«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC Business Support Center) խորհրդատվական-ուսուցողական ընկերության բաժնետեր-տնօրեն Սամվել Գեւորգյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն եւ Banks.am պորտալին:- Ձեր ընկերության ծառայությունների ցանկում ավելացել է բիզնեսի եւ բաժնետոմսերի արժեքի գնահատումը: Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ Հայաստանում արդեն ձեւավորվում է բիզնեսը «հասկանալի» արժեքով գնելու եւ վաճառելու մշակույթը, թե՞ պարզապես մտադիր եք Ձեր լուման ներդնել այդ մշակույթի կայացման գործում:- Նոր ծառայությունների շարունակական մշակումը BSC-ի ռազմավարության մի մասն է: Միեւնույն ժամանակ, կարեւոր է ընտրել ճիշտ ժամանակն այդ ծառայությունը շուկային ներկայացնելու համար: Այս առումով բիզնեսի գնահատման ծառայության առաջարկը, անշուշտ, զուգորդվում է Հայաստանի բիզնես միջավայրում տեղի ունեցող զարգացումների հետ: Բավականին ակտիվացել են բիզնեսն ամբողջությամբ կամ մասնակի վաճառելու առաջարկները: Պատճառները բազմաթիվ են. օրինակ, ժամանակին ընկերներով բիզնես են հիմնել, իսկ որոշ ժամանակ անց փայատերերից մեկն որոշել է դուրս գալ ընկերությունից, կամ` սփյուռքահայ գործարարը վաճառում է իր բիզնեսը: Որոշ դեպքերում էլ բիզնեսի բաժնեմասը ծառայում է որպես գրավ կամ երաշխիք այս կամ այն ֆինանսական գործարքը կատարելու համար: Այսինքն, բիզնեսի գնահատման շուկան դանդաղ, սակայն հաստատուն քայլերով աճում է: Մյուս կողմից, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, եւ մեր ընկերությունը փորձում է իր ներդրումն ունենալ այս գործընթացում՝ ձեւավորելով բիզնեսի կանոններից բխող տրամաբանական մոտեցում:- Որո՞նք են այն բաղադրիչները, որոնց հիման վրա կատարվում է բիզնեսի արժեքի գնահատումը: Ինչպե՞ս չսխալվել այն դեպքում, երբ գործ ունես այնպիսի բիզնեսի հետ, որի վերջնական պրոդուկտը ստեղծվում է մտավոր աշխատանքի արդյունքում: - Ընկերության գնահատումն իրականացվում է քայլ առ քայլ` հիմնվելով թե քանակական, թե որակական ցուցանիշների վրա: Առաջին հերթին վերլուծվում են ընկերության ֆինանսական հաշվետվությունները՝ ներառյալ ընթացիկ հաշվեկշիռը, նախորդ տարիների շրջանառությունը, զուտ շահույթը/վնասը եւ այլ ֆինանսական ցուցանիշներ: Այնուհետեւ մշակվում են առաջիկա 1-3 տարիների ֆինանսական կանխատեսումները: Մենք խուսափում ենք կանխատեսումներ անել ավելի երկարաժամկետ կտրվածքով` հաշվի առնելով իրատեսության ցածր աստիճանը:Հաշվի են առնվում նաեւ այն արտաքին եւ ներքին գործոնները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընկերության իրական արժեքի վրա, մասնավորապես` ընկերության բաժնետերերի ներգրավվածությունը կառավարմանը, տվյալ ոլորտի զարգացման միտումները, մրցակցային գործոնները եւ այլն: Ինչ վերաբերում է «մտավոր բիզնեսի» գնահատմանը, ապա կարող եմ ավելացնել, որ գնահատման արժեքի վրա ազդեցություն են գործում ոչ միայն ձեռնարկության հիմնական միջոցները, որոնցով մտավոր բիզնեսը հասկանալի պատճառներով այնքան էլ հարուստ չէ, այլեւ ոչ նյութական գործոններ: Օրինակ` ընկերության ապրանքանիշը: Եթե գործ ունենք ճանաչված