ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Banks.am պորտալին- Այսօր ամբողջ աշխարհը խոսում է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման մասին, սակայն մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի առնչվում այս ամենի հետ: Խնդրում ենք մի փոքր բացել փակագծերը:- Դուք իրավացի եք. փողերի լվացումը կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը անդրազգային կազմակերպված հանցագործություն է, որի էությունը հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների օրինականացումն է: Փողերի լվացման հասկացությունն առաջին անգամ սահմանվել է «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Վիեննայի կոնվենցիայով, քանի որ ի սկզբանե փողերի լվացումը կապված է եղել թմրաբիզնեսից ստացվող եկամուտների օրինականացման հետ: «Փողերի լվացում» տերմինը շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում: Ըստ որոշ աղբյուրների` 1920-ական թ.-ին ԱՄՆ-ում հանցագործներն իրենց ստացած եկամուտների ծագման աղբյուրը թաքցնելու համար դրանք ներդնում էին կանխիկի մեծ շրջանառություն ունեցող բիզնեսի մեջ, օրինակ` լվացքատները եւ ավտոլվացման կետերը: Այնուհետեւ հանցագործները հանցավոր ճանապարհով ստացված կանխիկ գումարները խառնում էին այս գործունեությունից օրինական ճանապարհով ստացված կանխիկ գումարների հետ` դրանք ներկայացնելով որպես ստացված շահույթ:Ահաբեկչության ֆինանսավորումը, իր հերթին, ենթադրում է ահաբեկչության կազմակերպմանը կամ իրականացմանը, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպություններին կամ անհատ ահաբեկիչներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցելը` միջոցների հավաքագրման կամ տրամադրման եղանակով: Ահաբեկչության ֆինանսավորման համար կարող են օգտագործվել եւ՛ հանցավոր ճանապարհով ստացված, եւ՛ օրինական միջոցներ, ինչը համադրելի չէ փողերի լվացման հետ, քանի որ վերջինս կարող է իրականացվել միայն հանցագործության արդյունք հանդիսացող գույքի օգտագործմամբ:- Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում են ողջ աշխարհում. ինչպիսի՞ն են մեխանիզմները:- Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ( խմբ. ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի ստեղծման եւ գործունեության նպատակով երկրների կողմից իրականացվում են որոշակի միջոցառումներ, որոնց հետեւում է արդեն ստեղծված համակարգի անընդհատ զարգացումը:Համակարգի ստեղծման առաջին քայլը ՓԼ/ԱՖ քրեականացումն է: Նման պահանջ երկրներին առաջադրվում են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտին առնչվող բոլոր միջազգային պայմանագրերով. այդպիսիք են «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Վիեննայի, «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» Ստրասբուրգի, «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Նյու Յորքի, «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» Պալերմոյի, «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Վարշավայի կոնվենցիաները: ՓԼ/ԱՖ քրեականացմանն անդրադարձ է կատարվում նաեւ Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (ՖԱՆՏ) 40+9 հանձնարարականներով: ՓԼ/ԱՖ քրեականացումից հետո մյուս քայլը ոլորտային օրենսդրության ներդրումն է: Այն նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՓԼ/ԱՖ տեսանկյունից առավել խոցելի գործունեություն իրականացնող հաստատությունների կողմից, որոնք էլ հանդիսանում են ՓԼ/ԱՖ կանխարգելման գործառույթներ իրականացնող մարմիններ: Վերջիններս դասակարգվում են որպես ֆինանսական՝ բանկեր, վարկային կազմակերպություններ եւ այլն եւ ոչ ֆինանսական՝ ռիելտորներ, թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների դիլերներ եւ այլն, կան նաեւ այլ բնույթի գործունեություն իրականացնող հաստատություններ (օրինակ` իրավաբանական անձանց