում: Բանկերը պահանջում են մեթոդաբանություն նոր ապրանքների եւ ծառայությունների համար, նոր իրացման քաղաքականություն, նոր գնային սխեմաներ եւ իսկապես նոր եւ ոչ թե ավանդական առաջխաղացման մեթոդներ:- Որքան հայտնի է, Management Mix-ն ավելացրել է իր ծառայությունների փաթեթը: Կներկայացնե՞ք դրանցից մի քանիսը:- Վերջերս մշակեցինք ուղեցույց, որի հեղինակային իրավունքները պաշտպանված են Ֆրանսիայում, ուր ներառված են կառավարման բոլոր ասպեկտները` ներառյալ ռազմավարությունը: Այս համատեքստում ռազմավարություն ենք մշակել որոշ բանկերի եւ ընկերությունների համար, այլոց համար` գործընթացների կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ, մարքեթինգ, վաճառք եւ այլն:Ներդրել ենք նաեւ նոր փորձ, որն անվանում ենք “Turn-Key” ծրագրեր, որի շրջանակներում ներգրավում ենք նոր ներդրողների, որոնք գալիս են Հայաստան իրենց տեխնոլոգիաներով եւ ռեսուրսներով: Այս առումով մենք արդեն իսկ ներգրավել ենք որոշ ինստիտուցիոնալ ներդրողների եւ արդեն հաջողել ենք որոշ ներդրումներ իրականացնել Հայաստանում:Այսօր մենք նախագծում եւ մշակում ենք մակրո ծրագրեր, որոնք շատ շուտով արդեն իրականություն կդառնան: Դրանց գործնական փուլ հասնելուն պես կտեղեկացնենք մեր հասարակությանը: - Ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնք լուրջ մտածելու տեղիք են տալիս հավանական ներդրողին գալ Հայաստան: - Հիմնական խոչընդոտը ներդրումներ գրավելու համար շուկաների սակավությունն է, ինչպես նաեւ նյութերի ներկրման տրանսպորտային ծախսերը, արդյունաբերողների համար մաքսային պայմանները:Բանկերի համար հիմնական ճնշումը կապիտալի արժեքն է, քանի որ Հայաստանի բանկային համակարգում ավանդները սահմանափակ են` ավելի քիչ, քան 2.5 միլիարդ դոլար: Բոլոր բանկերի շահույթը չի գերազանցում 100 միլիոն դոլարը:Բայց եւ այնպես, Հայաստանն ունի նաեւ առավելություններ, ինչպիսիք են հողի գինը, առկա արդյունաբերական մշակույթը, որոշ ոլորտներում ինտենսիվ մրցակցության բացակայությունը:Ասեմ, որ մեզ հաջողվեց ներգրավել որոշ ներդրողների բանկային, անշարժ գույքի եւ արդյունաբերության մեջ` հատկապես ագրոարդյունաբերության եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում:- Անցյալ տարի Հայաստանում հիմնվեց Համահայկական բանկը: Խնդրում եմ ներկայացրեք, ի՞նչ հույսեր եք կապում այս կառույցի հետ, տեղյա՞կ եք արդյոք՝ ի՞նչ սպասելիքներ ունեն այս բանկից արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները:- Համահայկական բանկի գաղափարը հզոր է, քանի որ այն կապիտալ կներգրավի դրսից եւ կներդնի Հայաստանում: Շատ կարեւոր է, որ ավանդները երաշխավորվում են կառավարության կողմից, քանի որ կառավարությունն է բանկի բաժնետերը:- Պարոն Սեմերջյան, հաճա՞խ եք լինում Հայաստանում, եւ պայմանավորվա՞ծ են արդյոք Ձեր այցելությունները միայն աշխատանքով: - Ես ապրել եմ Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում: Այժմ ընտանիքս Լիբանանում է: Գալիս եմ Հայաստան 1990 թ-ից , ունեմ տներ Երեւանում եւ Էջմիածնում, շատ ընկերներ ունեմ այստեղ եւ հաճույք եմ ստանում միջավայրից: Ընտանիքիս համար ավանդույթ է դարձել գալ Երեւան ամեն տարի` հատկապես ամռանը: Րաֆֆի Սեմերջյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 16698