ապրանքանիշի հետ, ապա այն, բնականաբար, ապահովում է ավելի մեծ ծավալների ֆինանսական մուտքեր: Դիտարկենք այս նույն հարցը մեկ այլ տեսանկյունից. ինչո՞ւ են հայտնի գրողի գրքերը կամ ճանաչված համակարգչային ընկերության ծրագրերն ավելի շատ վաճառվում, քան մյուսներինը: Պատասխանն ակնհայտ է. երկու դեպքում էլ գործ ունենք բրենդ հանդիսացող անունների հետ, որոնց շնորհիվ ավելանում են վաճառքները, հետեւաբար՝ նաեւ շահույթը: Ստացվում է, որ գնահատելով թե նախորդ տարիների, եւ թե սպասվելիք վաճառքների ծավալները եւ շահույթները՝ հաշվի է առնվում նաեւ ապրանքանիշի գործոնը: Ի դեպ, մեր կողմից մշակված մոտեցումները դիվերսիֆիկացված են թե ոլորտային, թե ձեռնարկությունների չափերի առումով: Դրանք ներառում են ինչպես շատ փոքր բիզնեսներ (վարսավիրանոցներ, ընտանեկան բիզնեսներ եւ այլն), այնպես էլ միջին ձեռնարկություններ: Իսկ ոլորտային առումով շեշտադրված են արտադրությունը, գյուղատնտեսությունը, սպասարկման եւ առեւտրի բնագավառները:- Հայաստանում բիզնեսի հաջողակ լինելու հեռանկարը շատ դեպքերում կախված է սեփականատիրոջ/համասեփականատիրոջ կապերից եւ, հետեւաբար, այդ կապերը բիզնեսին ծառայեցնելու հնարավորությունից: Համաձայնեք` այս պարագայում բիզնեսը դառնում է «անգին» :- Այո, սակայն միայն կարճաժամկետ ապագայում: Հայաստանում օրինակները շատ են, երբ բիզնեսը ամբողջովին կախված է մեկ մարդու կապերից: Տարբեր պատճառներով այդ կապերը կարող են խարխլվել, նվազեցվել դրանց կարեւորությունը: Այսպիսի բիզնեսն ավելի ռիսկային է, քանի որ կախված է մեկ անձից: Այս դեպքում մենք այդ գործոնին տալիս ենք համապատասխան գործակից, որը եւ կիրառվում է ընկերության արժեքի վրա: - Կարելի է ենթադրել, որ բիզնես վաճառելու ցանկությունը շատ հաճախ կարող է այցելել այն մարդկանց, որոնց սպասումները չեն արդարանում, այլ կերպ ասած, երբ անհրաժեշտություն է առաջանում վաճառել խնդրահարույց բիզնես: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել: - Այսօր բիզնեսի գնահատման ծառայություններով մեծ մասամբ հետաքրքրվում են Ձեր կողմից նշված խնդրահարույց իրավիճակներում հայտնված բաժնետերերը: Իհարկե, այս դեպքերում վաճառողը ցանկանում է բաժանվել իր բաժնեմասից առավելագույն, իսկ գնորդը՝ ձեռք բերել նվազագույն գնով: Ահա այստեղ է, որ արտաքին պրոֆեսիոնալ մասնագետի միջամտության անհրաժեշտություն է առաջանում, ում անկախ գնահատման արդյունքում կողմերը կարող են հասնել համաձայնության:- Որքանո՞վ եք կարեւորում բիզնեսի գնահատման ծառայությունների զարգացման հեռանկարը` դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսքի աշխուժացման առումով: - Մինչ օրս օտարերկրյա ներդրումները հիմնականում իրականացվում են նոր ձեռնարկություն հիմնելու միջոցով: Եզակի դեպքերում է արտասահմանյան ներդրողը ցանկություն հայտնում ձեռք բերել արդեն գործող ձեռնարկության բաժնեմասերը: Ես համոզված եմ, որ բարձր որակի բիզնեսի գնահատման ծառայությունների առկայության դեպքում հետաքրքրությունն այս առումով կավելանա եւ, ի վերջո, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Սամվել Գեւորգյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 10098