գրանցող պետական իրավասու մարմին), որոնք կարող են որոշակի կանխարգելիչ գործառույթներ իրականացնել այս ոլորտում: Կանխարգելիչ միջոցառումներից են հաճախորդների ուսումնասիրությունը` առաջնորդվելով ռիսկերի վրա հիմնված մոտեցմամբ, կասկածելի գործարքների հայտնաբերումը, անհրաժեշտության դեպքում դրանց կասեցումը, գործարքի կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դրա դադարեցումը, ահաբեկչության հետ կապված միջոցների սառեցումը եւ այլն: ՓԼ/ԱՖ գծով կանխարգելիչ գործունեությունը չի սահմանափակվում վերը նշվածով: Այդ հաստատությունները որոշակի սահմանաչափերը գերազանցող, ինչպես նաեւ բացահայտված կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ազգային մարմին հանդիսացող ֆինանսական հետախուզության մարմնին (խմբ. ՖՀՄ), որն էլ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի կարեւորագույն դերակատարներից մեկն է:- Ինչո՞վ է զբաղվում ֆինանսական հետախուզության մարմինը, ո՞րն է դրա դերը ՓԼ/ԱՖ դեմ պայքարում:- Այս մարմինը կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ եւ ՓԼ/ԱՖ գործունեության կասկածների վերաբերյալ այլ տեղեկություններ ստացող, իսկ եթե դա թույլատրված է, ապա նաեւ պահանջող, վերլուծող եւ տրամադրող ազգային կենտրոն է:Այն ստեղծելու անհրաժեշտությունը սահմանված է մի շարք միջազգային պայմանագրերով: Նման պահանջ առաջին անգամ ամրագրվել է Պալերմոյի, այնուհետեւ Վարշավայի կոնվենցիայում: ՖՀՄ-ի ստեղծման անհրաժեշտության մասին նշվում է նաեւ ՖԱՆՏ-ի 40+9 հանձնարարականներում: ՖԱՆՏ-ի 26-րդ հանձնարարականը, տալով ՖՀՄ սահմանումը, ամրագրում է, որ երկրները պետք է ստեղծեն ՖՀՄ, որը հանդես կգա որպես վերը նշված գործառույթներն իրականացնող ազգային մարմին: Այն կարող է ստեղծվել որպես անկախ գերատեսչություն կամ գործել որեւէ մարմնի կազմում: Չնայած պետությունները հիմնադրել են ՖՀՄ-եր միասնական նպատակի՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համար, տարբեր երկրներում ստեղծված ՖՀՄ-երը, այնուամենայնիվ, զգալիորեն տարբերվում են միմյանցից: - Ֆինանսական հետախուզության մարմիններ գործում են տարբեր երկրներում. ինչպե՞ս են դրանք տարբերակվում: Ինչպիսի՞ն է մեր երկրի ՖՀՄ-ն:- ՖՀՄ-ի գործառույթներն իրականացնող կազմավորումների տարբերությունները կարելի է ներկայացնել, 4 հիմնական խմբերով՝ վարչական, իրավապահ, դատական-դատախազական տիպի ՖՀՄ-եր եւ այս երեքի հիբրիդային տեսակը: Իրավապահ տիպի ՖՀՄ-եր գործում են, օրինակ, Ավստրիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, դատական-դատախազական տիպի ՖՀՄ-եր` Կիպրոսում, Լյուքսեմբուրգում, հիբրիդային տիպի ՖՀՄ-եր` Դանիայում, Նորվեգիայում: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր երկրում, ինչպես եւ Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Չեխիայում, Նիդեռլանդներում եւ մի շարք այլ երկրներում, գործում է վարչական տիպի ՖՀՄ: Դրանք սովորաբար հանդիսանում են որեւէ ոչ իրավապահ կամ ոչ դատական-դատախազական կազմավորման ստորաբաժանում կամ գործում են այդպիսի ստորաբաժանման վերահսկողության ներքո: Վարչական տիպի ՖՀՄ-երը հիմնականում գործում են ֆինանսների նախարարության կամ կենտրոնական բանկի կազմում, որոշներն էլ ստեղծվում են որպես առանձին ՖՀՄ` անկախ որեւէ մարմնից՝ օրինակ Բելգիայիում: Վարչական տիպի ՖՀՄ-ի բնութագրիչներից է հաշվետվություն տրամադրող անձանց եւ իրավապահ մարմինների միջեւ միջնորդի դերի իրականացումը:Հայաստանի ՖՀՄ-ն` Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (խմբ.` ՖԴԿ), ստեղծվել է 2005 թ.-ին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի առաջին օրենքի ընդունումից հետո, որպես Կենտրոնական բանկի առանձին կառուցվածքային ստորաբաժանում: Այն, ինչպես նշվեց, վարչական տիպի ՖՀՄ է: ՖԴԿ-ի նպատակն է ներդնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միասնական համակարգ եւ նպաստել ու հետեւել այդ համակարգի հետեւողական աշխատանքին:ՖԴԿ ունի հետեւյալ կառուցվածքը՝ իրավական ապահովման, վերլուծությունների, միջազգային հարաբերությունների եւ տեղեկատվական համակարգերի մշակման եւ զարգացման բաժիններ: ՖԴԿ-ն կենտրոնական դեր է խաղում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի իրականացման համակարգում:- Ե՞րբ է հիմնադրվել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը Հայաստանում:- Հայաստանում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գործունեությունը մեկնարկել է փողերի լվացման քրեականացմամբ 2003 թ.-ին, իսկ ահաբեկչության ֆինանսավորումը քրեականացվել է 2004 թ.-ին: ՓԼ/ԱՖ քրեականացումից հետո Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա ներդրվել է բանկերի կողմից կասկածելի գործարքների վերաբերյալ Կենտրոնական բանկին տեղեկացնելու ինստիտուտը: ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին առաջին օրենքը ՀՀ-ում ընդունվել է 2004 թ.-ին եւ ուժի մեջ մտել 2005 թ.-ին: Այնուհետեւ ընդունվել են օրենքի դրույթների կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր: Նշեմ, սակայն, որ անընդհատ զարգացող համակարգն ունի թերությունների ու բացերի լրացման անհրաժեշտություն, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվում նաեւ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության մեջ: Նման զարգացման արդյունք էր 2008 թ.-ին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին երկրորդ օրենքի ընդունումը, իսկ 2009 թվականին միջազգային պատկան կառույցների կողմից Հայաստանի ՓԼ/ԱՖ համակարգի գնահատումից հետո կառավարություն ներկայացված ՝ 17 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերըԽոսելով Հայաստանում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի մասին` անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ «Հայաստանի Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովին, որը ստեղծվել է ՀՀ Նախագահի 21.03.02թ. թիվ ՆԿ-1075 կարգադրությամբ: Այն գործում է Կենտրոնական բանկի նախագահի նախագահությամբ եւ ՖԴԿ-ի ղեկավարի քարտուղարությամբ: Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ Նախագահի օգնականը, գլխավոր դատախազի տեղակալը, մի շարք նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ` Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավարը, «Հայաստանի բանկերի միություն» իրավաբանական անձանց միության ու վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահները: Հանձնաժողովի նպատակն է ներկայացնել պետական միասնական քաղաքականության իրականացման ուղղությամբ անհրաժեշտ առաջարկություններ, մշակել միջոցառումների համալիր ծրագիր, անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու մշակումը, ուսումնասիրել եւ վերլուծել առկա հիմնախնդիրները, ՀՀ Նախագահի հանձնարարականի շրջանակում համագործակցել ՀՀ պետական, տարածքային կառավարման, օտարերկրյա պետական մարմինների եւ այլ կազմակերպությունների հետ: ՀՀ-ում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի զարգացումը մեծապես պայմանավորված է նաեւ միջազգային նախաձեռնություններին ակտիվ մասնակցությամբ:- Ակնհայտ է, որ համակարգը անցել է որոշակի ուղի: Ներկայացրեք Ձեր ղեկավարած կառույցի արձանագրած հաջողությունները: Ինչպիսի՞ ռիսկեր եք տեսնում, եւ ինչպիսի՞ն է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի հայկական տեսլականը: - ՖԴԿ գործունեության արդյունքները ամփոփվում են տարեկան հաշվետվությամբ: Եվ հավատացեք, համակարգի ստեղծումից ի վեր արձանագրված առաջընթացը էական է:Ընդհանրապես ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում առկա ռիսկերը բնութագրվում են մի քանի հանգամանքներով՝ տնտեսական եւ ժողովրդագրական միջավայր, նախորդող հանցագործություններ, իրավական, ինստիտուցիոնալ, ֆինանսական, ոչ ֆինանսական եւ ոչ առեւտրային համակարգեր: Թվում է, թե նշված համակարգերից ամենառիսկայինը հայկական իրականության մեջ դա ֆինանսական համակարգն է` հաշվի առնելով այդ համակարգի միջոցով ֆինանսական ակտիվների շրջանառության ծավալները, ֆինանսական գործարքների տեսականին եւ անդրազգային գործառնությունների կատարման հնարավորությունները: Չնայած ֆինանսական համակարգում հնարավոր ռիսկերի առկայությանը, վերջինս ՓԼ/ԱՖ տեսանկյունից ամենակարգավորվածն ու ամենավերահսկելին է, քանի որ հենց այս ոլորտում են առավել ամբողջական գործի դրվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի բոլոր իրավական գործիքները: Ինչ վերաբերում է մյուս համակարգերին, ապա դրանցից ամենացածր ռիսկը պարունակում է ժողովրդագրական միջավայրը. մեր երկրի բնակչությունն ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական պատկանելության տեսանկյունից խիստ միատարր է: Ըստ այդմ, այստեղ խիստ ցածր է գնահատվում նաեւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը: Դե իսկ ամենաբարձր ռիսկայնությունը տնտեսական համակարգում է, քանի որ առկա են կանխիկի վրա հիմնված գործառնությունների տարածվածությունը ու ստվերային տնտեսությունը:Այս ամենը հաշվի առնելով` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսլականը կարելի է ձեւակերպել այսպես. ՓԼ/ԱՖ կանխարգելման ու քրեական հետապնդման կարողությունների զարգացում, ՓԼ/ԱՖ հանցագործությունների պատժելիության ապահովում, հասարակական անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորում: Պետք է նշել, որ ՓԼ/ԱՖ դեմ պայքարում ռազմավարական խնդիրները ուղղված են այս հարցերում պետական համաձայնեցված քաղաքականության իրականացմանը, միջազգային ստանդարտներին համապատասխանող իրավական համակարգի ձեւավորմանը, ՖԴԿ-ի, օպերատիվ-հետախուզական եւ քրեական հետապնդման, ինչպես նաեւ վերահսկող մարմինների ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կարողությունների զարգացմանը եւ բարելավմանը, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորմանը, հաշվետվություն տրամադրող անձանց մոտ ՓԼ/ԱՖ կանխարգելման կարողությունների զարգացմանը, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներպետական եւ միջազգային համագործակցության ամրապնդմանը:- Ինչպե՞ս է Հայաստանը համագործակցում միջազգային կառույցների հետ ՓԼ/ԱՖ դեմ պայքարում: - Հայաստանը վավերացրել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի մաս կազմող միջազգային բոլոր պայմանագրերը: Կան մի շարք միջազգային կառույցներ, որոնք ներգրավված են ՓԼ/ԱՖ ոլորտում միջազգային ստանդարտների մշակման եւ երկրների կողմից դրանց ներդրման գործում: ՓԼ/ԱՖ դեմ պայքարը կազմում է վերջիններիս գործունեության հիմնական ուղղությունը (օրինակ` ՖԱՆՏ, Էգմոնտ խումբ, Եվրասիական խումբ) կամ գործունեության ուղղություններից մեկը (օրինակ` Համաշխարհային բանկ, ԱՄՀ): ՓԼ/ԱՖ դեմ պայքարող կազմակերպություններն ապահովում են միջազգային ստանդարտների մշակումը, ՓԼ/ԱՖ դեմ պայքարում երկրների համագործակցության կառուցակարգերի ստեղծումն ու ամրապնդումը: ՀՀ-ն, ի դեմս ՖԴԿ-ի, ներգրավված է վերը նշված միջազգային կառույցների աշխատանքներում:Մեր երկիրը Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ է, եւ դիտորդի կարգավիճակ ունի Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի եվրասիական խմբում: Սրանք ՖԱՆՏ-ի տիպի տարածաշրջանային կառույցներ են, որոնց նպատակն է անդամ երկրներում ապահովել ՖԱՆՏ-ի 40+9 հանձնարարականների ներդրումը: Իր հերթին, ՖԱՆՏ-ը միջազգային միջկառավարական մարմին է, որը մշակում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականությունը: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի շրջանակում ՖԴԿ-ն ակտիվորեն ներգրավված է կատարվող աշխատանքներում. միջազգային կառույցների կողմից մի շարք երկրների (Ուկրաինա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Կիպրոս, Սան Մարինո, Ղազախստան) ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գնահատումներին ՀՀ-ից ներգրավվել են փորձագետներ, իսկ ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբում եւ Վարշավայի կոնվենցիայով ստեղծված համաժողովում ՖԴԿ-ի ներկայացուցիչները ընտրվել են բյուրոյի կազմում:ՖԴԿ-ն 2007թ-ից ֆինանսական հետախուզության մարմինների համաշխարհային Էգմոնտ խմբի անդամ է: Խմբի նպատակն է ապահովել տարբեր երկրների ՖՀՄ-երի` ՓԼ/ԱՖ դեմ պայքարում աջակցության տրամադրումը: Էգմոնտ խմբին անդամակցությունը հնարավորություն է տալիս համագործակցել շուրջ 130 երկրների ՖՀՄ-երի հետ, այդ թվում անվտանգ համակարգով փոխանակել տեղեկատվություն, մասնակցել խմբի կառավարմանը, լիագումար եւ աշխատանքային խմբերի նիստերին: Իր անդամակցության օրվանից Կենտրոնական բանկի ՖԴԿ-ն ակտիվորեն ներգրավված է Էգմոնտ խմբի աշխատանքներին, մասնավորապես Գործառնական եւ Ընդլայնման հարցերով աշխատանքային խմբերի շրջանակում: ՖԴԿ-ի ղեկավարի տեղակալը հանդիսանում է Գործառնական հարցերով աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ: Որպես ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի անդամ ՖԴԿ-ն Իրանի, Թուրքմենստանի եւ Տաջիկստանի ՖՀՄ-երի համահովանավորն է՝ Էգմոնտ խմբին անդամակցելու համար, ինչի շրջանակում անհրաժեշտ օժանդակություն է տրամադրում այս երկրների ՖՀՄ-երին օրենսդրության մշակման եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ կատարված աշխատանքների մասին զեկույցներ է ներկայացնում Էգմոնտ խմբի նիստերին:- Անցյալ տարի Երեւանում գումարվեց Էգմոնտ խմբի լիագումար նիստը. ի՞նչ որոշումներ կայացվեցին, ինչո՞վ կարեւորվեց նիստը: - Դեռեւս 2008թ. մայիսին Սեուլում Էգմոնտ խմբի լիագումար նիստին ՖԴԿ-ի պատվիրակությունը հանդես է եկել Էգմոնտ խմբի 2011 թ.-ին լիագումար նիստը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությամբ, ինչը արժանացել է խմբի ղեկավարության հավանությանը:Հայաստանում լիագումար նիստին մասնակցել են մոտ 100 երկրի ՖՀՄ-երի եւ մի շարք միջազգային կառույցների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՖԱԹՖ եւ այլն) շուրջ 300 ներկայացուցիչներ: Նիստը համանախագահել են Էգմոնտ խմբի նախագահը եւ Հայաստանի ՖՀՄ-ի ղեկավարը:Էգմոնտ խմբի լիիրավ անդամ դարձան Սամոայի, Սողոմոնյան կղզիների, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մալիի, Մարոկկոյի եւ Ադրբեջանի ՖՀՄ-ները: Ստորագրվեցին համագործակցության վերաբերյալ 55 փոխըմբռնման հուշագրեր: ՖԴԿ-ն ստորագրված փոխըմբռնման հուշագրեր ունի թվով 22 հետեւյալ երկրների ՖՀՄ-երի հետ. Ավստրալիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուս, Բերմուդա, Թայլանդի Թագավորություն, Թայվան, Իրան, Լեհաստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Կանադա, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սան Մարինո, Սաուդյան Արաբիայի Թագավորություն, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուկրաինա:Էգմոնտ խումբը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին: Լիագումար նիստի շրջանակում անցկացվեցին դասընթացներ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին եւ այն ազդեցությանը, որ կոռուպցիան կարող է ունենալ նոր ՖՀՄ-եր հիմնադրելու եւ ՖՀՄ-ի լիազորություններն արդյունավետորեն իրականացնելու վրա: Շարունակվեցին նաեւ ՖՀՄ-երի եւ իրավապահ մարմինների համագործակցության վերաբերյալ քննարկումները, որոնք նպատակ ունեն բարելավել անդամ ՖՀՄ-երի գործառնական արդյունավետությունը: Էգմոնտ խումբը ԵԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպեց ՖՀՄ-երի ընդլայնման եւ զարգացման հարցերով համաժողով՝ Էգմոնտ խմբի անդամ չհանդիսացող կամ նոր անդամակցող երկրների համար: Tweet Դիտում՝ 10610